Հայերեն   English   Русский  

Բանկային գաղտնիք


  
դիտումներ: 4746

Նախորդ հոդվածում, երբ բացահայտում էինք բանկային հաշվին վերաբերող որոշ կարևոր տեղեկություններ, նշեցինք նաև, որ բանկային հաշվի վերաբերյալ տեղեկությունները համարվում են բանկային գաղտնիք և պաշտպանվում են օրենքով:

Ի՞նչ է բանկային գաղտնիքը:

Եթե փորձենք ընդհանուր և կարճ բնորոշել, ապա կարելի է ասել, որ բանկային գաղտնիքը բանկ-հաճախորդ հարաբերություններում հաճախորդի վերաբերյալ բանկին հայտնի դարձած տեղեկությունների գաղտնիությունն է: Բանկային գաղտնիքի լավագույն ավանդույթները ձևավորվել են Շվեյցարիայում: 1934 թ. «Բանկերի և խնայողական բանկերի մասին» դաշնային օրենքում ( Federal Act on Banks and Savings Banks) ամրագրվեց բանկային գաղտնիքի սկզբունք-նորմը, որով սկիզբ դրվեց աշխարհի տարբեր երկրներում բանկային գաղտնիքի վերաբերյալ օրենսդրությունների ձևավորմանը:

Նախ բացահայտենք բանկային գաղտնիքի հայրենի օրենսդրական ձևակերպումը: Այսպես. բանկային գաղտնիք են համարվում բանկի հաճախորդին սպասարկելու կապակցությամբ հաճախորդի հաշիվների վերաբերյալ տվյալ բանկին հայտնի դարձած տեղեկությունները, հաճախորդի հանձնարարությամբ կամ հօգուտ հաճախորդի կատարված գործառնությունների վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև նրա առևտրային գաղտնիքը, գործունեության ցանկացած ծրագրի կամ մշակման, գյուտի, արդյունաբերական նմուշի մասին տեղեկությունները և նրա վերաբերյալ ցանկացած այլ տեղեկություն, որը հաճախորդը մտադիր է եղել գաղտնի պահել, բայց բանկը տեղյակ է կամ կարող էր տեղյակ լինել այդ մտադրության վերաբերյալ: Ինչպես հասկացաք, բանկային գաղտնիքի վերաբերյալ հայկական օրենսդրությունը բավականին լայնորեն է մեկնաբանում «բանկային գաղտնիք» հասկացությունը՝ ներառելով դրա մեջ բանկ-հաճախորդ հարաբերությունների գրեթե բոլոր կողմերն ու դրսևորումները:

Համաձայն հայրենի օրենսդրության՝ բանկերը համարվում են կենտրոնական բանկի հաճախորդները, ըստ այդմ՝ բանկերի վերահսկողության կապակցությամբ բանկերի և դրանց հաճախորդների վերաբերյալ Կենտրոնական բանկին հայտնի դարձած տեղեկությունները, որոնք նշված են վերը՝ նախորդ պարբերությունում, նույնպես համարվում են բանկային գաղտնիք:

Շարունակելի....





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: