Հայերեն   English   Русский  

Ներքաղաքական զարգացումների հետևանքը. Թուրքիան տնտեսական անկման եզրին է


  
դիտումներ: 3225

Դեկտեմբերի 1-ից ի վեր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն մի քանի անգամ դիմել է երկրի բնակչությանը՝ կոչ անելով իրենց մոտ պահվող դոլարները փոխանակել լիրայով կամ գոնե ոսկի գնել:

«Եթե դուք սիրում եք այս երկիրը, եթե դուք սիրում եք թուրք ժողովրդին, ապա պետք է անցում կատարեք լիրային: Թուրքիայի կողմից ռազմական գործողությունները Սիրիայում մի շարք պետությունների սրտով չեն, ցանկանում են տնտեսապես ծնկի բերել Թուրքիային»,- օրերս հայտարարել է Էրդողանը:

Վերջին երկու ամիսներին թուրքական ազգային դրամը՝ լիրան, ռեկորդային արժեզրկում է գրանցել: Այժմ 1 ԱՄՆ դոլարը կազմում է շուրջ 3.5 թուրքական լիրա, մինչդեռ սեպտեմբերին մեկ դոլարի փոխարժեքը 3 լիրա էր:

Թուրքիայի տնտեսության անկման վերաբերյալ կանխատեսումներ է արել նաև աշխարհի ամենաշատ վկայակոչվող տնտեսագետներից Տարոն Աճեմօղլուն: Թուրքական ԶԼՄ-ներից մեկի հետ զրույցում հեղինակավոր տնտեսագետը կանխատեսել է, որ այդ երկրի տնտեսությունը կարող է փլուզվել 1-2 տարուց, եթե, իհարկե, Թուրքիայի քաղաքական ուժերն Արևմուտքին ցույց չտան, որ իրենց տնտեսությունը հուսալի է ներդրումների համար:

Հեղինակավոր տնտեսագետի կարծիքով՝ ճիշտ է, Թուրքիան դեռևս կարողանում է գրավել կարճաժամկետ օտարերկրյա կապիտալ, բայց առաջիկայում երկիրը կարող է խնդիրների բախվել վարկեր ստանալիս։

Իսկ լիրայի արժեզրկման պատճառը, ըստ տնտեսագետի, օտարերկրյա կապիտալի աստիճանական դուրսբերումն է երկրից: «Երկարաժամկետ հեռանկարում Թուրքիան պետք է Արևմուտքին ցույց տա, որ իր տնտեսությունը զարգանում է, քանի որ օտարերկրյա միջոցները Թուրքիա են ներհոսում Արևմուտքից տարածվող հաղորդագրությունների և հայտարարությունների շնորհիվ»,- հայտարարել է Աճեմօղլուն: Նա տնտեսության հետագա զարգացման համար խիստ կարևորել է մամուլի ազատությունը:

Մինչդեռ Լրագրողների պաշտպանության կոմիտեի հրապարակած տվյալներով՝ Թուրքիան աշխարհում բացարձակ առաջատար է բանտարկված լրագրողների թվով: Ըստ զեկույցի՝ բանտարկված լրագրողների ընդհանուր թիվն աշխարհում հասնում է 259-ի, որոնցից 81-ն ազատազրկված են Թուրքիայում: Նշվում է նաև, որ ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների հետևանքով այս տարի 100-ից ավելի լրատվամիջոցի գործունեություն է դադարեցվել:

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ևս նշում է, որ Թուրքիայի տնտեսությունը չէր կարող անմասն մնալ այդ երկրի ներքաղաքական ու արտաքին քաղաքական զարգացումներին: Գործընթացների՝ տնտեսության վրա ազդեցության հիմնական ցուցիչը Գեղամյանը համարում է լիրայի ռեկորդային անկումը:

Վարուժան Գեղամյան

«Թուրքական լիրան վերջին երկու ամսվա ընթացքում գրանցել է վերջին տասնամյակում ամենացածր ռեկորդային ցուցանիշը: Սա աննախադեպ բան է, և, բնականաբար, լիրայի անկումը պատահական չէ: Ամեն անգամ նման անկում է տեղի ունենում, երբ Էրդողանը կամ թուրքական իշխանական վերնախավի որևէ ներկայացուցիչ հանդես է գալիս հայտարարություններով, որոնք վկայում են , որ գնալով լարվելու են հարաբերությունները Թուրքիայում»,- ասում է նա:

Գեղամյանը նշում է, որ ներքաղաքական զարգացումների ֆոնին արդեն իսկ նկատելի է արտաքին ներդրումների պակասը: «Խոսք է գնում այն մասին, որ եվրոպական կամ արևմտյան որոշ ընկերություններ խուսափում են երկարաժամկետ ներդրումներ կատարելուց Թուրքիայում՝ վախենալով անկայունությունից»,- ասում է Գեղամյանը:

Նա նաև ասում է, որ վերջերս մի քանի բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Թուրքիայում, որոնց հիմնական բողոքն ուղղված է եղել դոլարի օգտագործման դեմ. «Մարդիկ ասում էին, որ դոլարը սատանայապաշտություն է, պետք է օգտվել ազգային դրամից և այլն: Սա ևս մեկ օրինակ է, որ տնտեսական կյանքում կա՛մ արդեն տեղի են ունենում, կա՛մ սպասվում են փոփոխություններ, որոնք, ըստ էության, չեն նպաստելու թուրքական տնտեսության զարգացմանը»:

Թուրքագետը նշում է, որ ընթացիկ զարգացումներից և անկայունությունից հատկապես տուժել է տուրիզմը, որը Թուրքիայի տնտեսության հիմնական շարժիչ ուժն էր:

«Ամփոփելով պետք է նշեմ, որ փաստացի Էրդողանի և իր կուսակցության գլխավոր գրավականներից մեկն աննախադեպ տնտեսական աճն էր վերջին տասնամյակում՝ 2002-ից ի վեր: Դա էր ապահովում այդ մեծ ժողովրդական աջակցությունը, որը վայելում է Էրդողանի կուսակցությունը: Սակայն տնտեսական անկումն անխուսափելիորեն բերելու է նաև որոշակի ընտրազանգվածի կրճատում, քանի որ այդ նույն ընտրազանգվածը տեսնելու է, որ այլևս տնտեսական աճ չկա, հակառակը՝ գուցե նույնիսկ անկում կա»:

Գեղամյանի կարծիքով, սակայն, անգամ տնտեսական անկման դեպքում Թուրքիան կշարունակի մնալ գործոն տարածաշրջանում և միջազգային քաղաքականությունում:

«Թուրքիան այնպիսի աշխարհաքաղաքական դիրք ունի և այնպիսի տարանցիկ կենտրոն է, որ ամեն պարագայում լինելու է միջազգային քաղաքականության օրակարգում, և Թուրքիայում կատարված ամեն մի իրադարձությունը կամ Թուրքիայի կողմից կատարված գործողությունները մշտապես ազդելու են տարածաշրջանի և ընդհանրապես համաշխարհային քաղաքականության վրա»,- ասում է նա: Թուրքագետը վաղ է համարում նաև խոսակցություններն այդ երկրի մեկուսացվածության մասին: «Թուրքիայում շարունակում են գործել արևմտյան ու եվրոպական հազարավոր ընկերություններ, Թուրքիան շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի անդամ, շարունակում է ակտիվ դերակատարություն ունենալ աշխարհաքաղաքական հարցերում: Այս պարագայում տեղին չէ խոսել մեկուսացման մասին»,- ասում է նա:

Նշենք, որ Թուրքիայի տնտեսության համար նոր հարված կարող է լինել ԵՄ-ի հետ բանակցությունների սառեցման մասին որոշումը, որն էլ հստակ ազդակ կլինի միջազգային ներդրողների համար:

Ներկայումս ԵՄ-ում քննարկում են Թուրքիայի՝ այդ կառույցին անդամակցության գործընթացը սառեցնելու հարցը: Ճիշտ է, դեռևս ԵՄ ղեկավարներն ընդհանուր համաձայնության չեն եկել, ոմանք էլ հայտարարում են, որ առանց այդ որոշման էլ Թուրքիայի հետ անդամակցության շուրջ բանակցություններ չեն իրականացվում: Մինչդեռ Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստյան Կուրցը հակառակն է պնդում. «Դա ճիշտ չէ, թե իբր Թուրքիայի հետ բանակցություններ չեն ընթանում: Այդ բանակցությունները շատ ավելի դինամիկ ընթացք ունեն, քան Եվրամիության անդամության ձգտող մի շարք այլ պետությունների դեպքում: Բացի այդ, եվրոպացի հարկատուների գումարները` հարյուրմիլիոնավոր եվրոներ, շարունակում են տրամադրվել Թուրքիային՝ Եվրամիության հետ մերձեցման փաթեթի շրջանակներում»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: