Հայերեն   English   Русский  

​ՀԵԹՈՒՄՅԱՆՆԵՐ


  
դիտումներ: 3810

Կիլիկյան Հայաստանի պետական զինանշանը

Հայոց պատմության մեջ հսկայական դերակատարություն է ունեցել Հեթումյանների տոհմը: Առաջին Հեթումյանը, որի մասին հայ պատմագիտությունը մեզ փաստեր է հաղորդում, Օշին իշխանն է, որ 1073 թ., խույս տալով սելջուկ-թուրքերի հալածանքներից, գերդաստանով Արցախից տեղափոխվեց Լեռնային Կիլիկիա: Օշին Հեթումյանին Կիլիկիայում հյուրընկալեց Ապլղարիբ Արծրունին, որ նրան պարգևեց Լամբրոն ամրոցը:

Հեթումյանները, հաստատվելով Կիլիկիայում, լինելով պատվախնդիր, հավակնոտ ու ռազմատենչ տոհմ, փորձեցին այնտեղ գերիշխանության հասնել: Նրանք նախ խնամիական կապեր հաստատեցին մյուս ազդեցիկ տոհմերի՝ Արծրունիների, Ռուբինյանների, Պահլավունիների, հետ, ապա առաջնության համար պայքար սկսեցին Ռուբինյանների դեմ:

Հեթումյանների և Ռուբինյանների միջև պայքարը երկար տևեց, երբեմն էլ հասավ արյունահեղ բախումների: Սակայն Ռուբինյաններն անգերազանցելի ու հզոր էին Լեռնային Կիլիկիայում:

Այս ներքին պայքարը հանգուցալուծում ստացավ Լևոն Բ Ռուբինյան արքայի կառավարման տարիներին (1189-1219): Հայոց արքան Տարսոն հրավիրեց Հեթում Հեթումյան իշխանին, ձերբակալեց ու բանտարկեց՝ միաժամանակ գրավելով նրա իշխանանիստ Լամբրոն բերդը: Արքան Հեթումին բռնի կրոնավոր դարձրեց, բայց նրա եղբորորդուն՝ Պապեռոն բերդի տեր Վասակ Հեթումյանի որդի Կոստանդին իշխանին, որ գահին հավատարիմ ու քաջ զորական էր, արքունիք հրավիրեց, նրան հանձնեց Հեթումյանների տոհմի տանուտիրությունն ու հայոց զորքերի սպարապետ կարգեց:

Կոստանդին Հեթումյանից սկսվեց արցախյան ծագմամբ այս տոհմի պատմության նոր՝ թագակիր ժամանակաշրջանը:

1219 թ. մահացավ հայոց Լևոն Բ արքան: Նա արու զավակ չուներ, գահը կտակել էր իր կրտսեր դստերը՝ Զապելին: Իսկ մինչ Զապելի չափահաս դառնալը Կիլիկիայի հայոց թագավորության խնամակալ՝ պայլ դարձավ հենց զինված ուժերի հրամանատարը՝ Կոստանդին Գունդստաբլ Հեթումյանը:

Հայոց իշխանները մանկահասակ Զապելին ամուսնացնելու միջոցով հայոց գահի հարմար թեկնածու էին որոնում: Զապելի երկու անհաջող ամուսնություններից հետո, երբ հայոց գահին բազմեցին օտարներ, որոնք արհամարհում էին հայոց ավանդույթներն ու հայոց իշխանների իրավունքները, Կոստանդին Հեթումյանը ստացավ հայոց իշխանների համաձայնությունը 11-ամյա Զապելին ամուսնացնելու իր 6-ամյա որդու՝ Հեթումի հետ և վերջինիս հռչակել հայոց թագավոր՝ Կիլիկիայում հաստատելով Հեթումյանների հարստության իշխանությունը: Հայոց իշխանները համաձայնեցին: Սա, չնայած արքայադուստր Զապելի ընդդիմությանը (քանզի նրան հերթական անգամ ստիպողաբար ամուսնացնում էին), արդար որոշում էր, քանի որ Ռուբինյաններից հետո Կիլիկիայում ամենաազդեցիկն ու զորավորը Հեթումյաններն էին:

Հեթումի և Զապելի ամուսնությունը տեղի ունեցավ 1226 թ.: Սույնով Կիլիկիայի հայոց թագավորությունում գահ բարձրացավ Հեթում Առաջինը (1226-1270), տեղի ունեցավ դինաստիական փոփոխություն:

Կոստանդին Գունդստաբլը ձեռնամուխ եղավ իր տոհմի իշխանության ամրապնդմանը: Նա անձամբ զբաղեցրեց պայլի՝ պետության թագավորահայրի և խնամակալի պաշտոնը և իր ավագ որուն՝ Սմբատին, կարգեց հայոց զորաց սպարապետ: Երկրորդ որդին՝ Լևոնը, դարձավ հայոց բանակի սպառազինության և մատակարարման գծով հրամանատար՝ մարաջախտ: Օշին որդին դարձավ խնամակալ՝ պայլ և Կոռիկոսի բերդատեր, իսկ մյուս որդին՝ Բարսեղը, որ Դրազարկի վանատերն էր, Սիս մայրաքաղաքի արքեպիսկոպոս:

Կոստանդին Գունդստաբլն իր եղբորորդուն՝ Հեթումի որդի Կոստանդին Լամբրոնացուն, նշանակեց թագադիր ասպետ՝ արքունի արարողապետ: Նա Կոստանդինի թոռ Աննային հետագայում ամուսնացրեց Լևոն գահաժառանգի հետ՝ դրանով ամուր կապելով Հեթումյանների տոհմի երկու ճյուղերը: Մի խոսքով, Կոստանդին Գունդստաբլը պետության կառավարման ողջ լծակները կենտրոնացրեց իր տոհմի ձեռքում:

Շուտով արշավեցին մոնղոլները, որոնք, իրենց ճանապարհին գրավելով բոլոր երկրները, հայտնվեցին Կիլիկիայի սահմանագծին: Կեսարիայում Կոստանդին արքայահայրը մոնղոլների հետ կնքեց նախնական համաձայնագիր, որով Կիլիկիան զերծ պահեց մոնղոլական արշավանքներից: Ապա, շատ չանցած՝ 1248 թ., Սմբատ Գունդստաբլ արքաեղբայրը մեկնեց մոնղոլների մայրաքաղաք Ղարաղորում՝ հանդիպելու մեծ խան Գոյուկի հետ: Սմբատ Հեթումյանը նախնական համաձայնություն կնքեց մեծ խանի հետ: Պայմանագիրը հաստատելու համար խանը պահանջեց, որ Հեթում արքան անձամբ ներկայանա: Հայոց արքան շարունակ ձգձգում էր Ղարաղորում մեկնելը, սակայն, ի վերջո, ստիպված էր տեղի տալ և գնալ: 1254 թ. կնքվում է հայ-մոնղոլական պայմանագիր:

1.Մոնղոլներն ընդունում էին Կիլիկյան Հայաստանի անկախությունը. առանց Կիլիկիայի արքունիքի համաձայնության որևէ մոնղոլ իրավունք չուներ մուտք գործել Կիլիկիա:

2.Հայերը պարտավորվում էին Մերձավոր Արևելքում մոնղոլների վարած պատերազմներում օժանդակ զորաբանակներ տրամադրել նրանց:

3.Մոնղոլների կողմից Կիլիկիայի հարևաններից խլված այն տարածքները, որոնք այդ հարևան պետությունները զավթել էին Կիլիկիայից, վերադարձվում էին հայերին:

4.Մոնղոլները պարտավորվում էին բուն Հայաստանում պակասեցնել հարկերը: Հարկային արտոնություն էր ստանում հայ առաքելական եկեղեցին:

5.Կիլիկիայի հայ առևտրականներն իրավունք էին ստանում առանց մաքսի ազատ առևտուր անելու մոնղոլական հսկայածավալ տերությունում:

Ընդհանուր առմամբ սա դրական պայմանագիր էր հայության համար:

Սակայն, մյուս կողմից, Հեթումյանները, լծվելով մոնղոլական մարտակառքին, թշնամացան հարևան Եգիպտոսի հետ: Նրանք չկարողացան ճկունություն հանդես բերել և արդեն Հեթում Առաջինի կառավարման վերջին տարիներին Կիլիկիայի հայկական թագավորության արտաքին քաղաքականությունը մեծ մասամբ կախված էր մոնղոլներից: Հետագայում Հեթումյանները, դարձյալ ճիշտ չկողմնորոշվելով ժամանակի իրադարձություններում, գործիք դարձան Արևմուտքի և Հռոմի պապի ձեռքին, ինչն էլ հանգեցրեց թագավորության պառակտմանն ու կործանմանը:

Արդեն Հեթում Ա կառավարման վերջին տարիներին տեղի ունեցավ առաջին լուրջ բախումը Կիլիկիայի և Եգիպտոսի սուլթանության միջև: 1266 թ. եգիպտական մամլուքները Մառի ճակատամարտում ջախջախեցին հայոց բանակն ու գերեցին թագաժառանգ Լևոնին: Հեթում արքայի մյուս որդին՝ Թորոսը, զոհվեց ճակատամարտում: Հեթում Առաջինը մեծ ջանքերի և փրկագնման միջոցով միայն կարողացավ ազատել արքայազնին:

Որդուն վերադարձնելով հայրենիք՝ Հեթում Ա-ն, հրաժարվելով գահից, վանք մտավ, ուր մահացավ որպես կրոնավոր: Կիլիկիայի հայոց թագավորության գահ բարձրացավ Լևոն Գ-ն (1270-1289): Լևոնի կինն էր Լամբրոնի Հեթումյան իշխանադուստր Աննան: Լևոնն ու Աննան աշխարհում ամենաբազմազավակ թագակիրներն են: Աննա թագուհին ամուսնուն 16 զավակ է պարգևել: Նա հայտնի էր նաև բարեգործություններով ու մշակութային գործունեությամբ:

Լևոն Գ-ին հայոց գահին հաջորդեց հայոց պատմության ամենաթուլամորթ ու ամենաանկարող գահակալներից մեկը՝ նրա ավագ որդին՝ Հեթում Բ-ն: Ապաշնորհ այս գահակալն իր կառավարման տարիներին երեք անգամ հրաժարվեց գահից և կրոնավոր դարձավ: Ընդհանուր առմամբ թագավորեց 1289-1293, 1295-1296, 1299-1300 թթ.:

1293 թ. Հեթում Բ-ին հայոց գահին փոխարինեց իր եղբայրը՝ Թորոս Գ-ն: Սա ևս ապաշնորհ գահակալ էր: Նրանից դժգոհ՝ գահին բռնությամբ տիրացավ մյուս եղբայրը՝ Սմբատը, որ թագավորեց 1296-1298 թթ.: Գահ բարձրանալով՝ նա սպանեց Թորոս Գ արքային, իսկ մյուս եղբորը՝ Հեթում Բ-ին, կուրացրեց: Սակայն Սմբատի գահակալումն էլ կարճ տևեց: Պալատական հերթական դավադրության հետևանքով նա արտաքսվեց երկրից և մահացավ աքսորի մեջ՝ Էվբեա կղզում: Նրա դեմ դավ նյութողը կրտսեր եղբայրն էր՝ Կոստանդին Բ-ն, որ թագավորեց 1298-1299 թթ.: Նա ցանկացավ ամրապնդել իր իշխանությունը և կռվի պատրաստվեց Հեթում Բ-ի կողմնակիցների դեմ: Սակայն պարտվեց վճռական ճակատամարտում և աքսորվեց Կոստանդնուպոլիս, ուր էլ մահացավ: Հայոց ավագանու պահանջով կրկին գահ է բարձրանում կուրացված Հեթում Բ-ն:

Օգտվելով այս խառնակ վիճակից՝ Եգիպտոսի մամլուքները, հարձակվելով Կիլիկիայի վրա, շատ բերդեր ու բնակավայրեր գրավեցին:

Փաստորեն, Հեթում Բ-ի կառավարման տարիներին Լևոն Գ արքայի որդիները, միմյանց դավելով, հերթով բարձրացան գահ: Տխուր ու ողբալի ժամանակներ էին հայոց պատմության մեջ…

Ի վերջո, գահակռիվն ավարտվեց, երբ հայոց գահ բարձրացավ Թորոս Երրորդի որդին՝ Լևոն Չորրորդը և թագավորեց 1300-1308 թթ.: Իսկ Հեթում Բ-ն ստանձնեց թագավորության պայլի՝ խնամակալի պաշտոնը:

Լևոն Դ-ի գահակալման տարիներին՝ 1300-1308 թթ., Կիլիկիայի պետությունն ավելի թուլացավ գահակալների անկարողության և տկարամտության պատճառով: Ըստ էության՝ հայոց արքաները, գտնվելով եկեղեցականների և խաչակիրների ազդեցության տակ, կրոնապետություն էին հաստատել Կիլիկիայում: Հայոց արքաները, փոխանակ ճիշտ գնահատեին քաղաքական իրավիճակն Արևելքում և փորձեին հաշտության ու բարեկամության եզրեր գտնել հարևան հզոր Եգիպտոսի սուլթանության հետ, ինչը բազմիցս առաջարկել էին վերջիններս, շարունակ փորձում էին խաչակրաց արշավանքներ հրահրել Եգիպտոսի դեմ՝ հանուն Հիսուսի գերեզմանի և քրիստոնեական մյուս սրբավայրերի ազատագրման: Օգտվելով հայ արքաների թուլությունից՝ Հռոմի պապն իր հերթին հայերին դավանափոխ լինելու և կաթոլիկություն ընդունելու պայմաններ էր առաջադրում: Լևոն Դ արքան, լինելով մոլի կաթոլիկ, 1307 թ. ժողով հրավիրեց և հայ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականության ու հայ ազնվականության հրահրումով պաշտոնապես կաթոլիկություն ընդունեց: Հայ եկեղեցին սույնով հրաժարվեց առաքելադավանությունից: Սա լարեց իրավիճակը երկրում, և Կիլիկիայի հայկական թագավորությունը կրոնաքաղաքացիական պատերազմի թատերաբեմ դարձավ առաքելադավանների և կաթոլիկների միջև:

Հիասթափված Լևոնի և հայ ազնվականության որդեգրած քաղաքականությունից և այն համարելով նոր խաչակրաց արշավանք կազմակերպելու փորձ, մոնղոլները, որ նաև բուն Հայաստանում հայ առաքելական եկեղեցու շահերի պաշտպաններն էին, արքային և հայ ազնվականներին հրավիրեցին Անարբազա և Փիլարղու զորավարի հրամանով սրակոտոր արեցին բոլորին: Տասնյակ հայ ազնվականներ թագավորի ու թագավորահոր հետ միասին սպանվեցին:

Հայոց գահին բազմեց Լևոն Գ արքայի կրտսեր որդին՝ Օշին արքան (1308-1320): Սա նույնպես, մոլի կրոնամոլ և կաթոլիկ լինելով, ցանկացավ ընդառաջ գնալ պապի պահանջներին և 1309 թ. Ադանայում դարձյալ ժողով հրավիրեց, որով հայ եկեղեցին ու արքունիքը հավաստեցին դավանափոխության փաստը: Սակայն Օշինը, հանդիպելով հզոր դիմադրության երկրի ներսում, ստիպված էր տեղի տալ և դադարեցնել կրոնական վեճերը: Մյուս կողմից՝ Եգիպտոսի մամլուքներն ու Իկոնիայի սուլթանության զորքերը հայերին պատժելու համար նոր հզոր արշավանք ձեռնարկեցին Կիլիկիայի դեմ ու շատ շրջաններ գրավեցին: Միայն շնորհիվ Կոռիկոսի իշխան Օշին Պայլի քաջության՝ եգիպտական արշավանքը հետ մղվեց:

Օշին արքային հաջորդեց իր տասնամյա որդին՝ Լևոն Ե-ն (1320-1342): Պետության խնամակալն ու փաստացի կառավարիչը դարձավ Կոռիկոսի իշխան Օշին Պայլը, որ ոչ միայն ճնշեց կաթոլիկների ապստամբությունը, այլև իր քաջությամբ կարողացավ մաքրել երկիրը մամլուքներից ու Իկոնիայի սուլթանության զորքերից: Սակայն երբ չափահաս դարձավ Լևոն Ե-ն, նա Օշին իշխանին մեկուսացրեց, ապա իր վարած սխալ ու արևմտամետ քաղաքականությամբ դարձյալ Կիլիկիան դարձրեց թիրախ շրջակա մահմեդական պետությունների համար: Նա խաչակրաց արշավանքի հրավիրեց Հռոմի պապին և եվրոպական գահակալներին: 1335 թ. Եգիպտոսի մամլուքներն ու Հալեպի ամիրայության զորքերը ասպատակեցին Կիլիկիան՝ երկրին պատճառելով զգալի կորուստներ: 1337 թ. թուլամորթ, անկարող ու կրոնամոլ թագավորն ստիպված էր ծանր գնով հաշտություն խնդրել՝ Կիլիկիայի հարավարևելյան հարուստ ծովափնյա շրջանները՝ Այաս նավահանգստով հանդերձ, զիջելով Եգիպտոսին:

Լևոն Ե-ի մահով Կիլիկիայում Հեթումյանների արքայատոհմը մարեց:

Որքան էլ անփառունակ էին Հեթումյանները հայոց գահին, նրանցից շատերն աչքի ընկան գիտական, մշակութային գործունեության մեջ. Ահավասիկ՝ Հեթում պատմիչը և Սմբատ սպարապետը:

ստր-խորհրդականը: 1806 թ., երբ Նապոլեոնը գրավեց Վայմարը, Գյոթեն նախարարներից միակն էր, որ փախուստի չդիմեց: Նա բարեկամական հարաբերություններ հաստատեց Նապոլեոնի հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: