Հայերեն   English   Русский  

Հայ-ամերիկյան կամերային միացյալ նվագախումբն առաջին ելույթը կունենա Հայաստանում


  
դիտումներ: 2174

Հայ-ամերիկյան կամերային միացյալ նվագախումբն այսօր առաջին բեմական ելույթը կունենա Երևանում:

Նվագախումբը հիմնադրել է «Աշոտ Տիգրանյան մշակութային –երաժշտական»հիմնադրամը, որը ստեղծվել է 2016 թվականին: Հիմնադրամը գործում է Հայաստանում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Նիդերլանդներում:

Տիգրանյանը ծնվել է Հայաստանում, սովորել Մոսկվայի պետական կոնսերվատորիայում՝ աշխարհահռչակ ջութակահար Լեոնիդ Կոգանի դասարանում: Ավելի ուշ հաստատվել է Միացյալ Նահանգներում՝ շարունակելով մասնագիտական գործունեությունն այնտեղ:

30 տարվա ընդմիջումից հետո ջութակահարը կրկին Հայաստանում է. «Ես իմ պարտքն եմ համարում որքան կարելի է շատ հնարավորություններ ստեղծել հայ տաղանդարվոր երիտասարդների համար: Այդ նպատակով ստեղծեցի հիմնադրամը: Դա վերաբերում է ոչ միայն երաժշտությանը, այլև մշակույթի այլ ճյուղերին՝ կինո, գրականություն և այլն»,- ասաց մաեստրոն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Նա նվագախումբն անվանել է հայ ամերիկյան, որպեսզի յուրահատուկ կամուրջ կառուցի երկու տարբեր աշխարհների միջև, որտեղ ապրել է. «Վերջիվերջո, աշխարհի տարբեր անկյուններում ապրող երիտասարդները, ներկայիս սերունդը իրար հետ շփվելով պետք է ստեղծի հետաքրքիր ուղղություն»:

Նվագախմբի կազմում ընդգրկված 34 երաժիշտների մի մասը Հայաստանից են, մյուս մասը Միացյալ Նահանգներից ու եվրոպական մի շարք երկրներից:

Հայ-ամերիկյան կամերային միացյալ նվագախմբի կոնցերտմայստեր Նատաշա Գրուիչն արդեն երկրորդ անգամ է Հայաստանում, անցած ամիս նույնպես ժամանել էր Հայաստան երիտասարդ երաժիշտների հետ աշխատելու նպատակով. « Նվագախումբը բաղկացած է հիանալի երաժիշտներից, և համագործակցությունը շատ արագ զարգացավ: Ես շատ մեծ պոտենցյալ եմ տեսնում այս նվագախմբում: Բոլորս էլ տանն ենք զգում՝ այստեղ հայաստանում»,-նշեց նա:

Նվագախմբի առաջին բեմելը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 16-ին: Դրանից հետո նախատեսված են շրջագայություններ մի շարք երկրներ, այդ թվում՝ Լեհաստան և Չինաստան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: