Հայերեն   English   Русский  

​Դավիթ Խիթարյան. «Մարզաձևի զարգացման համար պետական աջակցություն է հարկավոր»


  
դիտումներ: 3110

2016 թ. հայ ձյուդոյիստները տարբեր մրցաշարերում նվաճել են 20 մեդալ: Դրանցից ամենակարևորը Եվրոպայի առաջնությունում Հովհաննես Դավթյանի (60 կգ) նվաճած բրոնզե մեդալն էր:

«Անկախի» հետ զրույցում Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանն ամփոփում է մրցաշրջան 2016-ը, խոսում ֆեդերացիայի իրականացրած աշխատանքների, ոլորտում առկա խնդիրների և դրանք լուծելու հեռանկարների մասին:

- Պարո՛ն Խիթարյան, մրցաշրջանի կարևորագույն ստուգատեսին՝ Ռիո 2016-ին մասնակցելու իրավունք կարողացավ ձեռք բերել միայն Հովհաննես Դավթյանը (60 կգ): Ցավոք, մեր մարզիկին չհաջողվեց մեդալ նվաճել:

- Տարին օլիմպիական էր: Հիմնական նպատակը Ռիո 2016-ին պատշաճ մակարդակով ներկայանալն էր: Հույս ունեինք, որ կկարողանանք մի քանի ուղեգիր ձեռք բերել: Օլիմպիական մրցահարթակում հանդես գալու հնարավորություն ունեին նաև Ֆերդինանտ Կարապետյանն ու Ժաննա Ստանկևիչը, սակայն նրանք այս շրջափուլում չկարողացան համապատասխան վարկանիշ ձեռք բերել:

Հովհաննես Դավթյանը, ընդգրկվելով աշխարհի ուժեղագույն ձյուդոյիստների շարքում, համաշխարհային օլիմպիական վարկանշային աղյուսակում 22 ձյուդոյիստների ցուցակում 10-րդն էր:

Մասնակցությունը դրական կարելի է համարել այն դեպքում, երբ արդյունք կա: Բայց նրա պատրաստության մակարդակը, վարած գոտեմարտերն իսկապես դրվատանքի և խրախուսանքի են արժանի: Պարզապես միշտ չէ, որ սպորտում հնարավոր է կանխատեսումներ անել, մանավանդ օլիմպիական խաղերում, որտեղ մրցակցությունը թեժ է:

Երբ հետադարձ հայացք ենք գցում, տեսնում ենք, թե որքան գրագետ գործեց Հովհաննեսն իր գոտեմարտերում՝ վստահ ու մաքուր հաղթելով օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի մրցանակակիր Լյուդվիգ Պաշերին:

Նրա երկրորդ մրցակիցն ապագա չեմպիոնն էր՝ Բեսլան Մուդրանովը, որի ամենադժվար ու բարդ մրցակիցն այդ ընթացքում դարձավ Հովհաննես Դավթյանը: Իր կարիերայի ընթացքում մեր մարզիկը կարողացել էր հաղթել Մուդրանովին: Իսկապես արժանի մրցակիցներ էին: Պարզապես Մուդրանովն իր առջև դրված խնդիրն ավելի լավ կատարեց՝ դառնալով օլիմպիական խաղերի չեմպիոն: Մրցականոնների փոփոխությունները թույլ չտվեցին, որ Դավթյանը մասնակցեր սփոփիչ գոտեմարտերի, այլապես վստահ կարող էր պայքարել մրցանակային տեղի համար: Նոր մրցականոններով հարկավոր է հասնել1/4 եզրափակիչ և նոր միայն պայքարել մեդալի համար:

- 2016-ին Հայաստանի ձյուդոյիստները բոլոր տարիքային խմբերում տարբեր միջազգային մրցաշարերում նվաճել են 20 մեդալ. փաստորեն, անցյալ տարվա համեմատ՝ մեդալների քանակը նվազել է:

- Ֆեդերացիան իր առջև դրված խնդիրներն իրականացրեց: Օրացուցային պլանով նախատեսված բոլոր միջոցառումներն անցկացվեցին: Միջազգային ասպարեզում մեր ձյուդոյիստները տարբեր մրցաշարերի մասնակցեցին: Միայն օլիմպիական խաղերի արդյունքներով չի կարելի գնահատական տալ ֆեդերացիայի կատարած աշխատանքին:

Ընդհանուր առմամբ հայ մարզիկները 2016-ին միջազգային ասպարեզում նվաճել են 20 մեդալ, որից 8-ը մեծահասակները, 6-ական՝ երիտասարդներն ու պատանիները: Հովհաննես Դավթյանը Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալի արժանացավ:

Պատանի ձյուդոյիստները Թուրքիայում կայացած դպրոցականների համաշխարհային 16-րդ գիմնազիադայում շատ լավ հանդես եկան. 2 մեդալ ունեցանք՝ ոսկի և բրոնզ: Գասպար Հայրապետյանը 50 կգ քաշային կարգում դարձավ չեմպիոն, իսկ Գոռ Հովսեփյանը 55 կգ քաշային կարգում՝ բրոնզե մեդալակիր:

Երիտասարդական հավաքականը տարբեր մրցաշարերում կարողացավ հաջող հանդես գալ, սակայն Եվրոպայի առաջնությունից տղաները ձեռնունայն վերադարձան:

Անցյալ տարի պաշտոնական առաջնություններում մեր մարզիկները նվաճեցին 33 մեդալ: Այո, այս տարի քանակը նվազել է: Սա կապված է նաև այն հանգամանքի հետ, որ անցյալ տարի Մոսկվայում տեղի ունեցան համաբանակային խաղեր, որոնց թվում էր նաև ձյուդոն:

Նշեմ նաև, որ ձյուդոյի ֆեդերացիան մեծ ուշադրություն է դարձնում հաշմանդամային սպորտին: Աշխատում ենք Խուլերի մարզական ֆեդերացիայի հետ: Մեր մարզիկները կարողանում են հաջողությամբ հանդես գալ միջազգային ասպարեզում և մրցանակային տեղեր զբաղեցնել: 2017-ին աշխատելու ենք նաև կույրերի ձյուդոյի զարգացման ուղղությամբ, որն այսօր աշխարհում մեծ տարածում ունի:

- Վերջերս կայացավ մեծահասակների ձյուդոյի Հայաստանի առաջնությունը, որի արդյունքներով կազմավորվելու է հավաքականը: Մարզիկների պատրաստվածության մակարդակը բավարա՞ր էր:

- Հայաստանի մեծահասակների առաջնությունը կայացավ նոյեմբերի 27-ին: Առաջնության հիմնական նպատակն էր կազմավորել 2017 թվականի ձյուդոյի հավաքականը:

Անցյալ տարվա համեմատ՝ մասնակիցների թիվն աճել էր: Այժմ հարկավոր է ուշադրություն դարձնել առավելապես որակական փոփոխությունների վրա, որոնք ավելի դանդաղ են ընթանում: Ֆինանսական խնդիրներն են շատ:

Ուրախալի է, որ երիտասարդների մեջ կան հեռանկարային մարզիկներ: Մենք հույսեր ենք կապում հենց այդ երիտասարդների հետ: Կարծում եմ, որ նվիրված աշխատանքի դեպքում նրանք կկարողանան Տոկիոյի օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերել: 2020 թվականին կունենանք նոր կադրեր:

Ֆերդինանտ Կարապետյանը 73 կգ քաշային կարգում հիանալի հանդես եկավ, վստահ անցկացրեց բոլոր գոտեմարտերը: Մեր մարզիկները ճիշտ և նվիրված աշխատանքի դեպքում կարող են հանդես գալ օլիմպիական խաղերում և, ինչու չէ, մեդալներ նվաճել:

Հավաքականի տղաներն այժմ Ծաղկաձորում մասնակցում են 2016 թվականի վերջին ուսումնամարզական հավաքին:

- Ամփոփելով մարզական տարին, վերլուծելով մարզիկների գրանցած արդյունքները մրցաշրջանում կարո՞ղ ենք ասել, որ հնարավոր են մարզչական փոփոխություններ:

- Տարեվերջին կանցկացնենք համաժողով: Հնարավոր է՝ մարզչական շտաբի փոփոխություններ լինեն: Բնական է, որ այս ամենը կհանգեցնի աշխատանքային նոր մեթոդների կիրառման և նոր ծրագրերի իրականացման:

Նախորդ տարիներին մարզիչները շեշտը դնում էին բարձր միավորներ տվող մրցաշարերի վրա, և շատ անգամ մեր մարզիկների պատրաստությունը թույլ չէր տալիս հաջող հանդես գալ, նրանք առանց միավորների էին վերադառնում:

2017-ին մենք կմասնակցենք ավելի քիչ մրցումների և այնպիսի մրցաշարերի, որոնք ավելի քիչ միավորներ են տալիս: Այդ մակարդակը հաղթահարող մարզիկները հետագայում կմասնակցեն բարձր վարկանիշային մրցումների:

2017 թվականի մեկնարկը կտրվի հունվարի 16-ին՝ իրար հաջորդող ուսումնամարզական հավաքներով Հայաստանում և Վրաստանում: Մենք մշտապես համագործակցել ենք Վրաստանի հետ: Նրանք անվանի մարզիկներ ունեն, ուժեղ հավաքական, և նրանց հետ փորձի փոխանակումը բավական արդյունավետ կարող է լինել: Պլանավորել և արդեն իսկ համաձայնության ենք եկել կարևոր ստուգատեսներից առաջ Վրաստանում համատեղ հավաքներ անցկացնել:

Մարզիչների աշխատանքից էլ շատ բան է կախված: Նրանք պետք է իրենց սաներին զինեն ինչպես գործնական, այնպես էլ տեսական գիտելիքներով:

Ֆեդերացիան մարզիչների համար մշտապես անցկացնում է սեմինարներ: Տեղեկատվական տեխնոլոգիաներն այսօր ինքնուրույն սովորելու, տեղեկանալու և կատարելագործվելու, նորարարական մեթոդներին և բարձրակարգ մասնագետների փորձին ծանոթանալու հնարավորություն են տալիս: Ցավալի է, բայց այսօր մարզիչներից շատերն անգամ համակարգչից օգտվել չեն կարողանում: Այս խնդիրները հարկավոր է փուլ առ փուլ լուծել՝ փորձելով հետագայում անդրադառնալ ավելի խորքային հիմնահարցերի:

Ֆեդերացիան մշտապես կլինի նրանց կողքին՝ պատրաստ աջակցելու և օգնելու յուրաքանչյուր հարցում: Համատեղ աշխատանքի դեպքում միայն կարող ենք հաջողություններ ունենալ:

- Որո՞նք են այն հիմնական խնդիրները, որոնց լուծման դեպքում հնարավոր կլինի դաշտում որակական փոփոխությունների հասնել և ավելի բարձր արդյունքներ ձեռք բերել:

- Պետական աջակցությունը շատ կարևոր է: Բյուջեն չի բավականացնում մրցաշարերի, ուսումնամարզական հավաքների անցկացման համար:

Այսօր Հայաստանում չկա ձյուդոյի մասնագիտացված մարզադպրոց, ինչպիսին, օրինակ, ըմբշամարտի, ծանրամարտի, հրաձգության, սուսերամարտի դպրոցներն են: Կան համալիր դպրոցներ, որտեղ գործում են ձյուդոյի խմբակներ: Դպրոցներում մարզչկան շտաբներն է հարկավոր վերանայել: Սկզբունքային փոփոխություններ են հարկավոր ոլորտում:

Զարգացած չի ակումբային համակարգը: Ակումբների առկայության դեպքում մրցակցություն կլինի, ինչը և կնպաստի մարզաձևի զարգացմանը, հեռանկարային մարզիկների հայտնաբերմանը: Ակումբի ղեկավարները շահագրգռված կլինեն, որ իրենց մոտ աշխատեն որակյալ մասնագետներ և ընդգրկված լինեն հեռանկարային մարզիկներ: Ակումբները կարող են պայմանագիր կնքել ֆեդերացիայի հետ:

Տարվա մեջ նվազագույնը 300 օր հավաքականի մարզիկները պետք է լինեն մարզչի ուշադրության կենտրոնում: Այդ պարագայում միայն կարելի է արդյունք պահանջել մարզչից, իսկ անհաջողության դեպքում՝ անգամ մեղադրել: Այսօր տարվա կտրվածքով մարզիչը հնարավորություն ունի աշխատելու մարզիկների հետ ընդամենը 60-70 օր: Մարզիկների ցույց տված արդյունքները, կարելի է ասել, ուղիղ համեմատական են հնարավորություններին:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: