Հայերեն   English   Русский  

Հրե աքաղաղի տարին` արևելյան աստղագուշակով


  
դիտումներ: 2481

Արևելյան օրացույցի համաձայն` 2017 թվականին հավակնոտ Հրե կապիկին փոխարինելու կգա մի նշան, որը խոստանում է առավել հաջող և հիշարժան լինել: 2017 թվականը Հրե աքաղաղի տարին է:

Գալիք տարում յուրաքանչյուրին ինչ-որ առանձնահատուկ բան է սպասում: Սակայն առավել հաջող կլինի հենց Աքաղաղի տարում ծնվածների համար, քանի որ նրանք 12 ամիս շարունակ կգտնվեն այս հիասքանչ և հպարտ թռչնի հովանավորության ներքո:

Նշանի հատկանիշները

Արևելյան օրացույցով Աքաղաղն ամենավառ, ամենանրբագեղ և ամենաշփվող նշաններից է: Նա շատ է սիրում ուշադրություն իր հանդեպ և դեմ չէ ամեն տեսակ հաճոյախոսություններին: Մշտապես գտնվում է հակառակ սեռի ուշադրության կենտրոնում: Սակայն հազվադեպ է ուրիշի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերում և նախընտրում է լռել իր զգացմունքների մասին: Չնայած նման կոպտությանը` Աքաղաղները բավական հաջողակ են սիրային հարցերում, ինչպես նաև աշխատանքում: Սուր մտքի, ըմբռնողության և գրավչության շնորհիվ հեշտությամբ նոր ծանոթություններ են հաստատում, անհրաժեշտ պայմանագրեր ստորագրում: Նրանք համառ են և իրենց նպատակներին հասնելու համար պատրաստ են ամեն ինչի: Հրե աքաղաղը սիրում է հրամայել, տաքարյուն է և միշտ նախընտրում է խոսել այն ամենի մասին, ինչ մտածում է: Աքաղաղները հազվադեպ են ամուր ընտանիք կազմում: Նրանք չեն կարող իրենց ամբողջ կյանքը մեկ այլ անձի նվիրել և նախընտրում են միայն ընդունել իրենց երկրորդ կեսի սերը: Իսկ նման հատկանիշները շատ հաճախ կարող են հարաբերությունների խզման և ամուսնալուծությունների հանգեցնել: Աքաղաղի հետ առավել համատեղելի նշաններն են Ցուլերը և Օձերը:

Ինչպե՞ս կարելի է ընկերանալ Հրե աքաղաղի հետ

Առաջին հերթին այդ զգացմունքային և տաքարյուն նշանին դուր գալու համար պետք է մտածել, թե ինչ հագուստով է անհրաժեշտ դիմավորել Նոր տարին: Ցանկալի է ընտրություն կատարել վառ, նորաձև և թանկարժեք հագուստների օգտին: Հագուստը պետք է կարմիր, դեղին, նարնջագույն երանգների լինի, սակայն չպետք է մոռանալ նաև նրբագեղության մասին: Հագուստի բոլոր դետալները պետք է իրենց տեղում լինեն և համադրվեն անհրաժեշտ աքսեսուարների հետ: Հնարավորության դեպքում կարելի է ոսկյա թանկարժեք զարդեր կրել, քանի որ Աքաղաղը խենթանում է դրանց համար:

2017 թվականի աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար

Խոյ

Այս նշանի ներքո ծնված մարդիկ գալիք տարում անհավանական էներգիայի հոսք կզգան` չնայած այն հանգամանքին, որ նրանց նաև կարող է վտանգ սպառնալ: Անհանգստանալու պատճառներ չկան, բոլոր գործերն իրենց հունով կընթանան` համաչափ և նույնիսկ սահուն, սակայն ծայրահեղ զգուշավորություն պետք է պահպանել: Հակառակ դեպքում ճակատագիրը կարող է անսպասելի հարված հասցնել: Լավագույն մարտավարությունը, որին Խոյերը պետք է հավատարիմ մնան, սպասումն է: Չպետք է շտապել, կյանքը չի փախչի, նրանք կպահպանեն այն ամենը, ինչ ունեն:

Ցուլ

Այս տարին բոլոր Ցուլերի համար խոստանում է արդյունավետ լինել: Տարվա սկզբին անհրաժեշտ կլինի զգոնություն ցուցաբերել ցանկացած գործում, որին ձեռնամուխ կլինեն: Տարին Ցուլերի համար նախևառաջ ճակատագրի անսպասելի նվերներով կհիշվի: Դրանք կարող են արտացոլվել տարբեր ոլորտներում` գործնական, սիրային, ընտանեկան:

Երկվորյակներ

2017 թ. Երկվորյակներին խորհուրդ է տրվում առաջին հերթին ժամանակ տրամադրել ընտանիքին: Հարազատների և մտերիմների հետ փոխհարաբերություններն առաջին պլանում կհայտնվեն` հետ մղելով աշխատանքի հետ կապված պլանները, զվարճանքներն ու ուսումը: Շատ հավանական են սիրային արկածները, որոնց մասին Երկվորյակներն անգամ չէին էլ մտածում: Եվ մի կարևոր հանգամանք, որին պետք է ուշադրություն դարձնել. հստակ ժամանակահատվածում հին և երկարաձգված խնդիրների լուծումը, ինչպես նաև կարևոր որոշումների կայացման անհրաժեշտությունը:

Խեցգետին

Թեթևակի լարվածությունը 2017 թ. մշտապես առկա կլինի այս նշանի տակ ծնվածների կյանքում: Հնարավոր է՝ նրանց կյանքում մանր խնդիրներ առաջանան, որոնց համար անհրաժեշտ լինի կրկնապատկել ուժերն ու քաջությունը: Այդ բոլոր խոչընդոտներից հետո Խեցգետինների կյանքում լիակատար հանգստության շրջան կսկսվի: Խեցգետինները որոշ հարցերում իրենց լավագույնս դրսևորելու հնարավորություն կունենան:

Առյուծ

Առյուծները 2017 թ. աշխատանքի հետ կապված որոշակի խնդիրներ կունենան: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է առավելագույն զգոնություն դրսևորել պայմանագրերի կնքման և այլ փաստաթղթերի հետ կապված աշխատանքի ընթացքում: Առյուծների համար մեկ այլ վտանգավոր ոլորտ կարող է ընտանիքը դառնալ: Անհրաժեշտ է հետևել սեփական քայլերին, խոսքերին, որպեսզի հնարավոր լինի խուսափել վեճերից: Ցանկալի կլինի խուսափել հարաբերությունները պարզելուց և սպասել, որ կրքերը հանդարտվեն:

Կույս

Այս տարին խոստանում է Կույսերի համար բավական զգացմունքային, հախուռն և դյուրագրգիռ լինել: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին խորհուրդ է տրվում խուսափել նյարդայնանալուց, որպեսզի առավել մեծ խնդիրներ չստեղծեն իրենց համար: Նրանք ստիպված կլինեն ջանքեր գործադրել նյարդային համակարգը կարգի բերելու հարցում: Ցանկալի կլինի կենտրոնանալ որևէ չեզոք օբյեկտի վրա, որը կօգնի Կույսերին զսպել սեփական հույզերը: Օրինակ՝ կարելի է շուն ձեռք բերել:

Կշեռք

2017 թ. Կշեռքների համար լավագույն ժամանակաշրջանը կլինի իրենց բոլոր ավարտված և անավարտ գործերն ամփոփելու համար: Բոլոր այն հարցերը, որոնք բավական երկար ժամանակ տանջել են նրանց, ինքնուրույն լուծում կստանան: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները պետք է զգուշանան նաև հանկարծակի ծագած խնդիրներից: Այդ խնդիրները կարող են հեշտությամբ հունից հանել նրանց, հենց այդ պատճառով ցանկալի է չտրվել ճակատագրի սադրանքներին և համբերությամբ զինվել:

Կարիճ

2017 թ. ընթացքում Կարիճները կարող են փոփոխությունների և հաճելի անակնկալների շրջան ապրել: Այդ ընթացքում նրանց բազմաթիվ կարևոր բացահայտումներ և իրադարձություններ են սպասում: Ինչ վերաբերում է հարաբերություններին, ապա Կարիճներին անհրաժեշտ է չեզոքություն և ընկերասիրություն դրսևորել: Այդպիսով նրանց կհաջողվի ստանալ ընկերների և հարազատների աջակցությունը, որը երբեմն շատ օգտակար կարող է լինել: Կարիճները չպետք է մարդկանց չափազանց շատ վստահեն:

Աղեղնավոր

2017 թ. խոստանում է չափազանց հաջող լինել Աղեղնավորների համար: Պետք է փորձել օգտվել ընձեռված բոլոր հնարավորություններից և հաջողությունը ձեռքից բաց չթողնել: Անսպասելի հաճելի և ռոմանտիկ պահերը շատ կլինեն նրանց կյանքում, որոնք երկար ժամանակ կմնան նրանց հիշողության մեջ: Հրե աքաղաղի տարին խոստանում է նոր և օգտակար ծանոթություններ:

Այծեղջյուր

2017 թ. ընթացքում կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն առավելագույն ակտիվություն կցուցաբերեն: Կյանքը նոր ծանոթություններով, գաղափարներով և արկածներով լեցուն կլինի: Պետք է կարողանալ օգտվել այդ հնարավորությունից և հաճելի ժամանակ անցկացնել: Չպետք է թուլանալ, քանի որ հնարավոր է դավաճանության բախվել: Սակայն բարին էլ հենց դա է, քանի որ դավաճանող մարդը կհեռանա Այծեղջյուրի կյանքից` հանգստություն և թեթևություն պարգևելով:

Ջրհոս

2017 թ. ընթացքում Ջրհոսները շատ հաճախ անցյալի մասին կմտածեն, կսկսեն վերլուծել նախկինում ընդունած որոշումները: Հնարավոր է անգամ, որ հին գործերն իրենց մասին հիշեցնեն, և անհրաժեշտ լինի մեծ ջանքեր գործադրել դրանք լուծելու համար: Անգամ վաղեմի ծանոթները կարող են անսպասելիորեն կրկին հայտնվել նրանց կյանքում: Մեծ հաջողություն է տեսնել նրան, ում վաղուց չեք հանդիպել:

Ձկներ

Ձկների համար Հրե աքաղաղի տարին խոստանում է դինամիկ ժամանակաշրջան: Տարվա ընթացքում բազմաթիվ իրադարձություններ են սպասվում: Ձկներն առավելագույն հաճույք կստանան դեպքերի նման ընթացքից, քանի որ նման ռիթմը հենց նրանց համար է: Չպետք է խուսափել շրջապատի հետ շփումներից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: