Հայերեն   English   Русский  

ՀՔԾ. Ավարտվել է ճանաչված լեզվաբանի ամուսնու սպանության գործով նախաքննությունը. մեղադրանքներ են առաջադրվել 5, այդ թվում՝ պաշտոնատար անձանց


  
դիտումներ: 852

Ճանաչված լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված անաչառ, լրիվ և բազմակողմանի նախաքննության ընթացքում բացահայտվել են խուլիգանական դրդումներով սպանության և մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու բոլոր հանգամանքները: Մի շարք քննչական և դատավարական գործողություների արդյունքում որպես մեղադրյալ ներգրավվել են 5 անձինք, այդ թվում՝ պաշտոնատար:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2016թ. հունիսի 4-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի հարկադիր կատարող Խաչիկ Կոսյանը, աներորդին՝ Արտաշես Չիչոյանը, ընկերները՝ Արարատ Նիկողոսյանը, Արթուր Զաքարյանը և Յուրի Հակոբյանը, Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի մոտակայքում Ե. Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, խուլիգանական դրդումներով, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները և մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով, ձեռքերով և ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել վերջինիս կենսական կարևոր նշանակություն ունեցող մարմնի տարբեր մասերի` գլխի, կրծքավանդակի ու որովայնի շրջաններում, պատճառել կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ և ապօրինաբար Եղիշե Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից:

Բացի այդ, քննությամբ հիմնավորվել է, որ Արտաշես Չիչոյանը, Արարատ Նիկողոսյանը, Խաչիկ Կոսյանը, Յուրի Հակոբյանը, Արթուր Զաքարյանը և ինքնությունը դեռևս չպարզված անձը խախտելով հասարակական կարգը և իրենց գործողությունները զուգորդելով փողոցով երթևեկող վարորդների, ուղևորների և հավաքված բազմության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, խմբով կատարել են խուլիգանություն: Մասնավորապես, հիշյալ անձինք տևական ժամանակ հայհոյանքներ են հնչեցրել և ֆիզիկական բիրտ ուժի ցուցադրմամբ սպառնալիք ստեղծել ու տագնապ առաջացրել հավաքվածների շրջանում: Այդ ընթացքում անտեսելով Եղիշե Խաչատրյանի տարեց մոր՝ որդուն չհարվածելու վերաբերյալ աղերսանքը, հրել են նրան, գցել գետնին, ապա ոտքերով հարվածներ հասցրել որդուն փրկելու համար քաշքշուկի մեջ նետված 75-ամյա Էմմա Աբրահամյանին՝ վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս:

Հիշյալ հանցավոր արարքները կատարելու համար Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի հարկադիր կատարող Խ. Կոսյանը, Ա. Չիչոյանը, Ա. Նիկողոսյանը, Ա. Զաքարյանը և Յ. Հակոբյանը ՀՀ քրեական օրենսգրքի 104–րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով ներգրավվել են որպես մեղադրյալներ: Մեղադրյալների նկատմամբ մինչդատական վարույթում որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: