Հայերեն   English   Русский  

Ստաս Նամին. «Ես երջանիկ եմ, որ նման հիանալի նվագախումբը և նրա աներևակայելի դիրիժորը ներկայացնում են իմ սիմֆոնիան»


  
դիտումներ: 4093

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը Ստաս Նամինի ստեղծագործական օրերի շրջանակներում դեկտեմբերի 19-ին ներկայացրել է Նամինի Centuria S-Quark սիմֆոնիան։

Հեղինակը, խոսելով իր սիմֆոնիայի վերաբերյալ, նկատում է, որ ստեղծագործությունը գրելիս մտածել է այն մասին, թե ինչպես է կառուցված մարդկային քաղաքակրթությունը։ Ըստ երաժշտի՝ հոմո սապիենսը, ցավոք, չունի կոլեկտիվ գիտակցություն. «Մինչդեռ անհատական գիտակցությունը թույլ չի տալիս համակարգային մոտեցում ցուցաբերել քաղաքակրթության զարգացմանը։ Այդ պատճառով այն ինքնաոչնչանում է։ Ուստի ապոկալիպսիսը կանխորոշված է, որովհետև չկա կոլեկտիվ գիտակցություն՝ ինչպես, օրինակ, մեղուների մոտ, որոնք հանուն սեփական քաղաքակրթության պահպանման, ստեղծել են մի ամբողջ սխեմա։ Առանձին-առանձին մեղուները ոչինչ են, մինչդեռ միասին նրանք բավականին լուրջ են։ Իսկ մարդկանց մոտ հակառակն է։ Եվ այս ամենը ես փորձել եմ ներկայացնել ստեղծագործության միջոցով։ Ես փորձել եմ ցույց տալ սեր ու պատերազմ, համամարդկային զգացմունքները՝ լիարժեք, գեղեցիկ, գուցե նաև՝ սարսափելի, սակայն այնուամենայնիվ՝ շատ հասկանալի»։

Ստաս Նամինը սիմֆոնիայի ներկայացմանը նախորդած իր խոսքում նշել է նաև, որ իր համար անակնկալ բացահայտում էր Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը։ «Ես երջանիկ եմ, որ նման հիանալի նվագախումբը և նրա աներևակայելի դիրիժորը՝ ժամանակակից, խելացի, տաղանդավոր, ներկայացնում են իմ սիմֆոնիան։ Սա պրեմիերա է»,- ասել է Ստաս Նամինը։

Հեղինակը նաև նշել է, որ իր մայրը, ով ի դեպ, ներկա էր համերգին, ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան, այնուհետև ասպիրանտուրան Մոսկվայում, և իրենց տանը միշտ եղել են շատ լուրջ սիմֆոնիկ երաժիշտներ՝ Շոստակովիչ, Խաչատրյան, Պենդերեցկի և այլք։ «Տարվելով ռոքնռոլով՝ բավականին հեռացա դասական արվետից։ Սակայն 1980-ականների վերջին փորձել եմ ինչ-որ բան անել սիմֆոնիկ ժանրում։ Ես ստեղծեցի Մոսկվայի սիմֆոնիկ նվագախումբը՝ Ռուսաստանում առաջին մասնավոր նվագախումբը։ Մի շրջան այդ կոլեկտիվի գլխավոր դիրիժորն Օհան Դուրյանն էր, ով Մոսկվան ցնցել էր իր տաղանդով։ Եվ նա ուներ սիմֆոնիա գրելու հստակ համակարգ»,- ասել է Նամինը։ Դուրյանն այդ ունիկալ համակարգը փոխանցել է Նամինին։ Նա խոստովանում է, որ երբեք չի մտածել, թե կգրի սիմֆոնիկ երաժշտություն. «8 մասից բաղկացած սյուիտ գրել եմ, բայց սիմֆոնիան լուրջ ստեղծագործություն է, և երբեք չէի մտածում դուրս գալ այդ մակարդակ։ Բայց միևնույն է, ինչ-որ բան առանձնացրի Օհան Դուրյանից, և 3 տարի առաջ որոշեցի գրել սիմֆոնիա, և այժմ այն կներկայացվի հանդիսատեսին»։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշում է, որ Նամինի ստեղծագործությունը յուրահատուկ է։ «Կարևորում եմ, որ հայազգի շատ հայտնի մշակութային գործիչ Ստաս Նամինի սիմֆոնիան ձայնագրվել է աշխարհում ամենահայտնի ստուդիաներից մեկում՝ Abbey Road-ում և Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Դա արդեն շատ լուրջ չափանիշ է։ Ստեղծագործությունը ցույց է տալիս կոմպոզիտորի կյանքի տեսլականը։ Նամինն իր սիմֆոնիայով շատ լուրջ խնդիրներ է արծարծում և փոխանցում ունկնդրին։ Եվ կարծում եմ՝ այն բարդ պարտիտուրը, որ ներկայացվել է նվագախմբին, հաղթահարել ենք ինչպես տեխնիկական, այնպես էլ երաժշտական առումներով»,- ասել է մաեստրո Սմբատյանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: