Հայերեն   English   Русский  

​Եզդի Ուսուբ բեկի մասին գիրքը և Կոմիտասի խեղաթյուրված կենսագրությունը


  
դիտումներ: 10361

Նախորդ տարի ամռանը հրապարակված «Կոմիտասի կենսագրությունը կեղծվում է ամենաբարձր մակարդակով» հոդվածում գրել էինք, որ մեծ երաժշտագետի կենսագրության մի կարևոր հատված, առանց լուրջ փաստագրական հիմքերի, կապում են քրդական երաժշտության հետ: Խնդիրը բարձրացրել էր կինովավերագրող Գագիկ Հարությունյանը, որը Կոմիտասի մասին վավերագրական ֆիլմի նկարահանումների ժամանակ այնքան էր խորացել նրա գործունեության մեջ, որ բացահայտել էր ուշագրավ փաստեր:

Բանն այն է, որ գիտական աշխարհում տարածված թյուր տեսակետ կա, թե իբր Կոմիտասը, 1896–1899 թթ. ուսանելելով Բեռլինում՝ Ռ. Շմիդտի մասնավոր երաժշտանոցում և զուգահեռաբար սովորելով ու ավարտելով Ֆրիդրիխ Վիլհելմ (այժմ Հումբոլդտի անվան) համալսարանի փիլիսոփայության բաժինը, իր ավարտաճառը գրել է քրդական երաժշտության թեմայով: Սակայն պարզվում է, որ նման ավարտաճառի վերաբերյալ միակ տեղեկությունը նրա առաջին կենսագիր Թորոս Ազատյանի գրած տեղեկությունն է, այն էլ հայտնի չէ, թե ինչի հիման վրա:

Այդ թեզի գոյության մասին հաստատող որևէ փաստ չկա թե՛ Կոմիտասի գրած ինքնակենսագրականներում, թե՛ Հումբոլդտի համալսարանում, թե՛ որևէ այլ տեղ: Առհասարակ հասկանալի չէ, թե ինչու պիտի Կոմիտասը, որի նպատակը հայկական երաժշտության խորքերն ու ծալքերը աշխարհին ներկայացնելն էր, իր ավարտական թեզը գրեր քրդական երաժշտության թեմայով:

Картинки по запросу Կոմիտաս, ուսուբ բեկԻնչևէ, այս ամենն այնքան տարօրինակ ու վրդովեցուցիչ է դառնում կինոռեժիսորի համար, որ նա իր վրա է վերցնում կոմիտասագետների առաքելությունը և փորձում է գնալ մինչև վերջ ու բացահայտել այդ առեղծվածը: Այդ ընթացքում նա ոչ պակաս տարակուսելի մեկ այլ երևույթ էլ է հայտնաբերում. պարզվում է` 2012 թ. Հայաստանում հայ հեղինակի կողմից տպագրվել է մի գիրք, որը կոչվում է «Ուսուբ բեկ, ուրվագիծ եզդի ժողովրդի, ազգապետերի մի տոհմի, հայ-եզդիական կապերի պատմության»: Գրքում բազմաթիվ չհիմնավորված տեղեկություններով ու փաստերի աղավաղումներով ներկայացվում է նաև Կոմիտասի գործունեությունը և իբր նրա սերտ կապը Ուսուբ բեկի հետ: Գրքում գրված է, թե Գերմանիայից վերադառնալուց հետո Կոմիտասը հանդիպում է Ուսուբ բեկի հետ, ու վերջինս նրան ասում է. «Վերջապես կատարվեց քո մանկության երազանքը, դու քրդական երաժշտության մասին գիտական աշխատություն գրեցիր»: Գրքում նաև զետեղված է մի լուսանկար, որտեղ Կոմիտասն ու Ուսուբ բեկն են: Իհարկե, լուսանկարը իրականության հետ որևէ կապ չունի, պարզապես ֆոտոշոփի հնարք է:

Գագիկ Հարությունյանն այս ամենը լուրջ փաստերով հերքելու համար մոտ 40-րոպեանոց ֆիլմ է նկարահանել, որը կոչվում է «Անցյալը սահմանում է ապագան»:

Ֆիլմում երաժշտագետ, Գրականության և արվեստի թանգարանի երաժշտական ֆոնդի ավագ գիտաշխատող Մարինե Մուշեղյանը, պատմաբան, մշակութաբան Տիգրան Պետրոսյանցը (վերջիններս նաև այս թեմայով գիտական աշխատություններ են գրել), պոլսահայ երաժիշտ, լրագրող Տիրան Լոքմագյոզյանը, երաժշտագետ Աննա Արևշատյանը և իհարկե ինքը` Գագիկ Հարությունյանը հետաքրքիր փաստերով ու բացահայտումներով ներկայացնում են Կոմիտասի գործունեության բոլոր առեղծվածային կետերը` հերքելով այն առասպելները, որոնցով նրա կենսագրութունը փորձում են շաղկապել քրդական իրողությանը:

«Թորոս Ազատյանը, դառնալով Կոմիտասի առաջին կենսագիրը, իր գրքում նշել է նաև քուրդ երաժշտության թեզի մասին, և նրան հետևել են բոլորը, որովհետև, չգիտես ինչու, վստահ էին, որ Թորոս Ազատյանը սխալվել չի կարող,- ասում է Մարինե Մուշեղյանը,- այսպես, երաժշտագետների մի ամբողջ շարք մինչև մեր օրերը վստահ էին, որ դա ճիշտ է: Ասում եմ` էին, քանի որ կարծում եմ, որ հիմա գոնե այլևս վստահ չեն, երբ ի հայտ եկան արխիվում պահվող փաստաթղթերը»:

Մարինե Մուշեղյանը Կոմիտասի ամբողջ արխիվային նյութն ուսումնասիրելիս չի հանդիպել որևէ ակնարկ, որևէ փաստաթուղթ, որը կվկայեր նշված թեզի գոյության մասին:

Անկասկած Կոմիտասն իր գոծունեության ընթացքում անդրադարձել է քրդական երաժշտությանը, օրինակ, երբ Լազարյան ճեմարանը հրատարակում էր հայտնի «Էմինյան ազգագրական ժողովածուն», խմբագիրը դիմում է Կոմիտասին և խնդրում, որ մի քանի քրդական եղանակների նոտաներ տա իրենց, որպեսզի հինգերորդ հատորը, որը նվիրված էր քրդական ազգագրությանը, ավելի ներկայանալի լինի: 1903 թ. լույս է տեսնում հինգերորդ հատորը, որտեղ քրդական 13 երգ էր ընդգրկված և իբրև հավելված ներկայացվում էր հասարակությանը: Հաջորդ տարի առանձին գրքույկով հրատարակվում են քրդական եղանակները, որտեղ գրված է. «Ձայնագրեց Կոմիտաս վարդապետը»: Այստեղ քրդական եղանակներն են` հայատառ և լատինատառ քրդերեն տեքստով:

Գագիկ Հարությունյանը համոզված է, որ շատերը սկսել են դա շփոթել դիպլոմային աշխատանքի հետ:

Ինչ վերաբերում է Ուսուբ բեկի մասին գրքին, ապա այնտեղ Կոմիտասի վերաբերյալ ամենաբացահայտ աղավաղումներից ու խեղաթյուրումներից մեկն էլ հետևյալն է: Երբ գրքում նշվում է Կոմիտասի քրդական երաժշտության մասին թեզ գրելու փաստը, դրանից անմիջապես հետո մեջբերվում է մի հատված Կոմիտասի ուսուցիչներից մեկի` Ֆլեյշերի նամակից, որտեղ վերջինս մեծ գովասանքով խոսում է Կոմիտասի` հայ երաժշտության վերաբերյալ դասախոսության ու ելույթի մասին: Սակայն երբ կարդում ես այդ գիրքը, տպավորություն է ստեղծվում, թե Ֆլեյշերը հիացած էր Կոմիտասի` քրդական երաժշտության մասին թեզով, քանի որ նամակը կիսատ է մեջբերված:

Կամ օրինակ՝ Կոմիտասը քրդական երաժշտության մասին գրել է. «Քրդերը` իբրև լեռնական, ունեն մի երաժշտություն, որ զորեղապես կրում է բնության կնիքը, իսկ իբրև թափառաշրջիկ և խաշնարած` նա՝ այդ երաժշտությունը, անկայուն է և պտտվում է ոչխարների և այծերի շուրջը»: Գրքում Կոմիտասի այս խոսքերի միայն առաջին հատվածն է մեջբերված, երկրորդ հատվածը հանված է` աղճատելով նրա միտքը քրդական երաժշտության մասին: Գրքում նաև գրված է, թե իբրև 1899 թ. օգոստոսի 20-ին է Կոմիտասը պաշտպանել «Քրդական երաժշտությունը» թեմայով դիպլոմային աշխատանք: Մարինե Մուշեղյանը չի կարողանում հասկանալ, թե այդ ամսաթիվը որտեղից է վերցվել: Այս ամենի մեջ թերևս ամենազավեշտալին այն է, որ գրքի հեղինակը հայ է, իսկ գիտական խմբագիրը՝ Ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի փոխտնօրեն Կարեն Խաչատրյանը: Գրքի շնորհանդեսին մասնակցել են ոչ միայն Կարեն Խաչատրյանը, այլև ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը և այլ գիտնականներ: Այս գիրքը գտնվում է Հայաստանի ազգային գրադարանում, Ազգային ակադեմիայի գրադարանում և այդպես անկաշկանդ տարածվում է:

Այս տարի «Նոր տապան» ստեղծագործական խումբը (որի հիմնադիրն է կինովավերագրող Գագիկ Հարությունյանը) դիմել է Ազգային ժողովի գիտության և կրթության հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին` ներկայացնելով խնդիրը և առաջարկելով օրենքի փոփոխություններ կատարել, որպեսզի նման երևույթները բացառվեն, և նման կեղծիքները մեր իսկ ձեռքով չտարածվեն: Օրենքի նախագիծն արդեն պատրաստ է և դրված է շրջանառության մեջ, սակայն այն դեռևս պետք է մտնի ԱԺ մեծ օրակարգ ու հաստատվի:

Կոմիտասի` քրդական երաժշտության մասին դիպլոմային աշխատանքի գոյությունը փաստերով հերքելու գործում ստեղծագործական խմբին օգնել է նաև մի հայ ուսանողուհի` Անի Գասպարյանը, որը սովորում է Հումբոլդի համալսարանի մագիստրատուրայի փիլիսոփայության բաժում: Նա պաշտոնապես նամակ է գրել համալսարանի ղեկավարությանը և ստացել պատասխան, որ Կոմիտասը նման աշխատություն չունի, և եթե լիներ, ապա իրենց մոտ անպայման ինչ-որ ձևով պետք է նշված լիներ: Ի դեպ, Անին նաև պատմել է, որ մի անգամ Բեռլինում գերմանացիները Կոմիտասին նվիրված երեկո են կազմակերպել, որին մասնակցել է նաև ինքը: Այդ երեկոյից Անին դուրս է եկել զայրացած ու սրտնեղած, քանի որ Կոմիտասին ներկայացրել են իբրև Թուրքիայի քաղաքացի, իբրև թուրքական, քրդական երաժշտության մասնագետ` ոչ մի բառ չասելով հայերի ու հայկական երաժշտության մասին: Ուսանողուհին զայրացած մինչև անգամ նամակ է գրել Գերմանիայում մեր դեսպանատանը` հետաքրքրվելով, թե ի վերջո ով պետք է տեր կանգնի մեր արժեքներին:

Պոլսահայ երաժիշտ, լրագրող Տիրան Լոքմագյոզյանը ֆիլմում պատմում է, որ 2000 թ. կողմերը Հրանտ Դինքը զանգել է իրեն ու խնդրել, որ Կոմիտասի այդ թեզը (քրդական երաժշտության վերաբերյալ) փորձի գտնել, որպեսզի թուրք մտավորականությունը կարողանա հրատարակել: «Քանի որ ես 1990 թվականից աշխատում էի Կոմիտասի ձեռագիրների վրա, իրեն ասեցի, որ այդպիսի բան գոյություն չունի»: Սակայն Դինքը պնդել է` ասելով, որ իր մոտ են եկել մարդիկ, որոնք վստահ են դրա գոյության մեջ և ասում են, որ մի հրեա երաժշտագետ դրա մասին անգամ գրել է ու ասել, թե Հայաստանում Աննա Արևշատյան անունով մի երաժշտագետի մոտ այդ թեզը կա:

Երաժշտագետ Աննա Արևշատյանը հենց ֆիլմում հերքում է այդ տեղեկությունը: «Ամենայն հավանականությամբ դա անհասկացողության հետևանք է: Երբ Տիգրան Լոքմագյոզյանն ինձ զանգեց, ես զարմանքով ասացի, որ առաջին անգամ իրենից եմ լսում նման բան: Հրեա երաժշտագետ Աննին Շիլոայի հետ մենք մեր հանդիպումների ընթացքում շատ բաների մասին ենք խոսել, բայց ես չեմ հիշում, որ հատուկ Կոմիտասի մասին զրույց ունեցած լինենք»:

Աննա Արևշատյանը նույնպես ստույգ աղբյուրից ճշտել է, որ Հումբոլդի համալսարանի արխիվում նման աշխատություն չկա, կա Կոմիտասի դիպլոմը, ուրիշ փաստաթղթեր, նամակներ, բայց ավարտաճառ` նվիրված քրդական երաժշտությանը, գոյություն չունի:

Քրդական երաժշտության թեզի վերաբերյալ այս վերջին աղմուկից հետո երաժշտագիտական հանրությունը կարծես թե արդեն զգուշանում է վստահորեն խոսել դրա գոյության մասին: Ավելին, շատերը սկսել են հայտարարել, թե հենց իրենք են Հումբոլդի համալսարանից ճշտել, որ նման բան գոյություն չունի:

Ինչ վերաբերում է Ուսուբ բեկի մասին գրքին, ապա դա, ըստ Գագիկ Հարությունյանի, այն «ծաղիկն» է, որի սերմերը ցանել է Կոմիտասի առաջին կենսագիրը` դառնալով տասնամյակներ շարունակ տարածվող կեղծիքի աղբյուր:

Картинки по запросу տիգրան պետրոսյանցՏիգրան Պետրոսյանցը քուրդ և եզդի ժողովրդի դեմ ոչինչ չունի, բայց միաժամանակ գտնում է, որ մեր պատմությունը հանուն նրանց չպիտի աղճատվի: «Ընդհակառակը, եղբայրությունը, ինտերնացիոնալիզմը, հանդուրժողականությունը ենթադրում են, որ հնարավորինս յուրաքանչյուրի մշակույթը պետք է ներկայացվի այդ դաշտի մեջ միայն և ոչ թե այլ ժողովրդի մշակույթի և պատմության հաշվին»:

Գագիկ Հարությունյանն էլ հավելում է. «Անցյալն է որոշում, թե ոնց պետք է կառուցես ապագան, և երբ դու անցյալը սխալ ես մարսում ու անցյալի սխալները չես փորձում հասկանալ և ուղղել՝ դու ոչ մի բան չես կարող կառուցել»:

Անի Գասպարյան






Մեկնաբանություններ - 6

Anahit melkumyan     11.04.2017 Antexyak mardu hodvats e. Inchu chek kardum komitasagetneri ashxatankneri?

Hrant safaryan     11.04.2017 Himarutyun e.

Hrant     11.04.2017 Inchu check kardum anvani komitasaget robert Atayani ashxatankneri? Xextvumek ek furd,ezdi bareri oktagortselov.

Hamlet     11.04.2017 Քրդերին և եզդիներին երկու տարբեր ժողովուրդներ համարող հոդվածը, իհարկե, լուրջ համարելը անհեթեթություն է:

Davit Sargsyan     30.12.2016 Հետաքրքիր է, իսկ որտեղի՞ց ծագեց գաղափար օրենքում փոփոխություններ կատարելու ու ինչու՞ դրա մասին մանրամասն չի խոսվում

Mara Aslanyan     28.12.2016 Ահռելի ու մեծ գնահատանքի արժանի աշխատանք:բրավո:
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: