Հայերեն   English   Русский  

​«Սփյուռքը մեծ սպասումներ ունի Հայաստանի նոր կառավարությունից». Համո Մոսկոֆյան


  
դիտումներ: 1395

Բեյրութահայ դիվանագիտական լրագրող Համո Մոսկոֆյանը հաճախակի է Հայաստան այցելում, եղել է աշխարհի ավելի քան 80 երկրներում, մշտապես անդրադարձել է հայաշատ գաղութների կյանքին ու գործունեությանը, տիրապետում է 7 օտար լեզվի:

Օրեր առաջ Հայաստանում կայացավ Արևմտահայերի հայկական կոնգրեսի հերթական համագումարը, որի շրջանակներում նա հրավիրված էր որպես ազգային փոքրամասնությունների հիմնախնդիրների համակարգող: Առիթն օգտագործելով՝ պարոն Մոսկոֆյանի հետ զրուցեցինք Հայաստանի տնտեսության, ներդրումների և քաղաքական այլ հարցերի շուրջ:

- Սփյուռքը կարծես վերջին ժամանակներս հակված չէ Հայաստանում ներդրումներ կատարել, ինչպիսի՞ նպաստավոր պայմաններ են պետք՝ վերականգնելու երկրի նկատմամբ սփյուռքահայ գործարարների վստահությունը:

- Ներդրումների ծավալը չեմ կարող ասել, որ շատ նվազել է, կոնկրետ շինարարության ոլորտում կա աշխուժություն: Սակայն նկատեմ, որ անվստահության հիմնական ազդակը փոխանցվում է պրոպագանդումից, այսինքն՝ ինչպես է երկիրը ներկայացվում սփյուռքում: Իսկ այս գործոնն այնքան էլ բարենպաստ անդրադարձ չի ունենում երկրի հեղինակության և վարկանիշի ձևավորման վրա:

Անշուշտ, հասարակության մի շերտ կա, որը մշտապես արտագաղթի ճանապարհին է և ամենուր վատաբանում է երկիրն ու տնտեսությունը, ինչը, ինչ խոսք, բացասաբար է անդրադառնում գործարար շրջանակների համար: Այն մարդիկ, ովքեր երբև հակված էին իրենց հայրենիքում ներդրումներ կատարելու, կորցնում են հույսն ու առավել վստահելի գործընկեր փնտրում՝ Հայաստանը դիտարկելով տնտեսապես ոչ գրավիչ:

- Ուրեմն, կարելի է կարծել, որ երկրի տնտեսությունը և ներդրումային միջավայրն իրոք բարենպաստ են, ուղղակի խնդիրը սխալ քարոզչությունն է:

- Չէի ասի, թե երկրի տնտեսությունը լավ վիճակում է: Հարկային դաշտը, տուգանքները, բիզնեսի խաղի կանոները միշտ Էլ տնտեսության մեջ առկա են: Սակայն բիզնեսն էլ պիտի ունենա մրցակցելու և մրցունակության համար նախադրյալներ ստեղծելու իր մեխանիզմը, որ կարողանա աշխատել, հաջողել ու կայանալ:

2014 թվականին, երբ ժամանեցի Հայաստան, երկու տարվա համեմատ՝ հսկայական փոփոխություն նկատեցի, շինարարության մեծ ծավալներ, նոր կառուցապատվող տներ: Եվ հավատացեք, որ մեծ մասամբ այս ոլորտում ներդրում են բերում հենց սփյուռքահայերը: Նրանցից շատերը գալիս են իրենց հարկաբաժիններն ունենալու: Եկեք խոստովանենք, որ դա լավ միտում է:

Հյուրանոցներ են կառուցվում սփյուռքի ներդրմամբ: 16 տարի աշխատել եմ Հայաստանում, սակայն այժմ այլ պատկեր է: Մեծացել է նաև կադրային ներուժը: Նախկինում կրթությանն այդքան մեծ տեղ չէին հատկացնում ուսանողները, ինչպես հիմա: Կրթության դերն է մեծացել, շատ կրթված երիտասարդներ ունենք այսօր, որոնք նույնիսկ մի քանի լեզուների են տիրապետում: Ինչպե՞ս կարող են նման պահանջված աշխատակիցները զբաղվածություն չունենալ:

Մեծացել է կրթության դերը, մրցունակ կադրերի, որոնք գիտակցում են, որ նոր պահանջներ են դրվում աշխատաշուկայում, ներմուծվում են նոր տեխնոլոգիաներ, նորարարություններ, որոնց համընթաց քայլել է պետք:

- Իրավիճակը փոխելու համար, որպես դիվանագիտական լրագրող, ի՞նչ գործիքներ կառաջարկեիք: Նկատենք նաև, որ մեծ թվով սիրիահայեր իրենց հայրենիքում պաշտպանված ու ապահով չզգալու պատճառով լքեցին Հայաստանը:

- Այո, հիմնական դերը վերապահված է հենց ԶԼՄ-ներին, որոնք, իրենց դիրքորոշումից ելնելով, վատաբանում են երկիրն ու իշխանություններին՝ տնտեսությունն ու սոցիալական վիճակը առավել վատթար գույներով ներկայացնելով: Լրագրողները պետք է զգույշ մոտենան, ինքնագիտակցությամբ, մանավանդ որ պատերազմող երկիր ենք: Հուսահատ է սփյուռքահայությունը հայրենիքի նկատմամբ, որի վառ ապացույցը վերջին՝ «Սասնա ծռեր» խմբավորման իրարանցումն էր: Այդ ամենը սփյուռքը շատ սառն ընդունեց, առանց ավելորդ էմոցիաների: Մենք լավ գիտենք՝ ովքեր են կանգնած եղել այդ հեղաշրջման փորձի հետևում, ո՛ր հետախուզական վարչությունները: Հասկանալի է, ժողովրդի դժգոհությունը, սոցիալական պայմանները ստիպում են միանալ նման բոյկոտներին, բայց դա գրեթե նույն սցենարն էր, ինչը եղավ Սիրիայում, Իրաքում, Լիբանանում, Թուրքիայում:

Կառավարությունը պետք է պարբերաբար գործարարներին հրավիրի Հայաստան, որպեսզի վերջիններս իրենց գնահատված և շոյված զգան, հասկանան, որ իրենց գործով հայրենիքը հետաքրքրված է , իշխանությունները պետք է խրախուսեն, ստեղծեն վստահելի միջավայր: Քիչ չեն սփյուռքահայերի կողմից կատարած ներդրումները: Օրինակ՝ այս պահին 132 լիբանանյան ընկերություն կա Հայաստանում, արգենտինյան հայերի կողմից ևս մեծ թիվ են կազմում ներդրումային ծավալները, խոսքը բնավ միայն Էռնեկյանի ներդրումներին չի վերաբերում: Բրազիլահայերը ևս ներդրումներ ունեն. նշենք, որ այնտեղ հայկական համայնքը բավական մեծ է ու միասնական:

Նրանք պետք է զգան, որ իրենց հայրենիքում պաշտպանված են, ապահով են ու գնահատված: Ինչ վերաբերում է Հայաստանից գաղթող սիրիահայերին, ապա չեմ կարծում, թե մեկնելով Կանադա՝ ավելի նպաստավոր կենսապայմաններ կունենան, քան Հայաստանում: Ես ինքս չեմ արդարացնում նրանց մեկնելը, գուցե մնային ու ավելի բարեկեցիկ լիներ իրենց կյանքը, քան օտար երկրում, որտեղ ամեն օր միգրանտների վերաբերյալ նոր որոշումներ են կայացնում, իրավունքներ սահմանափակում:

- Իսկ առհասարակ, ինչպիսի՞ն են սփյուռքում սպասումները նոր ձևավորված կառավարությունից:

- Սփյուռքում ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի գալը կառավարություն դրական արձագանք գտավ: Մենք սփյուռքում բոլորս հույս ունենք, որ Կարեն Կարապետյանի ձևավորած կառավարությունը պրոֆեսիոնալ կաշխատի, քիչ թե շատ կբարեփոխի և գոնե մեկ քայլով դեպի զարգացման կտանի տնտեսությունը: Վատատեսությունն ինքնին վատ ազդակ է, անընդհատ վարկաբեկելով երկիրն ու ներկայացնելով այն որպես դատարկվող ու արտագաղթող պետություն՝ խոչընդոտում ենք նրա առաջխաղացումը:

Հարցազրույցը՝ Լ.Ն-ի






Մեկնաբանություններ - 1

Հրաչ Պետրոսյան     05.01.2017 դուք ինքներդ հավատում եք ձեր պնդումներին սփյուռքի եւ Հայաստանի ներկայի եւ ապագայի վերաբերյալ?.. Դուք ավելի շատ ապատեղեկացնում եք հայաստանցիներին Սփյուռքի վերաբերյալ, դրսի Հայերին էլ Հայաստանի վերաբերյալ... երեւի ձեր պատճառներն ունեք
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: