Հայերեն   English   Русский  

Ձեր ենթակաները ցանկացել են հեռու պահել Ձեզ ճշմարտությունից. եզդիների նամակը՝ վարչապետին


  
դիտումներ: 259

Հայաստանում բնակվող եզդի կանանց մեծամասնության կրթության իրավունքը խախտվում է, նրանց կեսից ավելին անգամ չի հասցնում ավարտել դպրոցական ուսուցման ցիկլը, խախտվում է եզդի երեխաների կրոնի ազատության իրավունքը: Այս մասին նշված է ՀՀ վարչապետին ուղղված «Սինջար» եզդիների ազգային միավորման բաց նամակում»:

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Պարոն Կարապետյան, երբ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կազմակերպած ձեր ասուլիսը պետք է կայանար, մենք եւս որոշեցինք հարց ուղղել ձեզ: Մենք առաջարկեցինք ձեզ հանդիպել ազգային փոքրամասնությունների ակտիվ գործիչների հետ: Երեկ ուրախությամբ տեղեկացա, որ մեր առաջարկը կյանքի եք կոչել եւ հանդիպել եք ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, սակայն զարմանալի էր, որ առաջարկ անող կազմակերպությունից՝ «Սինջար» եզդիների ազգային միավորման եւ ոչ մի ներկայացուցիչ հրավիրված չէր հանդիպմանը:

Պարոն վարչապետ վստահ ենք, որ դուք չեք ընտրել, թե ովքեր պետք է գան հանդիպման ձեզ հետ: Մենք նաեւ վստահ ենք, որ ընտրողները հստակ տեղյակ են եղել մեր գործունեությանը եւ տեղյակ են, որ Հայաստանի Հանրապետությունում եզդի համայնքին վերաբերվող ամենասուր խնդիրները բարձրաձայնում է «Սինջար» եզդիների ազգային միավորումը: Վստահ ենք, որ այս ամենը իմանալով հանդիպումը կազմակերպած ձեր ենթակաները ցանկացել են հեռու պահել ձեզ ճշմարտությունից: Եվ սա ինչ որ իմաստով նաեւ գնահատական է մեր աշխատանքին, այսինքն մենք ճիշտ ուղու վրա ենք եւ պետական կառույցները վախենում են մեր արդարամիտ եւ ճշմարտացի խոսքից:

Պարոն վարչապետ, քանի որ հնարավորություն չենք ունեցել ներկա գտնվելու հանդիպմանը մենք ստիպված ենք հրապարակային բաց նամակի տեսքով բարձրաձայնել այն խնդիրների մասին, որոնք իսկապես մտահագող են: Վստահ ենք, որ ձեզ տեղյակ չեն պահել այն մասին, որ Հայաստանում բնակվող եզդի կանանց մեծամասնության կրթության իրավունքը խախտվում է: Եզդի կանանց կեսից ավելին անգամ չի հասցնում ավարտել դպրոցական ուսուցման ցիկլը: Ձեզ չեն ասել, որ դա արվում է կեղծ ավանդապաշտության անվան տակ եւ ՀՀ ԿԳՆ ամենաթողության պատճառով: Միեւնույն ժամանակ վստահ ենք, որ ձեզ չեն ասել, որ Հայաստանի Հանրապետությունը խախտում է եզդի երեխաների կրոնի ազատության իրավունքը, երբ Հայոց եկեղեցու պատմություն առարկայի միջոցով իրականացվում է քրիստոնեության քարոզ եւ ոչ քրիստոնյա զանգվածի կրոնափոխություն: Իհարկե մենք կարծում ենք, որ ցանկացած մարդ ազատ է իր կրոնի ընտրության հարցում, սակայն երբ այս կամ այն կրոնը փաթաթվում է դեռեւս չձեւավորված պատանիների վիզին՝ մեզ համար անընդունելի է: Անընդունելի է, որ դա արվում է աշխարհիկ պետության դպրոցներում եւ օրենքի կոպտագույն խախտմամբ:

Պարոն վարչապետ իհարկե վստահ ենք, որ դուք որեւէ վախ չունեք ուղիղ եւ ճշմարիտ խոսք լսելու, սակայն խնդրում ենք, ձեր ենթականերին խորհուրդ տալ չվախենալ մեր աշխատանքից: Չփորձեն վախեցնել, լռեցնել: Թող փորձեն լսել եւ որոշակի գաղափարներ կյանքի կոչել, որոնք վստահաբար ի փառս Հայաստանի Հանրապետության են, որի հպարտ քաղաքացիներն ենք մենք:

«Սինջար» եզդիների ազգային միավորման նախագահ՝ Բորիս Մուրազի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: