Հայերեն   English   Русский  

Սերժ Սարգսյանը մի մեծ սխալ է արել, որը շարունակվում է. Վովա Վարդանով


  
դիտումներ: 3704

Հայկական կողմը ադրբեջանական կողմի սպառնալիքներին պետք է պատասխանի ոչ միայն պաշտպանական մարտերով, այլև հակահարվածով:

Այս տեսակետը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը:

Նա մեծ նշանակություն չի տալիս այն փաստին, թե երկրներից որ մեկն է ավելի հին: Փաստ է՝ ներկա պահին հայկական պատմական հողերի վրա նստած են Հարավ-Կովկասի թուրքերը, և դրանք բոլորն էլ մի օր պետք է ազատագրվեն. «Մենք մեծ աշխատանք պետք է տանենք: Բայց մենք ունենք մի սխալ պահվածք. Բռնցքամարտի նման մտել ենք անկյուն, պաշտպանվում ենք, ու թույլ ենք տալիս, որ կողքից անընդհատ հարվածեն: Սարսափելի սխալ է՝ թողնել, որ հակառակորդն ինքը որոշի՝ երբ խփի, երբ չխփի՝ ասելով՝ էլ չեմ խփի, թող իրանք սովից մեռնեն: Ո՛չ, մենք պետք է նախահարձակ լինենք, պետք է մեր բանակը դաստիարակենք հայկական հողերն ազատագրելու վրա, սկզբից՝ հյուսիսում, հետո՝ հարավում: Այդ տիպի բանակ ունենալու դեպքում ոչ ոք ռիսկ չի անի մեզ վրա հարձակվել»:

Հետախույզը նկատեց, որ հայկական կողմը հարևանի հետ հարաբերություններում կարծրատիպային պատկերացմամբ է առաջնորդվում.« Մենք «շաբլոն» ունենք, որ թուրքերը վախենում են անտառներից, որ թուրքերը ձմռանը չեն պատերազմում: Բայց թուրքերն անընդհատ զարգանում են»:

Ըստ նրա՝ Ալիևի հայտարարությունը բազմաթիվ երանգներ կարող է ունենալ ու նրա հայտարարությունը մեզ չպետք է շատ հուզի.«Մեզ համար կարևոր է մեր սահմանների անձեռնմխելիությունը, դրա համար չպետք է այնպիսի դիրքում գտնվենք, որ մերձկասպյան թուրքը որոշի` երբ ու որտեղ է ակտիվանում»:

Նրա խոսքով՝ հայկական կողմը չպետք է նախաձեռնությունը թողնի թուրքերին. «Սերժ Սարգսյանը մի մեծ սխալ է արել, երբ ասել է, թե գնդակը հակառակորդի դաշտում է, թող հիմա նա մտածի: Այդ սխալը այսօր շարունակում են Հայաստանի դիվանագետները: Պատերազմի մեջ ենք, մենք մենամարտում ենք Ադրբեջանի հետ, ու թողնել, որ նա որոշի՝ իմ ոտքի՞ն կխփի, թե՞ գլխին ու ես կպատասխանեմ՝ սխալ է: Պետք է այնպիսի հարվածներ հասցնենք, որ նրաք մտքով էլ չանցնի մեզ խփել, ինչպես անում են այլ երկրները: Գոնե ռազմական գործերում չպետք է դրանով ղեկավարվենք, որ պաս ենք տվել հակառակորդին: Ի դեպ, ֆուտբոլում սխալ է գնդակը փոխանցել հակառակորդին: Նույնը այստեղ է »:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: