Հայերեն   English   Русский  

​Բիզնես, որ ըստ էության` բիզնես չէ, բայց լավ էլ հաջողակ է…


  
դիտումներ: 4924

Լիլիթ Ասատրյանը հանդիսանում է «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» ՀԿ-ի հիմնադիր նախագահը, միաժամանակ՝ «Նուռիկ» սոցիալական ձեռնարկության հիմնադիրը: Թեև բիզնեսի հիմնական մոտեցումը շահույթ ստանալն է, նա վստահ է՝ բիզնեսը պետք է լինի նաև պատասխանատու, և այդ պատասխանատու բիզնեսն իր հետ բերում է ինչպես սոցիալական պատասխանատվություն, այնպես էլ բիզնեսի մի տարատեսակ, որը կոչվում է սոցիալական բիզնես: Ահա՝ «Նուռիկ» կենտրոնն իր տեսակով սոցիալական բիզնես է:

Առհասարակ գոյություն ունեն սոցիալական ձեռնարկության մի քանի տեսակներ. այն պարզապես կարող է որոշակի սոցիալական խմբերի ուղղված լինել, օրինակ՝ աշխատողները լինեն միմիայն հաշմանդամություն ունեցող մարդիկ կամ միգրանտներ, մյուս տարբերակը՝ բիզնեսն իր շահույթից մասնաբաժին է հանում որոշակի սոցիալական խնդիրների լուծմանը, և երրորդ՝ ուղղվում է ՀԿ-ների կարողությունների ավելացմանը: Վերջինս էլ պայմանավորված է այն հանգամանքով, որ հասարակական կազմակերպությունները հիմնականում կախված են լինում դրամաշնորհներից, ինչը բարդացնում է ՀԿ-ների վիճակը:

«Մեր սոցիալական ձեռնարկության մոդելն այս երեք մոտեցումներն էլ ներառում է: Այսինքն՝ մենք և՛ աշխատանքով ապահովում ենք որոշ խոցելի խմբերի ներկայացուցիչների, և՛ ստացված շահույթն ուղղում ենք ՀԿ-ին. ստացվում է, որ բիզնեսը սպասարկում է մեր ՀԿ-ին, շահույթն ուղղվում է մեր կանոնադրական նպատակների իրագործմանը, որոնց մեջ արդեն ի հայտ է գալիս երրորդ բաղադրիչը. որոշակի կրթական, սոցիալական, ձեռներեցության զարգացմանը, տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրեր ենք իրագործում: Սա է ընդհանուր մոդելն ու նպատակը»,- «Անկախին» ներկայացրեց Լիլիթ Ասատրյանը:

Այս ձեռնարկությունը մի քանի բաղադրիչներ ունի, որոնցից առաջինը խոտաբույսերով թեյերի արտադրությունն է: Այս բաղադրիչը նպաստել է, որ երկու տարվա ընթացքում արդեն 200 կին Լոռու մարզի 4 համայնքներում ստանան հմտություններ, գիտելիքներ, հնարավորություններ, կարողություններ, այն ամենը, ինչ իրենց անհրաժեշտ է, և գիտակից ու պատասխանատու կերպով մասնակցություն ունենան թեյերի արտադրությունում՝ սկսած խոտաբույսերի հավաքումից, այսինքն՝ իմանան, թե որտեղից հավաքել հումքը՝ հաշվի առնելով տարածքի մաքրությունը, գնահատելով բնապահպանական հնարավոր ազդեցությունը, իմանան ճիշտ վայրերը, ճիշտ ժամանակահատվածը, բույսի ճիշտ հատվածները, որպեսզի նաև չխաթարեն այդ բույսերի վերարտադրությունը, և հասցնեն մինչև չորացում, վերամշակում ու փաթեթավորում:

«Նուռիկ» ձեռնարկության թեյերը «Լավ թեյ» անվամբ են ներկայացված շուկայում: Բուն թեյերի արտադրության բաղադրիչը մեկնարկել է 2014 թվականից, իսկ «Նուռիկ» տուրիզմի ու համայնքային զարգացման կենտրոնի գործունեության մեկնարկը տրվել է այս տարվա սեպտեմբերին: 2014 թ., երբ մեկնարկում էր թեյերի արտադրության ծրագիրը, նախաձեռնողները, ինչպես ներկայացրեցին, պեղել-գտել են առաջին մասնակից կանանց: Որովհետև մարդը կարող է զբաղված լինել այդ գործով, բայց չուզենա դրա մասին խոսել կամ նույն գործը կատարել թիմով: Թիմով կամ կոլեկտիվ աշխատելու կարողությունների բացակայությունը, շեշտում է Լիլիթ Ասատրյանը, մեր գյուղական բնակավայրերին բնորոշ խնդիր է, ինչ-որ առումով նաև՝ բացթողում, և «Նուռիկ» ձեռնարկությունը կարողացավ վերջին 2 տարիների ընթացքում տաժանակիր ու համբերատար աշխատանքի շնորհիվ բեկել դա ու հասնել հաջողության: Այսինքն՝ հատուկենտ անհատներից սկսելով՝ այսօր արդեն ավելի քան 200 կին է զբաղված միայն թեյերի արտադրության ոլորտում: Ներգրավված կանայք էլ վարձատրվում են գործարքային՝ իրենց արտադրած թեյի քանակին ու որակին համապատասխան՝ կոոպերատիվի սկզբունքով, թեև ֆորմալ առումով ձեռնարկությունը կոոպերատիվ չէ: Այս պահին 7 հաստատված տեսակ թեյեր են արտադրվում «Նուռիկ» ձեռնարկությում: Նաև սպառման շուկաներ գտնելու գործընթացում է ձեռնարկությունը, նաև՝ ՀՀ սահմաններից դուրս:

«Ասեմ, որ ինչքան որպես նմուշ ուղարկել ենք ՀՀ տարածքից դուրս՝ ԱՄՆ, Կանադա, Միացյալ Թագավորություն, տարբեր եվրոպական երկրներ, Ռուսաստան և այլն, բոլորի արձագանքը դրական է եղել, որ իսկապես շատ լավ, որակյալ թեյեր են. իրենք էլ իրենց հերթին են տեղում հետազոտություններ արել: Բայց եթե առաջիկայում որոշենք արտահանել, հաստատ կունենանք դժվարություններ, քանի որ սերտիֆիկացման պրոցեսը շատ դժվար է, թանկ է: Ես կարծում եմ, որ պետությունն ինչ-որ կերպ նման բիզնեսներին նման հարցերում պետք է օգնության ձեռք մեկնի և աջակից լինի: Այս առումով մենք ունենք նոր գործընկերների, աջակիցների կարիք, որպեսզի կարողանանք ևս մեկ քայլ առաջ գնալ ու ավելի կայուն լինել»,- ասում է Լիլիթ Ասատրյանը:

Մեկ այլ բաղադրիչ. «Նուռիկ» սոցիալական ձեռնարկությունը Լոռու մարզում հիմնել է «Նուռիկ» համայնքի և զբոսաշրջության զարգացման կենտրոնը: Այն տարբեր գործառույթներով համալիր է և նպատակ ունի զբոսաշրջության զարգացման միջոցով նպաստել հարակից մի շարք համայնքների զարգացմանը:

«Մենք, առաջին հերթին, խթանում ենք, որպեսզի ավելի շատ զբոսաշրջիկներ այցելեն այդ վայրեր, որտեղ, ցավոք սրտի, համեմատած Հաղպատի, Սանահինի, ինչ-որ առումով՝ նաև Օձունի, ավելի քիչ են զբոսաշրջիկներ այցելում: «Նուռիկ» կենտրոնն առաջարկում է նաև սննդի մատուցում յուրահատուկ ձևով՝ ճաշ, ընթրիք, նախաճաշ կամ տարբեր արարողություններ, հաշվի ենք առնում նաև այն հանգամանքը, որ այս ամենը կազմակերպվում է ձեռնարկությունում ընդգրկված խոցելի խմբերի անձանց կողմից: Մյուս կարևոր բաղադրիչը, որ կենտրոնն ունի, հուշանվերների արտադրությունն է: Հաշմանդամություն ունեցող կամ կարիքավոր ընտանիքների անձինք՝ կանայք, փայտից պատրաստում են տվյալ տարածքին, մշակույթին, տեղանքին բնորոշ հուշանվերներ: Եվ իհարկե ունենք նաև լավաշի թխում և այդ պրոցեսին մասնակցության հնարավորություն այցելուի համար կամ հայկական արիշտայի պատրաստություն և այդ պրոցեսին մասնակցության հնարավորություն, նաև դրանց համտեսները: Առաջիկայում մենք ձեռնարկությունը համալրելու ենք նոր բաղադրիչներով, ինչպիսիք են գորգագործությունը, կարպետագործությունը, թաղիքագործությունը, կավագործությունը և այլն: Սրանք, մի կողմից, մեր շահառուներին աշխատանքով կապահովեն, մյուս կողմից՝ կնպաստեն, որ համայնքներում մշակութային, բնապահպանական, ձեռնարկատիրական գիտակցությունն արթնանա»,- նշում է ձեռնարկության հիմնադիրը:

«Նուռիկ» համայնքային և տուրիզմի զարգացման կենտրոնում այս պահին զբաղված է ևս 11 հոգի: Բացի այս ամենից, այս կենտրոնն արժեշղթաների միջոցով անուղղակիորեն նպաստում է այլ բիզնեսների, տնային տնտեսությունների զարգացմանը: Որովհետև կենտրոնում, որտեղ սնունդ են պատրաստում ու մատուցում, մթերքները ձեռք են բերվում տեղում՝ տնային տնտեսություններից: Ներկայումս շուրջ 10 ընտանիք անուղղակիորեն իրենց ապրուստի միջոցն ապահովելու հնարավորություն է ստացել, ու այս թիվը ընթացքում, վստահեցնում է ձեռնարկության հիմնադիրը, հաստատ ավելանալու է:

լավ թեյ

Այս ամենը սկսելու համար, ներկայացնում է նա, առաջին հերթին պետք էր մեծ ցանկություն և շատ մեծ համառություն:

«Ես հպարտությամբ կարող եմ նշել, որ մենք՝ որպես կառույց, շատ չնչին ներդրումներով շատ մեծ արդյունք ապահովող կառույց ենք, և դա մեր տեսակն է: Մեր նվիրվածության շնորհիվ, կարող եմ ասել նույնիսկ՝ մի քիչ էլ խենթ նվիրվածության շնորհիվ հաջողեցինք: Վստահ եմ, որ եթե մեր երկրում լինեն մեզ պես խենթ նվիրյալներ՝ մենք բոլոր ոլորտներում կունենանք լուրջ հաջողություններ: Մեկ օրինակ բերեմ՝ մենք 3 տարի շարունակ իրականացնում էինք մի ծրագիր Եվրոպական միության աջակցությամբ. մենք այդ ծրագրի շրջանակներում բոլոր բաղադրիչներով մեր սահմանած արդյունքներից կրկնակի ավելի արդյունքներ ենք ցույց տվել: Օրինակ՝ եթե նախապես նպատակադրվել էինք իքս թվով համայնքների վրա ազդեցություն ունենալ, ապա ազդեցությունը առնվազն կրկնակի թվով համայնքների վրա ենք ունեցել, և դա մեր նվիրվածության շնորհիվ է: Եվ մենք որոշել ենք ոչ թե գնալ հեշտ ճանապարհով, գտնել ավելի հեշտ շահառուների, աշխատել փոքրիշատե փորձառություն ունեցող անհատների հետ, այլ այնպիսի կանանց ենք աջակցել, որոնք որևէ գործով նախկինում երբեք չեն զբաղվել: Մենք փորձել ենք մարդկանց մեջ հույս ու նպատակ արթնացնել, մեզ նման խենթ դարձնել ու ստիպել հավատալ, որ իրենք, նվիրվելով իրենց գործին, հաստատ արդյունքներ են ունենալու»,- ասում է Լիլիթ Ասատրյանը, որ «Նուռիկ» ձեռնարկությունը՝ իր բոլոր բաղադրիչներով, համարում է հաջողված բիզնես նախագիծ:

Խենթ նախաձեռնողականությունը, նշում է Լիլիթ Ասատրյանը, նաև ռիսկի գործոն է պարունակում, որը պարտադիր է ցանկացած բիզնեսի համար:

«Մեր տեսակի բիզնեսի համար շատ կարևոր է այլընտրանքային աշխատատեղերի ստեղծումը: Օրինակ՝ մեր «Նուռիկ» կենտրոնը գտնվում է Լոռու մարզի հյուսիային հատվածում, պիլոտային ծրագիր է, և մենք ուզում ենք այս ծրագրով մեր բիզնես և միջազգային գործընկերներին, անհատ բարերարներին ցույց տալ, որ այս մոդելը շատ լավ կիրառելի է Հայաստանում, և հրավիրում ենք նրանց մեզ հետ այլ մարզերում ու համայնքներում այս միջոցով տնտեսական զարգացումն ապահովել, խնդիրները լուծել: Կոնկրետ այս համայնքները՝ Շամլուղը, Ախթալան, Ալավերդին, համարվում են հանքարդյունաբերական: Մենք այլընտրանքային աշխատատեղերի ստեղծման միջոցով փորձում ենք ցույց տալ, որ այս համայնքները ոչ միայն գոյատևման, այլև զարգացման շատ լուրջ հնարավորություններ ունեն: Այնինչ տարածված է այն թյուր տեսակետը, թե եթե այս տեղանքում հանքարդյունաբերություն չլիներ՝ մարդիկ սոված կմնային: Մենք ասում ենք՝ ո՛չ, դուք ունեք ապրուստի բազմաթիվ տարբերակներ, ցույց ենք տալիս այդ տարբերակներն ու իրենց համար կայուն շուկա ենք դառնում»,- ասում է ձեռնարկության հիմնադիրը:

Փաստորեն «Նուռիկ» ձեռնարկությունը նաև գաղափարական բիզնես է, որը նախատեսվում է տարածել նաև այլ մարզերում ու համայնքներում: Առաջիկա տարիների ռազմավարությունն էլ ունեն, թե երբ ինչ ցուցանիշի կամ արդյունքի են հասնելու, և վստահ են, որ իրենց գաղափարը օրինակելի բիզնես մոդել է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: