Հայերեն   English   Русский  

​ԼՈՒՍԻՆՅԱՆՆԵՐ


  
դիտումներ: 2159

Շատ հայեր են գահ բարձրացել օտար երկրներում, աչքի ընկել ռազմի, գիտության, պետության կառավարման ասպարեզներում: Եղել են նաև դեպքեր, երբ հայոց գահին բազմել են օտարներ, անգամ՝ ամբողջ մի ժամանակաշրջան կառավարել Հայաստանը:

Լուսինյանների տոհմը ծագում է Ֆրանսիայից: Նրանց ներկայացուցիչները XIV դարում բարձրանալով հայոց գահ, պետք է ճիգեր գործադրեին և փորձեին երկիրը հանել ճգնաժամից, Կիլիկիայի թագավորությունը փրկեին վերահաս կործանումից…

Լուսինյանների ֆրանսիական տոհմը խաչակրաց արշավանքների արդյունքում հաստատվեց Պաղեստինում: Գվիդոն Լուսինյան իշխանը, որ Երուսաղեմի Բաղդին թագավորի փեսան էր, նրա մահից հետո ժառանգեց գահն ու դարձավ Երուսաղեմի թագավոր: Սակայն 1187 թ. Հալեպի ամիրա Սալահ ադ-Դինը ճակատամարտում ջախջախեց խաչակիրներին և գերեց Գվիդոն Լուսինյանին: Երուսաղեմի արքան փրկագնվեց անգլիացիների կողմից և 1192 թ. կարգվեց Կիպրոսի թագավոր, որտեղ Լուսինյանների արքայատոհմն իշխեց մինչև 1489 թ.:

Կիպրոսի Լուսինյանները խնամիական կապեր հաստատեցին Կիլիկիայի հայկական թագավորության գահակալների հետ: 1293 թ. Կիպրոսի թագավոր Ամորի Բ-ն ամուսնացավ Լևոն Գ Հեթումյան հայոց արքայի դստեր՝ Զապելի հետ:

1310 թ. սպանվում է Ամորի Բ թագավորը, և Կիպրոսի Զապել թագուհին իր հինգ զավակներով ապաստանում է Կիլիկիայում՝ որտեղ թագավորում էր իր եղբոր որդին՝ Լևոն Ե արքան: Քիչ անց Զապելի կրտսեր զավակ Գվիդոնը մեկնում է Կոստանդնուպոլիս՝ ապաստանելով բյուզանդական կայսեր մոտ:

Լևոն Ե-ն իր լատինամոլ քաղաքականությամբ խաղալիք էր դարձել խաչակիրների և Հռոմի պապի ձեռքին՝ Կիլիկիայի հայկական թագավորությունը հասցնելով կործանման եզրին, սրելով հայոց պետության հարաբերությունները հարևան մահմեդական երկրների հետ, թշնամանալով հատկապես Եգիպտոսի զորեղ սուլթանության դեմ:

1342 թ. երիտասարդ հասակում հանկարծամահ եղավ Լևոն Ե արքան (որոշ հետազոտողներ կարծում են, որ նա թունավորվել է Լուսինյանների կողմից)՝ արու ժառանգ չթողնելով: Եվ քանի որ Հեթումյանների տոհմն արական գծով Կիլիկիայում իրեն սպառել էր, հայոց ավագանու համաձայնությամբ Կիլիկիո գահին բազմեց Զապելի կրտսեր որդին՝ Գվիդոն Լուսինյանը՝ ընդունելով Կոստանդին անունն ու հայոց արքայական գահացանկում հանդես գալով որպես Կոստանդին Գ (1342-1344): Նա եկավ Կոստանդնուպոլսից իր 300 զինակիցների հետ, հայկական ծեսով օծվեց և բազմեց հայոց գահին: Մինչ նրա վերադարձը պետության խնամակալությունը ստանձնեց ավագ եղբայրը՝ Ջիվան Լուսինյանը:

Դաս չառնելով Հեթումյանների վարած անատամ ու անհեռատես քաղաքականությունից՝ Կոստանդին Գ Լուսինյանը լատինամետ վարքագծով ու կրոնամոլ քաղաքականությամբ ավելի սրեց իրավիճակը երկրում և հարաբերությունները հարևան երկրների՝ կարամանացի թուրքերի և Եգիպտոսի մամլուքների հետ: Նա ցանկացավ ամրապնդել կաթոլիկությունը Կիլիկիայի հայոց թագավորությունում: Կոստանդին Գ-ն ունեզրկեց մի քանի հայ հայրենասեր իշխանների, նրանց մեկուսացրեց պետական կառավարման ասպարեզից, երկրի կարևորագույն պաշտոնները վստահեց ունիթորներին ու ֆրանկ ասպետներին:

Չհանդուրժելով Լուսինյան արքայի վարած քաղաքականությունը՝ նրա դեմ ապստամբեց Օշին Բակուրյան իշխանը: Նա իր զինակիցներով ներխուժելով Ադանայում գտնվող արքայական պալատ՝ սրակոտոր արեց արքային և նրա մերձակա շրջապատին, որով Կոստանդին Գ-ն իրականացնում էր լատինամետ քաղաքականությունը: Ահաբեկված այս սպանդից՝ Զապելն իր մյուս զավակների հետ դարձյալ փախավ Կիպրոս:

Օշին Բակուրյանը հայոց գահը հանձնեց մորական կողմով դարձյալ Հեթումյաններին ազգակից Կոստանդին Դ արքային (1344-1362), որը Նըղր բերդի տերն էր և հայտնի զորական:

Կոստանդին Դ-ն, դաս քաղելով նախորդի անփառունակ վախճանից, իր շուրջը համախմբեց հայ հայրենատեր իշխաններին և հակահարված հասցրեց մամլուքներին: 1346 թ. նա կարողացավ ազատագրել Կապան բերդը, որ կարևոր մարտավարական հենակետ էր: Հաջորդ տարին ջախջախեց Կիլիկիա ներխուժած Եգիպտոսի սուլթանության բանակը, ապա Կիպրոսի նավատորմի աջակցությամբ ազատագրեց Այաս նավահանգիստը:

Այս հաջողություններից հետո Կոստանդին Դ-ն հաշտություն առաջարկեց Եգիպտոսին: Սակայն սուլթանը մերժեց հաշտության առաջարկն ու համախմբելով նաև Իկոնիայի սուլթանության և Հալեպի ամիրայության զորքերն իր հրամանի տակ՝ հարձակման անցավ: Եգիպտացիները դարձյալ գրավեցին Այասը: Հայոց բանակը, սակայն, կարողացավ ջարդել Իկոնիայի սուլթանության և Հալեպի ամիրայության զորքերը: Իսկ Այաս նավահանգիստն անվերադարձ անցավ թշնամու ձեռքը:

Կոստանդին Դ արքան, հիասթափված ֆրանկների դավաճանություններից և Հռոմի պապի կեղծ խոստումներից, 1361 թ. Սիս մայրաքաղաքում նոր եկեղեցական ժողով հրավիրեց Մեսրոպ Ա Արտազեցի կաթողիկոսի գերագահությամբ: Հայ եկեղեցին հրաժարվեց կաթոլիկությունից, որ ընդունել էր 1307 թ., և կրկին դարձավ առաքելադավան:

1362 թ. Կոստանդին Դ արքան հանկարծամահ եղավ: Նրա կինը՝ Մարիամ թագուհին, հայոց գահին արու զավակ չէր պարգևել, և հայ ավագանին հայոց գահը հանձնեց մահացած Կոստանդին Գ Լուսինյան արքայի հորեղբորորդուն՝ Կոստանդին Ե արքային (1362-1372):

Կոստանդին Ե-ն հերթական թույլ ու անկամ գահակալն էր հայոց գահին: Նա ցանկացավ շարունակել նախորդի քաղաքականությունը, սակայն երկրում դարձյալ գլուխ բարձրացրին լատինամոլ ուժերը՝ խաչակիրների առաջնորդությամբ: Կոստանդին Ե արքային դավողների թվում էր նաև Կոստանդին Դ-ի այրին՝ թագուհի Մարիամը: Դավադիրներն ուզում էին հայոց գահը հանձնել Կիպրոսի Պետրոս Ա թագավորին: Վերջինս, դեռևս հայոց գահ չբարձրացած, անգամ դրամ հատեց՝ «Պետրոս՝ Հայոց թագավոր» մակագրությամբ:

Պետրոսը, ստանալով խաչակիրների և եվրոպական միապետների աջակցությունը, Եգիպտոսի սուլթանության դեմ պատերազմ սանձազերծեց, որին ցանկանում էր մասնակից դարձնել նաև Կիլիկիայի հայոց թագավորությանը: Սակայն Կոստանդին Ե-ն, հասկանալով այդ պատերազմի արկածախնդրությունը, խոհեմաբար չեզոքություն պահպանեց: Եգիպտական բանակը ջախջախեց խաչակիրներին և Կիպրոսի թագավորության զորքերին, իսկ Պետրոս Ա-ն 1369 թ. դավադրաբար սպանվեց Նիկոսիայում:

Սակայն Կիլիկիայում գտնվող խաչակիրները և ունիթորները շարունակում են դավել հայոց արքային՝ առանց նրա գիտության գաղտնի բանակցելով Հռոմի պապի և եվրոպական միապետների հետ և հրավիրելով նոր խաչակրաց արշավանքի Եգիպտոսի դեմ, դրանով գրգռելով նրան հայոց պետության դեմ: Նույն, 1369 թ., եգիպտական զորքերն արշավեցին Կիլիկիա: Թշնամին գրեթե առանց դիմադրության հասավ Սիս մայրաքաղաք և գրավեց այն: Արքան, հավատարիմ զորքի մնացորդներով ապաստանելով մայրաքաղաքի միջնաբերդում, հերոսաբար դիմադրեց: Մամլուքները, չկարողանալով գրավել միջնաբերդը, հրդեհեցին քաղաքն ու հեռացան: Կոստանդին Ե-ն փորձեց հաշտություն կնքելու նպատակով բանակցություններ սկսել Եգիպտոսի սուլթանության հետ: Դա դուր չեկավ խաչակիր ասպետներին, նրանք դավ նյութեցին և սպանեցին հայոց արքային:

Կոստանդին Ե-ից հետո հայոց գահն անցավ նրա ազգական Լևոն Զ Լուսինյանին (1373-1375): Նա սպանված արքայի հորեղբորորդին էր՝ Ջիվան Լուսինյանի և հայազգի Սուլթանի որդին: Լևոն Զ-ն Կիպրոսից ժամանեց Կիլիկիա գաղտնի՝ լատինամետ իշխանների և խաչակիր ասպետների հրավերով: Օծվեց որպես հայոց արքա լատինական ծեսով: Բայց հայերի դժգոհությունը մեղմելու համար ստիպված էր օծվել նաև հայկական ծեսով: Լևոնը ոչ միայն Կիլիկիո գահի վերջին թագավորն էր, այլև երբևիցե հայոց գահին բազմած ամենաթույլ ու կամազուրկ արքաներից մեկը: Հետևություններ չանելով նախորդների վարած քաղաքականությունից՝ նա շարունակ խաչակրաց արշավանքներ էր հրավիրում Երուսաղեմն ազատագրելու սին ծրագրերով, ինչը դարձյալ հարուցեց շրջակա մահմեդական ամիրայությունների և Եգիպտոսի դժգոհությունը: 1375 թ. հունվարին եգիպտական սուլթան Մելիք Աշրաֆը մեծաքանակ զորքով պաշարեց Սիս մայրաքաղաքը: Լևոն Զ-ն ընդամենը չորս ամիս կարողացավ դիմագրավել թշնամուն: Նա Հալեպի ամիրայի միջոցով բանակցություններ վարեց սուլթանի հետ և ստանալով կյանքի երաշխիք՝ անձնատուր եղավ: Սուլթանն արքային և հայ իշխաններին գերեվարեց և տարավ Եգիպտոս:

1382 թ.Կաստիլիայի Խուան թագավորի միջնորդությամբ և փրկագնով հայոց վերջին արքան ազատվեց գերությունից: Նա իր մնացյալ կյանքն անցկացրեց Իսպանիայում և Ֆրանսիայում՝ շարունակ դիմելով եվրոպական գահակալներին, բայց ոչ թե վերագտնելու իր գահը, այլ… ազատագրելու Երուսաղեմն ու Հիսուսի գերեզմանը…

Լևոն Զ-ն մահացավ 1393 թ., թաղված է Փարիզում:

1375 թ. Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո Հայոց թագավոր տիտղոսն անցավ Կիպրոսի Հակոբ Ա թագավորին: Նրա ժառանգներն այդ տիտղոսը կրեցին մինչև 1489 թ.` Գորնարիոն թագուհու մահը: Հակոբ Բ-ի նախորդը` Շառլոտտա թագուհին, Կիպրոսի գահը հանձնեց իր եղբորորդուն` Կառլոս Պատերազմիկին, որը Սավոյայի դուքսն էր: Իտալիայում թագավորող Սավոյան տան թագավորները մինչև 1946 թ., ի թիվս այլ տիտղոսների, կրում էին նաև Հայոց թագավոր տիտղոսը:

1990-ական թվականների սկզբին արտերկրից Հայաստան ժամանեց մեկը, որն իրեն կոչում էր Գվիդոն Լուսինյան, ներկայանում էր որպես Հայոց թագավորական տան զարմ և հավակնում հայոց երևակայական գահին…





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: