Հայերեն   English   Русский  

​Մեր երկիրն այստեղից է սկսվում. այց հյուսիսարևելյան դիրքեր


  
դիտումներ: 870

Մի քանի տասնյակ լրագրողներ օրեր առաջ «գրոհեցին» Հայաստանի հյուսիսարևելյան զորամասեր: Առիթը ՀՀ պաշտպանության նախարարության կազմակերպած մասնագիտական դասընթացներն էին:

Երկար ժամանակ մեր ավտոբուսները շարժվում էին խիտ մառախուղի միջով՝ անցնելով անդունդների եզրին ձգվող ճանապարհներով:

երդում

Առաջին կանգառն անում ենք Նոյեմբերյանում տեղակայված զորամասում, որտեղ այդ պահին ընթանում էր մարտական հերթապահության ստանձնման արարողակարգը: Եղանակը թեպետ մռայլ էր, զինծառայողներն աշխույժ էին և մեր տեսանկարահանման սարքերը տեսնելով՝ ժպտում էին:

Նրանց հանդիսավոր աղոթքից և երդման արարողությունից հետո շարժվում ենք դեպի դիրքեր: Նախ լրագրողներին տրամադրվում են հատուկ սաղավարտներ և հագուստ: Հրամանատարները լրագրողների հետ վարվում են ինչպես իրենց զինվորների հետ: Բոլորից պահանջվում է զինվորական կարգապահություն և զսպվածություն:

Դիրքերում մեզ առաջինը ողջունում են զինվորների բարեկամները դարձած շները. նրանց հաչոցի ձայնը լսվում է հեռվից: Մեզ պաշտպանող կոշիկների ցեխի, հագուստի և սաղավարտի ծանրությանը հազիվ դիմանալով՝ մոտենում ենք զինվորականներին: Զգացվում է, որ նրանց համազգեստի ամեն մի մանրուք հաշվի է առնվել բծախնդրորեն: Մեր այցելած դիրքում սահմանը պահպանում են բացառապես պայմանագրային զինծառայողներ: Նրանց մեծ մասը հենց Տավուշի մարզից են՝ այն 20 գյուղերից, որոնք գտնվում են հակառակորդի կրակի թիրախում:

Մինչև խրամատներ մտնելը զրուցում ենք ավագ սերժանտ Սուրեն Խանումյանի հետ, որն արդեն երկու տարի է՝ պայմանագրային զինծառայող է: Նա սահմանամերձ Խաշթառակ գյուղի բնակիչ է, երեք որդի ունի և հույս, որ նրանք ևս իր մասնագիտությունը կընտրեն: «Ամեն անգամ դժվարությամբ ենք բաժանվում: Գալուց առաջ համբուրում ու գրկում եմ նրանց: Բայց ուզում էի, որ խաղաղություն լինի, ու ես ինքս ապահովեմ դա: Այդ պատճառով ընտրեցի այս մասնագիտությունը: Իմ միակ ցանկությունն այն է, որ իրավիճակը հանգիստ լինի, խաղաղություն տիրի, ոչ մի տեսակի վնաս չլինի: Ամենակարևորը՝ կորուստ չլինի»,- ասում է նա: Խանումյանը գիտակցում է՝ անում է մի գործ, որի համար իրեն շնորհակալ է ողջ երկիրը. «Երկրի վիճակը մեզնից էլ է կախված: Մեր երկիրն այստեղից է սկսվում»,- ասում է նա:

այց դիրքեր

Ի դեպ, լրագրողների հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ զինված ուժերում տարեցտարի պայմանագրայինների թիվն ավելանում է: Սակայն բնակչության թվի պատճառով առաջիկայում բանակում կպահպանվի խառը համալրման սկզբունքը, այսինքն՝ կծառայեն թե՛ ժամկետայիններ, թե՛ պայմանագրայիններ: Իրականում պայմանագրային և ժամկետային զինծառայողների աշխատանքը չի տարբերվում: Իսկ ավագ սերժանտը պատմում է, որ պայմանագրայիններն ամեն ինչ անում են ժամկետային զինծառայողներին քաջալերելու համար, օգնում են, որ զինվորները հոգեբանորեն ավելի պատրաստված լինեն, իրենց ազատ զգան. «Առաջին հերթին դուխ ենք տալիս, որ զինվորը չընկճվի, ոչ մի բանից չվախենա, լինի զգոն և առույգ. մենք միշտ նրանց կողքին ենք»:

Զինծառայողից բաժանվում ենք և գնում դեպի խրամատ: Մի քանի տասնյակ մետր այն կողմ հակառակորդն է: Զինվորները պատմում են, որ երբ եղանակը լավ է, կրակոցներն ավելի շատ են լինում, իսկ անբարենպաստ պայմաններում շարժ չի նկատվում: Օրվա ժամանակահատվածը կապ չունի. գիշեր-ցերեկ կարող են կրակել:

այց դիրքեր

Սակայն այս տարի դեպի Տավուշ կրակոցների թիվն անհամեմատ նվազել է: ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսյանը նշեց, որ չի կարող այդ նվազման պատճառները բացատրել, սակայն ընդգծեց՝ փաստ է, որ համեմատած 2014, 2015 թվականների հետ 2016 թվականի ընթացքում հարվածների թիվը նկատելի կրճատվել է: Ապրիլյան պատերազմի օրերին, ի տարբերություն մնացած ժամանակների, նույնպես շատ քիչ կրակոցներ են արձանագրվել:

Դիտակետից երևում է ադրբեջանական կողմը: Հասկանում ենք, որ հատկապես այս պահին մեր կյանքը վստահված է խրամատներում թանձր մշուշի մեջ հազիվ երևացող զինվորներին: Նրանք ոչնչից չեն բողոքում: Զորամասում ամեն ինչ կատարվում է ըստ պատշաճի: Սննդից մինչև տեխնիկական համալրվածությունը բարձր մակարդակի վրա է: Այնուամենայնիվ, նրանցից շատերը նշում են՝ ավելի գոհ կլինեին, եթե աշխատավարձը բարձր լիներ:

այց դիրքեր

Խրամատներից դուրս գալուց հետո հեռանալը դժվար էր: Շարժվում ենք դեպի մեզ սպասող տրանսպորտային միջոցները: Վերջին անգամ շրջվում ենք. ժպտացող զինվորները ձեռքով հրաժեշտ են տալիս և մտնում խրամատ, իսկ մենք վերադառնում ենք խաղաղ Դիլիջան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: