Հայերեն   English   Русский  

​Հալեպի ազատագրումով սիրիական հակամարտությունը մտնում է նոր փուլ. արաբագետ


  
դիտումներ: 471

Հալեպի ազատագրումով մենք չենք մոտենում սիրիական հակամարտության կարգավորմանը, ընդհակառակը՝ մենք տեղափոխվում ենք հաջորդ շրջափուլ:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տեսակետը հայտնեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

Նրա դիտարկմամբ՝ սիրիական հակամարտությունը շարունակվում է: Ռազմական բախումները ինտենսիվանում են: ԻՊ-ը տարածքներ է վերանվաճում , նոր տարածքներ է միացնում իրեն: Սիրիայի տարածքում իրենց հարաբերություններն են պարզում տարբեր ուժեր:

2016 թվականի սկզբից Սիրիայում գործող մարդասիրական ուժերի միջև նկատվում է համաձայնություն. «2016 թվականին նկատվեց ռազմական գործողությունների համաձայնեցված ընթացք: Հալեպ քաղաքի ազատագրման վճռական փուլը սկսվեց այն պահին, երբ թուրքական զինուժը ներխուժեց սիրիական տարածք, այսինքն՝ այստեղ ակնհայտ համաձայնեցված, համակարգված գործողությունների մասին է խոսքը՝ Մոսկվայի, Անկարայի, Դամասկոսի, Վաշինգթոնի միջև»,- ասաց Սարգիս Գրիգորյանը:

Նրա կարծիքով՝ Հալեպի ազատագրումից հետո ռազմական գործողությունները պետք է ընթանան Իդլիբի կողմում: Դա շատ կարևոր է հակամարտության հանգուցալուծման համար. Իդլիբում է կենտրոնացած ընդդիմադիրների զգալի ներուժը և դրա ազատագրումը կնպաստի, որ ընդդիմադիրները զգալի կորուստներ կրեն:

Ինչ վերաբերում է Պալմիրայի վերանվաճմանը ԻՊ զինյալների կողմից, արաբագետը նշեց. «Ես փորձում եմ ինքս ինձ համոզել, որ դա կապված էր Հալեպում սիրիական կառավարական ուժերի զբաղվածությամբ, նաև, ըստ որոշ տեղեկությունների, թերացումներով: Սակայն կարծում եմ՝ Պալմիրայի նվաճումը ավելի խորքային բացթողումներ է պարունակում: Կառավարական ուժերը ուղղակի ձախողվեցին: Ազատագրելու ընթացքում կառավարական ուժերը պետք է շարունակեին շարժվել առաջ և հասնեին Դեր Զոր: Իսլամականներին պարզապես 20 կմ հեռու քշել և դրանով հանգստանալ, հակառակ էֆեկտն ունեցավ»:

Արաբագետը հավելեց՝ «Իսլամական պետությունը» իրենից դեռևս վտանգ է ներկայացնում և թերագնահատել այդ ուժը, հատկապես Պալմիրայի հատվածում, թերացում էր կառավարական ուժերի կողմից.«Հնարավոր է, որ Հալեպի ազատագրումից հետո փորձ արվի վերաազատագրելու Պալմիրան»,- եզրափակեց Սարգիս Գրիգորյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: