Հայերեն   English   Русский  

​Դժվար թե 88-ին որևէ մեկը պատկերացներ, որ սա է այն Հայաստանը, որի համար պայքարում էինք. Ալեքսանդր Արզումանյան


  
դիտումներ: 13923

«Անկախությունը կերտողները» շարքի զրուցակիցը Ղարաբաղյան շարժման մասնակից, 1988-1990 թթ. Հայոց համազգային շարժման լրատվական կենտրոնի ղեկավար, 1990-1991 թթ. ԳԽ նախագահի օգնական, 1992-1993 թթ. ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, 1996-1998 թթ. ՀՀ արտաքին գործերի նախարար, 5-րդ գումարման ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն է:

- Պարոն Արզումանյան, արդեն նշեցինք Հայաստանի երրորդ Հանրապետության անկախության 25-ամյակը: Եթե հետադարձ հայացք ձգեք մեր պետության անցած ուղուն, ի՞նչ ձեռքբերումներ և ի՞նչ բացթողումներ կնշեք:

- Կարևորագույն ձեռքբերումն այն է, որ յոթ դար շարունակ անկախությունից զուրկ լինելուց հետո մեր սերունդն ունեցավ այդ երջանկությունը՝ վերականգնել հայոց անկախ պետականությունը և երկար տարիների դադարից հետո նաև զգալ հաղթանակի բերկրանքը: Գիտենք, որ Լեռնային Ղարաբաղում մեր քույրերն ու եղբայրները հերոսական պայքար մղեցին իրենց անկախ ապրելու իրավունքը վերահաստատելու համար: Մեծագույն ձեռքբերումները դրանք են թերևս:

Կան շատ սխալներ: Այսօրվա Հայաստանը չի կարելի համարել այն Հայաստանը, որը 88 թվականի շարժումը պատկերացնում էր: Մենք դեռևս չենք կարողացել լիակատար անկախ, ժողովրդավարական հայրենիք ստեղծել: Մեզանում շարունակվում են ընտրությունների կեղծիքները, չենք կարողացել անկախ դատական համակարգ ստեղծել, որը կարևորագույն հրամայականներից է երկրի բնականոն զարգացման համար, և նաև տեսնում ենք, թե ինչ ծանր տնտեսական վիճակում ենք հայտնվել:

Ընթացքում եղել են և՛ ձեռքբերումներ, և՛ բացթողումներ, բայց ամենատագնապալին այս վերջին տարիներին թերևս մեր անկախության աստիճանաբար զիջումն է մեր ստրատեգիական գործընկերոջը՝ Ռուսաստանին: Նահանջ քայլ եմ համարում նաև այն, որ չնայած վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունն ակտիվորեն բանակցում էր Եվրոպական միության հետ, ասոցացման պայմանագիրը նախապատրաստվել էր, 2013-ի սեպտեմբերի 3-ին կայացվեց այդ ճակատագրական որոշումը, շրջադարձ արվեց, և Հայաստանը միացավ Եվրասիական տնտեսական միությանը: Իմ և իմ համախոհների կարծիքով՝ դա հերթական քայլն էր Հայաստանի անկախության զիջման ճանապարհին: Սա նաև չի համապատասխանում այն տեսլականին, որ երկրի հիմնադիրներն ունեին 88 թվականին: Մենք պատկերացնում էինք եվրոպական տիպի ժողովրդավարական պետություն: Այստեղ ԵՄ կամ ԵՏՄ ընտրանքի մասին չէ խոսքը, այլ այն տիպի պետության մասին է, որ մեզ առաջարկվում է: Մեր կարծիքով՝ Եվրոպական միության հետ համագործակցությունը գործիք է Հայաստանի անկախության ամրապնդման, ժողովրդավարության, մարդու իրավունքների հարգման առումով, և մենք պետք է ձգտեինք ստեղծել այնպիսի պետություն, որը համապատասխանում է այդ ակումբում ընդունված չափանիշներին:

Մյուս մոդելը, որ առաջարկվում է՝ նախկին Խորհրդային Միությունից ժառանգված ուժային պետության մոդելն է, որտեղ կուռ, բրգաձև համակարգ է գործում և իշխանությունը թելադրում է իր կամքը: Նման հեռանկարը լի է Հայաստանի լիակատար անկախության կորստի սպառնալիքով և վտանգում է Լեռնային Ղարաբաղի ինքնիշխան գոյատևման իրավունքը:

- Ասացիք, որ հիմա չունենք այն պետությունը, որին այն ժամանակ ձգտում էինք: Այն ժամանակ անկախության համար պայքարելիս ինչպիսի՞ն էիք տեսնում անկախ Հայաստանի ապագան:

- Պատահական չէ, որ մեր առաջին իսկ սահմանադրությամբ ֆիքսվեց, որ Հայաստանը սոցիալական, ժողովրդավարական պետություն է, որպեսզի այսպիսի բևեռացում հասարակության մեջ չլիներ: Մենք գիտեինք, թե ինչ դժվարությունների միջով պիտի անցնենք, ինչ բարդություններ են առաջացնում սեփականաշնորհման գործընթացները, հողի սեփականաշնորհումը, որն առաջինն էր նախկին խորհրդային տարածքում և բավականին հարթ անցավ: Բայց ռեֆորմներն ինչ-որ պահի, ինձ թվում է, դադարեցին, և չկարողացանք ապահովել մարդու իրավունքների լիակատար պաշտպանությունը, չկարողացանք ստեղծել ազատ մրցակցություն տնտեսական միջավայրում: Այսինքն՝ հռչակելով ազատ շուկայի ստեղծումը՝ չկարողացանք ապահովել այն մեխանիզմները, որոնք կերաշախավորեին ազատ մրցակցություն, չէին առաջանա այն օլիգապոլիաները, որոնք այսօր խեղդում են մեր տնտեսությունը:

Կարծում էինք, որ կկարողանանք ստեղծել անաչառ դատարան, որը տնտեսական դաշտում ազատ մրցակցության, և քաղաքական դաշտում մարդու ազատ, անկաշկանդ գործելու երաշխավորներից մեկը կլիներ: Բայց մենք հետզհետե նահանջեցինք և վերադարձանք այն խորհրդային ավանդույթին, երբ իշխանությունը վերևից թելադրում էր վճիռները դատավորներին: Եվ այսօր ունենք բազմաթիվ օրինակներ, երբ ընդամենը դատախազության ներկայացրած մեղադրանքները դատարանում քոփիփեյստ են արվում, և մեղադրանքը դատարանում վերահաստատվում է: Նման բաներ չէինք պատկերացնում և հավանաբար չէինք էլ գիտակցում դժվարությունները, որ կլինեն այդ պետականաշինության ճանապարհին:

Նաև պետք է հաշվի առնել, որ ԼՂ հակամարտությունը մեր ամբողջ ռեսուրսները խլում էր, և պատերազմող երկրում դժվար էր խորը տնտեսական բարեփոխումներ անել, մանավանդ որ Հայաստանը շրջափակման մեջ էր: Որոշ ժամանակ մեր միակ ճանապարհը արտաքին աշխարհի հետ միայն Իրանի Իսլամանական Հանրապետությունն էր, բայց չունեինք ինֆրաստրուկտուրա, ճանապարհներ, և շատ բարդ իրավիճակում էր այդ ամենը տեղի ունենում: Հետզհետե Հայաստանը կարողացավ թե՛ պարտադրել հրադադար Ադրբեջանին, և թե՛ սկսել փոփոխություններ տնտեսության բնագավառում: Բայց, ցավոք սրտի, ունենք այն՝ ինչ ունենք: Դժվար թե 88-ին որևէ մեկը պատկերացներ, որ սա է այն Հայաստանը, որի համար մենք պայքարում էինք:

- Երբեմն անկախության տարիների բացթողումները մեկնաբանելիս ասվում է, որ 1991-ին հայությունը պարզապես պատրաստ չէր անկախության: Ձեր կարծիքով՝ այն ժամանակ որքանո՞վ էինք պատրաստ անկախության:

- Դա մի քիչ փիլիսոփայական հարց է, և կարծում եմ՝ ապագայում պատմաբանները, գիտնականները պիտի անդրադառնան այդ հարցին: Ես չեմ պատկերացնում որևէ ազգ, որը պատրաստ է նման գլոբալ փոփոխությունների: Աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվել էր, պատեհ առիթ ստեղծվեց նախկին Խորհրդային Միության պետությունների, Արևելյան Եվրոպայի երկրների համար, օգտվելով իրավիճակից՝ վերականգնել անկախությունը: Յուրաքանչյուր ազգ պետք է մշտապես պատրաստ լինի: Մեր պապերը 7 հարյուր տարի պայքարել են դրա համար, նրանց իղձն է դա եղել և ինչ-որ պահի դա պետք է իրականանար: Չի կարելի սպասել, որ այնպիսի իդեալական իրավիճակ լինի, որ լիովին նախապատրաստված կլինենք. նման բան չի լինի:

Անպատրաստ էին անշուշտ բոլորը, որովհետև երկրի փլուզումը կատակլիզմ է, իսկ դա չի կարելի կանխատեսել և հնարավոր չէ նախապատրաստվել: Դժվար էր լինելու անցումը, մենք դա գիտեինք: Պատահական չէ, որ Սուրբ գրքում ասվում է, որ Մովսեսը 40 տարի իր ժողովրդին անապատով տարավ, որ միջից հանի ստրուկին: Մենք ճանապարհ ունենք անցնելու. մեր սերունդը տեսել է Խորհրդային Միությունը, շատ դեպքերում չենք էլ պատկերացրել ազատ պետության շրջանակներում գործելու նրբությունները և այլն: Ժամանակի ընթացքում նոր սերունդ է գալիս, անկախության սերունդն է, որն ամբողջովին անկախ և անկաշկանդ է և կթոթափի նախկին հարյուրամյակների փորձը:

Պատրաստ լինելն ամենօրյա աշխատանք է: Այնպես չէ, որ հենց հռչակես անկախությունը, կյանքն անմիջապես կփոխվի, բոլորը երջանիկ, հարուստ և առողջ կլինեն: Ոչ: Պետք է պայքարել, իսկ դա պահանջում է ամենօրյա աշխատանք:

- Ո՞րն եք համարում պետականաշինության 25 տարիների ընթացքում թույլ տրված ամենամեծ սխալը:

- Ես այդքան հավակնություններ չունեմ, որ դիագնոզ դնեմ, առանձնացնեմ մեկ մեծ սխալ: Պարտադիր չէ՝ մեկ մեծ սխալ լինի, կարելի է այս հարցում թերանալ, այն հարցում թերանալ, և այդ բոլոր անզգույշ քայլերի ընդհանուր հետևանքը լինի այն, ինչ ունենք:

Միշտ չէ, որ մինչև վերջ սկզբունքային ենք եղել, երկակի ստանդարտներ ենք կիրառել ներքաղաքական կյանքում, մարդու իրավունքների հարցում ինչ-որ բաներ հռչակելով հանդերձ՝ նաև չենք հանդուրժել այլակարծությունը, թույլ չենք տվել կուսակցությունների բնականոն զարգացումը, պառակտել ենք կուսակցական դաշտը, և սա վերաբերում է բոլոր իշխանություններին, բոլորն էլ իրենց լուման ներդրել են այս գործընթացում: Այնպես որ՝ մեկ առանձին սխալ դժվար է առանձնացնել, պետք է ասել, որ բոլորս մեղավոր ենք նրանում, որ հավատարիմ չմնացինք այն հռչակած գաղափարներին ու տեսլականին, որ բոլորիս միավորում էր 88 թվականին: Սկսեցին գործել անհատական ամբիցիաները, շահերի բախում սկսվեց, մարդիկ չկարողացան տարանջատել պետական շահը անձնական շահից և այլն: Այդ բոլոր թերացումները միասին հանգեցրին նրան, որ դոփում ենք տեղում արդեն տասնամյակներ շարունակ:

- Իսկ ներկայում մեր երկրի առջև ծառացած ամենամեծ մարտահրավերը ո՞րն եք համարում:

- Ամենամեծ մարտահրավերը, ինչպես ցույց տվեցին ապրիլյան դեպքերը, մեր անվտանգության երաշխավորումն է և մեր բանակի մարտունակ լինելը, բանակը զինամթերքով ապահովելը, բանակում կոռուպցիայի բացառումը: Տեսանք՝ ինչ պրոբլեմներ ի հայտ եկան ապրիլյան պատերազմի ժամանակ: Մեզ թվում էր, որ բանակը թերևս մնացել է միակ ոլորտը, որտեղ կարգ ու կանոն կա, բանակ չի հասել մեր երկիրը կործանող կոռուպցիան: Բայց փորձը ցույց տվեց, որ գողություն կատարվում է թե՛ բանակում, թե՛ մյուս բոլոր ինստիտուտներում: Սա սթափեցնող ահազանգ էր, որ պետք է գիտակցենք՝ առանց մեր անվտանգության ապահովման դատապարտված ենք, վտանգվում է մեր անկախ գոյատևելու իրավունքը:

Այսինքն՝ համար մեկ խնդիրը մեր անվտանգությունն է, բայց սրանք փոխկապակցված հարցեր են, չես կարող արմատախիլ անել կոռուպցիան ինչ-որ մեկ ոլորտում և բոլոր մյուս ոլորտներում շարունակել գողանալ: Պետք է գիտակցենք, որ լուրջ փոփոխությունների անհրաժեշտություն կա, թերևս իշխանություններն էլ են գիտակցում, որովհետև հաջորդ ահազանգը եղավ «Սասնա ծռերի» հուլիսյան ապստամբության փորձը, որը բոլորի համար անսպասելիորեն ստացավ հասարակական լայն աջակցություն, ինչը խոսում է այն մասին, որ ինչ-որ բան այնպես չէ, եթե բռնի ուժով իշխանության զավթումը համարվում է նորմալ, բնականոն գործընթաց: Եվ դա նաև ահազանգ էր իշխանության համար, որ ոչ թե, ինչպես բոլոր երկրներում, դժգոհություն կա իշխանություններից, այլև ատելության հասնող իրավիճակ է, և շատ լուրջ քայլեր պետք է արվեն իրավիճակը շտկելու համար: Թերևս դրանով էր պայմանավորված նոր վարչապետի նշանակումը: Թեև հիմա նախընտրական փուլ է սկսվում, ավելի շատ PR ակցիաներ են լինելու, բայց հուսանք, որ ռեալ փոփոխությունների տանող քայլեր կլինեն:

- Պարո՛ն Արզումանյան, ապրիլյան պատերազմը մեծ փորձություն էր մեր երկրի համար: Ձեր կարծիքով՝ ի՞նչ դասեր պետք է քաղենք տեղի ունեցածից և ի՞նչ քայլեր ձեռնարկենք:

- Դասը քաղեցինք, բոլորս հասկացանք այն, ինչի մասին բազմիցս խոսել ենք, որ Ադրբեջանը չի համակերպվել այն մտքի հետ, որ Լեռնային Ղարաբաղն իրավունք ունի ինքնորոշվելու: Մշտապես սպասելու է այն պահին, որ իրենց կարծիքով ի վիճակի լինեն լուծելու հարցը ռազմի դաշտում, փորձելու է, ինչպես իրենք են ասում, վերադարձնել ոչ միայն հարակից տարածքները, այլև Լեռնային Ղարաբաղը: Մենք տարիների ընթացքում հանգստացել էինք, խաղաղվել էինք, թվում էր, թե 20 տարի պատերազմը չկա, էլ չի լինի: Չէինք պատկերացնում, թե ինչ կարող է լինել: Հանգստությունը հանգեցրել էր նրան, որ այնքան էլ լուրջ չէինք զբաղվում բանակի վիճակով, սպառազինությունների հարցով: Գիտեինք, որ Ադրբեջանը միլիարդներ է ծախսում սպառազինվելու համար, նորագույն զինտեխնիկա է գնում, բայց մենք աշխատում էինք հին տրամաբանությամբ, լուրջ փոփոխություններ չէինք անում, և ոմանց թվում էր, որ կարելի է գողանալ նաև բանակից:

Հիմա պետք է գիտակցենք և գիտակցել ենք, որ ամենօրյա պատերազմական իրավիճակում ենք ապրում և այլևս անընդունելի է նախկին մոտեցումներով առաջնորդվելը: Դա է թերևս պատճառը, որ հիմա խոսվում է ազգ-բանակի մասին, որ բացառվելու են կոռուպցիոն դրսևորումները բանակում: Սա հիմնական դասն էր: Նաև կարևոր է գիտակցել, որ մի փայլուն սերունդ ենք տվել: Այն երիտասարդները, որոնք ծնվել են անկախ Հայաստանի Հանրապետությունում, այսօր նույն ոգով, նույն պատրաստակամությամբ պատրաստ են պայքարելու մեր անկախության համար: Մեր՝ ավագ սերնդի պարտքն է անել ամեն բան, որ նվազագույնի հասցվի ռիսկը նրանց կյանքի համար:

- Իսկ Հայաստանի ապագան ինչպիսի՞ն եք տեսնում:

- Հայաստանի ապագան շատ լավ եմ տեսնում: Պետք է գիտակցենք, որ մեր ազգի գոյատևման միակ ձևն անկախ, ժողովրդավարական պետություն ստեղծելն է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում: Դա լինելու է՝ ուզենք, թե չուզենք: Ինչպե՞ս կարող ենք հոռետես լինել մեր ապագայի հանդեպ, երբ հազարամյակներով ձգտել ենք դրան: Դժվարություններ միշտ էլ կան, թերություններ միշտ էլ լինելու են: Գողություն, լափ, բեսպրեդել. այն է, ինչ մեզ այսօր շրջապատում է, պետք է ձերբազատվենք դրանցից:

Կարծում եմ՝ ի վերջո կհաղթահարենք բոլոր դժվարությունները, և Հայաստանն իր տեղը կգտնի ազատ, անկախ, քաղաքակիրթ և բարեկեցիկ երկրների շարքում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: