Հայերեն   English   Русский  

ԵՊՀ թիմը նվաճել է ծրագրավորման միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլի ուղեգիր


  
դիտումներ: 4878

ԵՊՀ ծրագրավորող ուսանողները նվաճել են ACM_ICPC ծրագրավորման միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլի ուղեգիր:

Կիսաեզրափակիչը տեղի է ունեցել դեկտեմբերի 3-4-ը Թբիլիսիում: Հայաստանյան բուհերից օլիմպիադային մասնակցում էին ԵՊՀ-ն, Հայաստանի Ամերիկյան համալսարանը, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը:

Պայքարն ընթացավ 226 թիմերի միջև, որոնք ներկայացնում էին նախկին խորհրդային երկրների բուհերը: Մրցույթի կազմակերպիչը ԱՄՆ-ն է: Մրցույթը նախ տեղի է ունենում տարածաշրջանային մակարդակով: Հայաստանն ընդգրկված է հյուսիսարևելյան եվրոպական տարածաշրջանի մեջ՝ ՌԴ-ի, Հարավային Կովկասի, և հետխորհրդային մի շարք երկրների հետ:

ԵՊՀ թիմի կազմում են Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողներ Ալբերտ Սահակյանը, Հրայր Հարությունյանը և Տիգրան Մամիկոնյանը:

Ի դեպ, բարդագույն խնդիրներից մեկը լուծել հաջողվել է միայն մեր թիմին:

Ալբերտ Սահակյանը պատմեց, որ շաբաթը գոնե մեկ անգամ հավաքվում և 5 ժամ հատկացնում էին պարապմունքներին: Ամենաբարդ խնդրի լուծում գտնելն էլ պատահական չէ. իրենք այդպիսի մարտավարություն էին մշակել. «2 հոգի լուծում էին սկզբնական խնդիրները, իսկ մյուս մասնակիցը հենց մրցույթի սկզբում փորձում էր լուծել դժվար խնդիրը, քանի որ վերջում հնարավոր է՝ հոգնած լինեինք»,-պատմեց Հրայր Հարությունյանը:

Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս Արմեն Անդրեասյանի փոխանցմամբ՝ թիմն այս արդյունքին հասնելու համար 4 տարի աշխատել է.«Անցած տարի էլ բավականին ուժեղ էին, արժանի եզրափակիչ դուրս գալու, բայց դա կախված էր մի շարք գործոններից: Թիմը «ջարդել» է ամենաբարդ խնդիրներից մեկն ու զարմանք առաջացրել կազմակերպիչների մոտ, որովհետև նրանք ենթադրում էին, որ այդ խնդիրը ոչ մի թիմ չի կարող լուծել»,-նշեց Արմեն Անդրեասյանը:

Նա նշեց, որ այս մրցույթում հաջողություն գրանցած երիտասարդները սովորաբր աշխատանքի առաջարկներ են ստանում միջազգային հայտնի կազմակերպություններից. «Եթե մենք կարողանանք Հայաստանում ստեղծել Օլիմպիական ծրագրավորման կենտրոն, անել այնպես, որ այս հաջողությունը լինի շարունակական, ապա ծրագրավորման հսկաների ուշադրությունը կբևեռվի դեպի այստեղ»

Անկախի այն դիտարկմանը, որ ինչով է պայմանավորված թիմում միայն տղաների առկայությունը, ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը նշեց.§Սա մեր ո´չ առաջին, ո´չ էլ վերջին թիմն է: Հենց այս պահին ունենք մի թիմ, որտեղ կա աղջիկ: Պատճառ առանձակի չկա, թե ինչու են աղջիկները քանակական առումով քիչ: Ամեն ինչ կամավորական սկզբունքով է կատարվում: Իրենք իրենց են ձևավորում: Ինչպես ասացի, մի թիմում կա աղջիկ՝ շատ լավ աղջիկ: Ամեն ինչ պետք է անենք, որ նրանք աճեն, զարգանան»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: