Հայերեն   English   Русский  

Հարավային Կովկասում պեղված հնագույն նստակյաց բնակավայրերից մեկն Ակնաշենում է


  
դիտումներ: 3956

Արմավիրի մարզում գտնվող Ակնաշենի համայնքի տարածքում պեղվել է մ.թ.ա VI հազարամյակով թվագրվող բնակավայր. այն Հարավային Կովկասում գիտությանը հայտնի վաղագույն նստակյաց բնակավայրերից է:

Հնավայրում հայ-ֆրանսիական արշավախումբը պեղումներ է իրականացնում 2004 թ. ի վեր: Ինչպես նշում է արշավախմբի ղեկավար, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի վաղ հնագիտության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Բադալյանը, հնավայրում պեղումները կշարունակվեն առնվազն ևս 3-4 տարի: Սակայն մինչ այս արված ուսումնասիրություններն արդեն իսկ մեծ արդյունք են ապահովել. շուտով լույս կտեսնի վերջին 10 տարվա պեղումներն ամփոփող աշխատությունը:

Հնագետի խոսքով՝ նոր քարի դարով թվագրվող այս բնակավայրի բնակիչները ոչ թե քոչվոր որսորդներ են եղել, այլ նստակյաց կյանք են վարել. ծանոթ են եղել հացահատիկի արտադրմանը, ունեցել են ընտանի կենդանիների լայն շրջանակ:

Ակնաշենի պեղումներ

«Այդ մշակույթին պատկանող տասնյակ հուշարձաններ կան: Սակայն Հայաստանի տարածքում դրանք քիչ են ուսումնասիրված՝ հարևան երկրների համեմատությամբ: Եթե այնտեղ նման հուշարձանները տասնյակներով են հաշվվում, մեզ մոտ հայտնի են ընդամենը 3-4-ը: Բայց այս վերջին 10 տարվա ընթացքում վիճակը փոխվեց, 3 հուշարձաններն էլ պեղվում են»,- ասում է Բադալյանը:

Նշում է, որ հնագույն նստակյաց բնակավայրերը կենտրոնացած են Արարատյան դաշտավայրում՝ Արաքսի վտակներ Քասախի և Հրազդանի միջև՝ Առատաշենում, Ակնաշենում, Մասիս բլուրում:

Ակնաշենի հնավայրի մասին Բադալյանն ասում է, որ հարյուր մետր տրամագծով փոքրիկ բլուր է, բայց մոտ 5 մետր մշակութային շերտ ունի:

«Դա նշանակում է, որ կյանքն այստեղ շարունակվել է այնքան երկար, որ կենցաղային թափոնի կուտակման շնորհիվ նման շերտ է առաջացել: Մի ուրիշ առանձնահատկություն էլ կա. այն ժամանակ կառույցները միայն կավից էին, որը շատ արագ է շարքից դուրս գալիս, առաջանում է վերականգնելու անհրաժեշտություն, ինչի հաշվին էլ կուտակվում է մշակութային շերտը»,- ասում է նա:

Բադալյանը նշում է, որ Ակնաշենը և Ակնաշենով ներկայացված մշակույթը վկայում են Արարատյան դաշտավայրի պատմության այն անչափ կարևոր ժամանակահատվածի մասին, երբ անցում կատարվեց նստակյաց կյանքին:

«Ուրիշ բան է, որ Ակնաշենը ֆիքսում է այդ գործընթացի ավարտը. մենք չունենք սկիզբը, չենք հասկանում, թե ինչպես էր դա տեղի ունենում: Մենք միանգամից ֆիքսված ենք տեսնում: Ակնաշենից վաղ ոչինչ չունենք, բայց դրան պետք է նախորդեր մեկ կամ երկուհազարամյա պատմություն, որի ընթացքում կատարվեց անցումը»,- ասում է նա:

Խոսելով Ակնաշենի հնագույն բնակիչների կենցաղի մասին՝ Բադալյանն ասում է, որ խեցեղեն արտադրելու առաջին փորձերն էին կատարում. դրանից վաղ տեղական արտադրության խեցեղենի նմուշներ հայտնաբերված չեն: Մետաղի, մասնավորապես՝ պղնձի հետ աշխատելու առաջին փորձերն էին արվում, որոնք սահմանափակվում էին զարդեր պատրաստելով:

«Ըստ երևույթին հանքաքարն օգտագործվում էին պիգմենտ ստանալու համար. մալախիտը երևի կանաչ գույնի համար են օգտագործել, երկաթի օքսիդից կարմիր գույն են ստացել: Բայց ունենք նաև պղնձե ուլունքներ: Մետաղ մշակելու, օգտագործելու գործընթացի վաղագույն շրջանն է սա. պետք էր օգտագործել մետաղը զարդերի համար, հետո միայն դրանից գործիքներ պատրաստել»,- ասում է Բադալյանը:

Հնագետի խոսքով՝ ճիշտ է, գտածոների մեծ մասը աշխատանքային գործիքներ են, բայց պեղումները վկայում են, որ մ.թ.ա VI հազարամյակում էլ մարդիկ մեծ տեղ էին հատկացնում զարդերին, և կյանքը միայն գոյապայքար չէր:

Հնավայրից գտել են նաև բացառիկ իրեր: «Մի ծովախխունջ ենք գտել՝ վրան անցք արված: Այն հավանաբար բերված է Կարմիր ծովի շրջանից, ինչը վկայում է հարևանների հետ ակտիվ կապերի մասին»,- ասում է հնագետը:

Ակնաշենի պեղումներ

Բացառիկ գտածոների թվում է նաև կնիքի նմանությամբ մի քարե իր: «Այն նման է կնիքի կամ գուցե աշխատանքային գործիք է դաջվածքներ ստանալու համար: Քարը, որից գործիքը պատրաստված է, տեղական չէ, Ակնաշենով ներկայացված մշակույթի որևէ հուշարձանում նման բան չի հանդիպում՝ ո՛չ քար, ո՛չ իր: Սա էլ ինչ-որ կապերի, ըստ երևույթին, հարավ-արևելքի հետ կապերի առկայության մասին է խոսում»,- ասում է Բադալյանը:

«Եթե ամփոփ ներկայացնենք մշակույթը, մարդիկ են, որոնք նստակյաց կյանքի են անցել, զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ, միաժամանակ շարունակվում է և՛ որսորդությունը, և՛ ձկնորսությունը: Արարատյան դաշտավայրն այն ժամանակ լճով էր ծածկված, կամ Արաքսը դանդաղ էր հոսում ու ճահճացած, լճային մասեր կային: Բնակատեղին, ըստ երևույթին, գտնվել է լճի ափին, ձկնորսության հետքեր շատ կան,- ասում է հնագետը՝ հավելելով, որ նստակյաց կյանքը չի նշանակում, որ բնակավայրի տարածքից ողջ տարին դուրս չեն եկել:- Մենք ունենք վայրի կենդանիների այնպիսի նմուշներ, որոնք Արարատյան դաշտավայրում չկան և չեն եղել: Այսինքն՝ արջ որսալու համար պիտի գնային Գեղամա կամ Արագածի լեռներ, հանքանյութերի առումով ևս Արարատյան դաշտավայրը զուրկ է, միակը գետաքարն է, որը բերում են գետերը, բայց ամբողջ տնտեսությունը կառուցված է օբսիդիանի՝ հրաբխային ապակու գործիքներից: Այսինքն՝ չես կարող ապրել Արարատյան դաշտավայրում, եթե հարաբերություններ չունենաս քո հարևանների հետ»:

Հնագետն ասում է, որ գտածոները վկայում են՝ Ակնաշենի հնագույն բնակիչները մեկուսացված չեն եղել հարևաններից. «Մենք գիտեինք 2-3 հուշարձան միայն, բայց բավականին խիտ էին ապրում այն ժամանակ, միմյանցից 5-6 կմ հեռավորության վրա, որպեսզի իրար չխանգարեին, միաժամանակ՝ մեկուսացված չլինեին»:

Ակնաշենի պեղումներ

Բադալյանն ասում է, որ Հայաստանը հարուստ է հուշարձաններով, բայց «մենք շատ դաժան ենք վարվում մեր հուշարձանների հետ»: Մի կողմից՝ դա հասկանալի է. մեր ժամանակակից կյանքն ընթանում է այդ հուշարձանների տարածքի վրա: «Թվում է, եթե մենք 1-2-ը կորցնենք՝ խնդիր չէ, դեռ 100-ն էլ ունենք, բայց երբ ամեն օր մեկը կորցնում ես, օր կգա, որ էլ ոչինչ չենք ունենա, երբ կջնջենք մեր պատմությունը: Յուրաքանչյուր հուշարձան ունիկալ է: Ո՞վ գիտի, թե նման կարևորություն ու բացառիկություն ունեցող քանի հուշարձան է բուլդոզերների տակ ընկել:

Այո, չի կարելի կանգնեցնել տնտեսական կյանքը, բայց յուրաքանչյուրը պետք է ուշադիր լինի մեր հուշարձանների և պատմության նկատմամբ, և յուրաքանչյուր գործունեություն պետք է զուգորդվի հնագիտական հետազոտություններով»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: