Հայերեն   English   Русский  

​Արցախը մտել է միջազգային գիտական շրջանառության մեջ. գիտնականն ամփոփում է Ազոխի պեղումների 15 տարիները


  
դիտումներ: 3902

Արցախում՝ Ազոխի քարանձավում, 15 տարի կատարված պեղումների արդյունքներն ամփոփվել են անգլալեզու «Ազոխի քարանձավը և կովկասյան միջանցքը» գրքում, որը հրատարակել է շվեյցարական «Springer» գիտատեխնիկական հրատարակչությունը: Գիրքը թե՛ տպագիր, թե՛ էլեկտրոնային տարբերակով հասանելի է աշխարհի գիտական հանրությանը, առաջատար բուհերին և ոլորտով հետաքրքրվողներին: Գրքում զետեղված են աշխարհի 25 համալսարանների գիտաշխատողների հեղինակած հոդվածները:

Նշենք, որ Ազոխում պեղումներ իրականացրած և գիրքը հեղինակած գիտնականները (Լևոն Եպիսկոպոսյան (ՀՀ), Պիթեր Ջոն Էնդրյուս, Տանիա Քրիստինե Քինգ (ՄԹ), Ջոն Մյուրրեյ, (Իռլանդիա), Յոլանդա Ֆերնանդես-Խալվոյ (Իսպանիա)) օրերս Արցախի նախագահ Բակո Սահակյանի կողմից պարգևատրվել են «Վաչագան Բարեպաշտ» մեդալով:

Արշավախմբի ղեկավար, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ Լևոն Եպիսկոպոսյանը, ներկայացնելով գրքի նշանակությունը, ասում է, որ այսպիսով ապացուցվում է, որ կովկասյան կամ հարավկովկասյան տարածքը եղել է տարանցիկ միջանցք հնագույն մարդու, ինչպես նաև կենդանիների համար, որոնք Աֆրիկայից կամ Մերձավոր Արևելքից ժամանակին այսպես են անցել դեպի Եվրոպա:

«Ազոխը եղել է այն կայաններից մեկը, որտեղ մարդն ապրել է: Մարդու բոլոր հնարավոր հետքերը մենք այդտեղ գտել ենք՝ և՛ մարդու ոսկորներ, և՛ կենդանիների ոսկորներ, և՛ գործիքներ»,- ասում է Եպիսկոպոսյանը:

Երկրորդ և առավել կարևոր հանգամանքը, ըստ Եպիսկոպոսյանի, Արցախում գիտական աշխատանքի համար ստեղծված բարենպաստ պայմաններն են. «Մենք կարողացանք ապացուցել, որ այսօրվա բավականին ծանր քաղաքական պայմաններում Արցախի Հանրապետությունում ստեղծված են բոլոր հնարավորությունները բարձր մակարդակի գիտական աշխատանք ծավալելու համար: Սա առաջին գիրքն է, որը լույս է տեսել արտասահմանում՝ միջազգային հեղինակավոր հրատարակչությունում, որն ինքնըստինքյան արդեն վկայում է այն մասին, որ Արցախը մտել է միջազգային գիտական շրջանառության մեջ»:

Եպիսկոպոսյանը կարևորում է նաև այն հանգամանքը, որ գիրքը հերթական անգամ ապացուցում է՝ համագործակցությունն արդյունավետ ճանապարհ է. «Երբեք չպետք է դժգոհել, որ Հայաստանում չկան պայմաններ, ծանր է: Պայմանները միշտ էլ անբավարար են, նույնիսկ՝ ամենազարգացած երկրներում: Մենք չենք կարող ստեղծել միայն շատ լավ պայմաններ գիտության մեջ և մոռանալ այլ հարցերը: Մենք պետք է գտնենք ճանապարհը»:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու ու ինչպես են Ազոխն ընտրել ուսումնասիրությունների համար, Եպիսկոպոսյանը նշում է, որ դեռ նախորդ դարի 60-ական թվականներին խորհրդային գիտնականներն այստեղ որոշակի ուսումնասիրություններ կատարել էին: «Այլ հարց է, որ նրանց կիրառած մեթոդները եղել են բարբարոսական: Աշխատել են արագ նյութ հավաքել և երբեմն դա արել են՝ ուղղակի քանդելով հուշարձանը, վակուումային մուրճ են օգտագործել, որը հնէաբանական, հնագիտական պեղումների ժամանակ բացառվում է»: Ասում է, որ իրենց արշավախումբն աշխատում է ատամնաբուժական գործիքներով, վրձիններով և տարեկան պեղում է ընդամենը 20 սմ: «Այսինքն՝ մանրակրկիտ, շատ ուշադիր աշխատանք է, քանի որ ամբողջական նյութը հետագայում պիտի վերլուծենք՝ համապարփակ պատկերը ստանալու համար: Որպեսզի իմանանք, թե ինչ է կատարվելու հետագայում, մենք պետք է իմանանք, թե ինչ է կատարվել անցյալում»,- ասում է նա:

Եպիսկոպոսյանն ասում է, որ Ազոխում 13 մետր հաստությամբ պատմական շերտ կա, որն ամփոփում է շուրջ 300 հազար տարվա պատմություն: «Նման հուշարձաններ այս տարածաշրջանում քիչ են, 2-ը Իսրայելում են գտնվում, մեկն էլ՝ Հայաստանում: Մնացած հուշարձանները, որոնց ես ծանոթ եմ մեր տարածաշրջանում, լավագույն դեպքում մի քանի մետր են»,- ասում է նա՝ հավելելով, որ հենց այս բացառիկությամբ էլ պայմանավորված է միջազգային հեղինակավոր գիտնականների մեծ հետաքրքրությունը քարանձավի նկատմամբ:

«Արցախի իշխանությունները շատ հետաքրքրված են, քանի որ սա նաև անուղղակի ճանաչման ճանապարհ է: Այսինքն՝ գիտության մեջ արդեն Արցախը ճանաչվում է: Եթե ճանաչվում է այս աշխատանքի արդյունքը որպես Արցախում կատարված, եթե ճանաչվում է այն հանգամանքը, որ այս պեղումների թույլտվությունը մենք ստանում ենք տեղական իշխանություններից՝ դա շատ կարևոր է,- ասում է Եպիսկոպոսյանը և նշում, որ Արցախի իշխանություններն ամեն կերպ սատարում են գիտական աշխատանքներին, պարբերաբար այցելում ուսումնասիրության վայր:- Մեր նմուշները, որոնք մենք ձեռք ենք բերել պեղումների ժամանակ, բոլորը մնում են Արցախում, բացառությամբ այն նմուշների, որոնք գտնվում են ուսումնասիրման ընթացքում»:

Ազոխի քարանձավը և կովկասյան միջանցք

Անդրադառնալով այն հարցին, թե կարող է արդյոք Ազոխի քարանձավը տուրիստական երթուղու մաս դառնալ, մասնագետը նշում է, որ բոլոր նախադրյալները կան: «Ազոխն ինքնըստինքյան շատ հետաքրքիր է բազմաթիվ առումներով: Պեղումներն արդեն պետք է հրապուրեն տուրիստներին, քանի որ գալիս ու տարբեր շերտեր են տեսնում, այս շերտը 100 հազար տարվա է, մյուս շերտը 150 հազար տարվա է, կարող են մտովի պատկերացնել, թե հնագույն մարդու հետքերն ինչպես են առաջացել, ինչպես է նա գոյատևել, ինչ ապրելակերպ է ունեցել»,- ասում է նա: Բայց նաև նշում է, որ Ազոխի ոչ բոլոր հատվածներն է, որ պետք է հասանելի լինեն զբոսաշրջիկներին. ներսի հատվածում, որը տարբեր սրահներից է բաղկացած, բնակվում են էնդեմիկ չղջիկներ, և զբոսաշրջային այցելությունները կարող են բացասական ազդեցություն ունենալ:

«Կարելի է սահմանափակվել այն տարածքով, որտեղ մենք ենք աշխատում: Տուրիստական այցելությունները մեզ էլ կօգնեն: Ինչքան իրազեկ են բոլոր խավերը, թե ինչ է այնտեղ կատարվում, այնքան ավելի հեշտ կլինի մեզ համար գումարներ հայթայթել աշխատանքները շարունակելու համար»,- ասում է նա:

Ազոխի քարանձավում պեղումները շարունակվելու են: «13 մետր է, մենք պեղել ենք մոտ 2-3 մետր՝ հաշվի առնելով նաև նախկին աշխատանքները: Այսինքն՝ դեռ 10 մետրից ավելի շերտ կա: Եթե տարեկան 20 սմ ենք պեղում, մոտավորապես 50 տարվա աշխատանք կա, եթե նույն տեմպով շարունակենք,- ասում է գիտնականը և շեշտում, որ Ազոխում իրականացվող աշխատանքները քաղաքական բնույթ չեն կրում:- Վերին շերտը, որից մենք սկսել ենք աշխատել՝ 100 հազար տարվա վաղեմություն ունի: 100 հազար տարի առաջ ժամանակակից մարդը չի բնակվել այս տարածքում: Այսինքն՝ այն, ինչ անում ենք, վերաբերում է նախորդ տեսակներին` նեանդերթալյան և հեյդելբերգյան մարդուն: Այն, ինչ գտնում ենք, որևէ առնչություն չունի ո՛չ հայերի, ո՛չ վրացիների, ո՛չ հրեաների և ո՛չ էլ, առավել ևս ադրբեջանցիների հետ»:

Չնայած այդ հանգամանքին՝ ադրբեջանցիները պետական մակարդակով մեծ ջանքեր են թափել՝ խոչընդոտելու անգլալեզու գրքի հրատարակությունը. «Կարծում եմ, նրանց բարկացնում է այն իրողությունը, որ այսօր Արցախում ստեղծվել են պայմաններ, համապատասխան մթնոլորտ, որտեղ հաճույքով մեր գործընկերները գալիս են աշխատելու: Եվ ամեն ինչ անում են, որ մարդիկ քիչ գնան Արցախ, այցելուների թիվը կրճատվի: Ադրբեջանցիները կարողանում են համախմբել գիտությունը և պետական մեքենան՝ իրենց սուտն առաջ տանելու, իրենց նպատակին հասնելու համար: Մենք, լինելով արդար, ունենալով փաստարկներ, միայնակ ենք պայքարում: Երբ ադրբեջանցիները սկսեցին գրքի դեմ պայքարել, օգտագործեցին իրենց ԱԳՆ-ի ողջ ուժերը դեսպանների մակարդակով: Մինչդեռ ես դիմեցի մեր ԱԳՆ, ասացին, որ նման բաներով զբաղվելու ժամանակ չունեն: Ասացի՝ պետք չէ օգնել, ուղղակի երբ իրենք այդ հարթությունում ազդում են, դուք էլ նույն տիրույթում եք գտնվում, այնտեղ պայքարեք: Բայց ոչ»:

Խոսելով ադրբեջանական գիտնականների՝ հայերի ոչ բնիկ լինելու հայտարարությունների մասին՝ գիտնականն ասում է, որ նրանք գիտության հետ կապ չունեցող ԶԼՄ-ների մակարդակով են խոսում միայն. «Թող համարձակվեն նույնը գրել որևէ գիտական հանդեսում: Համաձայն եմ, թող ունենանք բախումներ, բայց հավասար դաշտում, ոչ թե այսպես մերկ ձևով ներկայացնեն այն, ինչը գոյություն չունի, քանի որ դա գիտական փաստ չէ: Մենք պետք է մեր վեճը ԶԼՄ-ներից գիտական հարթություն տեղափոխենք»:

Նա բարձրաձայնում է ադրբեջանցի «գիտնականներին» հերքող հերթական հակափաստարկի մասին. «Ազոխի քարանձավից բացի, կան նաև այլ քարանձավներ, որոնք մի շղթա են կազմում, և դրանք ուշ թե շուտ պետք է ուսումնասիրել: Մի քանի տարի առաջ Արցախի կառավարությունը մեզ խնդրեց հետախուզական աշխատանքներ սկսել, հայտնաբերել, առանձնացնել խոստումնալից քարանձավները, որտեղ նորից կարելի է պեղումներ իրականացնել: Մենք առանձնացրինք 2-3 քարանձավ, դրանցից մեկում պեղումների արդյունքում տարբեր նմուշներ ենք գտել, որոնք հետաքրքիր են: Այդ նմուշներից մեկը 6 հազար տարվա է, այն գենետիկորեն հետազոտվեց և ուներ մի հատկություն, որը բնորոշ է այս տարածաշրջանի ժողովուրդներին և նաև մեր հարևան ժողովուրդներին: Կարևոր է, որ դրա գենետիկական հատկությունը բնորոշ է ոչ թե միայն հայերին, այլ նաև հայերին»:

Այնուամենայնիվ, գիտնականը ԶԼՄ-ներին կոչ է անում սենսացիաներ չփնտրել այս ոլորտում: «Իմ խնդրանքն է, որ մեկս մյուսին օգնենք, ոչ թե փորձենք կորզել ինֆորմացիա և սենսացիայի վերածել: Գիտությունը, որն առնչվում է սենսացիայի հետ, գիտություն չէ»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: