Հայերեն   English   Русский  

29 տարի անց. Այսօր Սպիտակի ավերիչ երկրաշարժի տարելիցն է


  
դիտումներ: 768

‎1988 թ. դեկտեմբերի 7-‎ին Հայաստանում տեղի ունեցավ ավելի քան 9 բալ հզորությամբ ավերիչ երկրաշարժ։ Այն ընդգրկեց Հանրապետության տարածքի 1/3 մասը՝ մեկ միլիոն ‎‎130 հազար բնակչությամբ։ Րոպեների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Լենինականը, Սպիտակը, Կիրովականը, Ստեփանավանը, հարյուրից ավելի ավաններ ու գյուղեր։ Ավերվեց հանրապետության ամբողջ բնակֆոնդի մոտ 17%-‎ը։ Երկրաշարժի գոտում շարքից դուրս եկան ջերմամատակարարման, էներգամատակարարման բոլոր համակարգերը, կապի, տրանսպորտի և կենցաղսպասարկման ծառայությունները։ Ավերվեց ավելի քան 170 արդյունաբերական ձեռնարկություն։ Ծանր վնաս կրեց գյուղատնտեսությունը, քանդվեցին ‎անասնապահական շինությունները, ոչնչացավ անասունների մեծ մասը։ Շարքից դուրս եկավ գյուղատնտեսական մթերքներ վերամշակող 80 ձեռնարկություն; Տարերային աղետը հանրապետության ժողովրդական տնտեսությանը հասցրեց ավելի քան 13 մլրդ ռուբլու վնաս։ Պաշտոնական նվազեցված ‎տվյալներով զոհվեց ավելի քան 25 հազար մարդ, բայց իրականում այն անցնում էր 35 հազարից։ Անօթևան դարձավ 530 հազարը։

‎ Աղետի լուրը Հայաստանի վրա բևեռեց համայն մարդկության ‎ուշադրությունը։ Դեկտեմբերի 8-ին երևան ժամանեց ԽՍՀՄ ‎Նախարարների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովը, իսկ երկու օրանց ‎աղետի գոտի եկավ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ Մ.Գորբաչովը։

‎ Երկրաշարժից անմիջապես հետո տարբեր երկրներից հումանիտար օգնության բեռներով Հայաստան էին գալիս օդանավեր, գնացքներ,ավտոմեքենաների շարասյուններ։ Համակողմանի‎ օգնությանը մասնակցում էին աշխարհի 113 երկրներ, բազմաթիվ միջազգային կազմակերպություններ։ Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Ղաղախստանից և ԽՍՀՄ մյուս հանրապետություններից Հայաստան ժամանեցին հազարավոր փրկարարներ, բժիշկներ, շինարարներ և այլ մասնագետներ։ Նրանք աղետից տուժածներին օգնելու համար բերում էին սննդամթերք, բժշկական սարքավորումներ, դեղորայք, վրաններ, շինարարական տեխնիկա և այլն։ 1989 թ. սկզբում աղետի գոտում աշխատում էին այլ հանրապետություններից ժամանած ավելի քան 4‎‎0 հազարմասնագետներ, զինծառայողներ։Որոշվել էր ավերվածը վերականգնել երկու տարում։ Աղետի գոտուց շուրջ 170 հազար մարդ տեղավորվեց Կովկասի առողջարաններում ու հանգստյան տներում։ Հազարավոր խեղված երեխաներ բուժման նպատակով տեղափոխվեցին Խորհրդային Միության և արտասահմանի բուժարաններ։

‎ Ողջ աշխարհն անշահախնդիր օգնություն էր ցույց տալիս ծանր կացության մեջ հայտնված հայ ժողովրդին։ 1990 թ. հունվարի 1-‎ի դրությամբ Հայաստանի օգնության հիմնադրամ էր փոխանցվել արտասահմանյան երկրներում հանգանակված շուրջ 35 մլն դոլար։ Շատ պետություններ ու կազմակերպություններ աղետի գոտում ձեռնարկեցին կառուցել բնակելի թաղամասեր, հիվանդանոցներ, դպրոցներ։ 1989‎‎ թ, իտալացիները Սպիտակում կառուցեցին բնակելի թաղամաս՝ «Իտալական գյուղը», Գյումրիում թաղամաս կառուցեցին ավստրիացիները։ Նորվեգացիների կողմից Սպիտակում կառուցված ժամանակակից հիվանդանոցը կրում է մեծ մարդասեր, հայ ժողովրդի բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի անունը։ Գյումրիում անգլիացիների հիմնադրած դպրոցի հանդիսավոր բացմանը ‎ներկա էր Անգլիայի վարչապետ Մարգարետ Թետչերը։

‎ Հայ ժողովուրդը երբեք չի մոռանա աղետի գոտի օգնության շտապող հարավսլավացի 7 օդաչուներին, որոնք Երևանի մատույցներում զոհվեցին օդային աղետից, ինչպես նաև Գյումրիի մոտակայքում ավիավթարից զոհված խորհրդային զինծառայողներին։ Հայ ժողովուրդը երախտագիտությամբ ընդունեց աշխարհի մարդասիրական օգնությունը։

‎ Մայր Հայրենիքին լայն աջակցության ձեոք մեկնեց սփյուռքահայությունը։ Այդ ծանր օրերին ‎նա համախմբվեց և ստեղծեց «ՍՕՍ Արմենիա», ‎‎«Ազնավուրը Հայաստանին» և տասնյակ այլ կազմակերպություններ, որոնք նյութական ու բարոյական մեծ օգնություն էին ցույց տալիս հայրենաբնակ իրենց եղբայրներին ու քույրերին; Բազմաթիվ սփյուռքահայեր շտապեցին իրենց հետ մայր հայրենիք բերել դեղորայք, հագուստ, ‎վրաններ, սննդամթերք և այլն; Նրանցից շատերը մնացին Հայաստանում և անմիջական մասնակցություն ունեցան փրկարարական ու վերականգնողական աշխատանքներին։ Նրանց թվում էր նաև Շարլ Ազնավուրը, որը հետագայում նույնպես մեծ եռանդով շարունակեց իր ազգանվեր գործունեությունը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: