Հայերեն   English   Русский  

​Թե՛ դեպի Եվրասիա եւ թե՛ դեպի Եվրոպա


  
դիտումներ: 2403

Իրանյան բարձրագույն մակարդակով մեր երկիր կատարված այցելությունը ինչպես քաղաքական, այնպես նաեւ տնտեսական առումով ռազմավարական մեծ նշանակություն ունի եւ բնականաբար չի սահմանափակվում արձանագրային արարողակարգային կամ ընթացիկ աշխատանքային հանդիպումների ճշտած օրինաչափություններում:

Խորքում ապամեկուսացման ճամփան բռնած Իրանի առաջին կարեւոր դրսեւորումն էր սա, որ որքան Իրան-Հայաստանի Հանրապետություն, նույնքան եւ ավելի Իրանի` դեպի արտաքին աշխարհ եւ Արեւմուտք նոր ուղղությունների նվաճման նախադրյալներն է պարփակում:

Ապամեկուսացվող Իրանի առաջին դուռն է ՀՀ-ն, ոչ անպայման միայն դեպի ԵՏՄ. փաստորեն Ռուհանիի այցելության երկրորդ եւ երրորդ հանգրվաններն են Ղազախստանն ու Ղրղզստանը: Սա նշանակում է, որ դեպի ԵՏՄ նախադուռը Իրանի համար աշխարհագրականորեն եւ տարանցիկ հանգամանքի բոլոր հատկանիշերով մեր հանրապետությունը իր դիրքով նոր կարգավիճակ ստանալու տվյալները սկսում է ամբողջացնել:

Այս հանգամանքը հավանաբար մեկուսացման վիճակում գտնված պահին էլ կարող է աշխատել եւ որոշ առավելություններ ձեռք բերել ինչպես Իրանի, այնպես նաեւ ՀՀ-ի համար:

Խնդիրը ավելի հեռահար է ու հեռանկարային` նաեւ հետեւյալ բացատրությամբ: Իրանը ցամաքային առումով դեպի Սեւ ծով դուրս գալու եւ այնտեղից նաեւ դեպի Եվրոպա դարձյալ առաջին դուռը, որից պիտի մուտք գործի, անմիջականորեն տեսնում է ՀՀ-ը: Հայաստանյան այս տարանցիկությունը եզակի հանգամանք է Իրանի իրողական ապամեկուսացման գործընթացում:

Հայաստանի Հանրապետությունը Պարսից ծոցը Սեւ ծովին կապող ցամաքային կամուրջ է եւ իբրեւ այդպիսին իրանյան ապրանքաշրջանառության դեպի Արեւմուտք հունավորման անշրջանցելի ուղի է հանդիսանում:

Հայկական լրատվադաշտում որոշ հիմնավորումներով նկատելի դարձան ռուսական գործոնի բացասական ազդեցության մասին տեսակետներ Իրան-ՀՀ հարաբերությունների սերտացման թափը կասեցնելու կամ դանդաղեցնելու առումով:

Բնականաբար չի բացառվում, որ հատկապես գազի մատակարարման ուղղությամբ ռուսական գործոնը աշխատած լինի իրանյան գազատար խողովակների տրամաչափերի սահմանափակման համար: Այսուհանդերձ չափազանցված պիտի լինի ներկայացնելը այն, որ ռուսական ճնշումով եւ հայկական կողմի մեղքով է, որ նման բարձր մակարդակի այցելությունը ձգձգվել է եւ միայն այսօր է, որ տեղի է ունենում:

Միջպետական հարաբերությունները երկկողմանիորեն նպաստավոր կլինեն եւ դրանց մակարդակների աստիճանի բարձրացումները քաղաքական համատեղ նպաստավոր պահի ընտրության հետ առնչվել են սերտորեն:

Իրանը պետք է սպասեր ապամեկուսացման միջազգային որոշումներին (թեկուզ պարանաձգվող եւ դանդաղող), որպեսզի իմաստ ունենար մեր երկրի վրայով հասնելու Սեւ ծով եւ դուրս գալու դեպի Եւրոպա: Պատժամիջոցների ենթարկված եւ դեպի Եւրոպա ելքը արգելված Իրանի համար նախապես այդքան նշանակություն պիտի չունենար Հայաստանի տարանցիկությունը:

Ամենայն հավանականությամբ այդքան անարգել պիտի չլինի Իրանի ապրանքաշրջանառությունը Հայաստանի վրայով դեպի Եվրոպա ուղղորդելը: Բայց միտումները հստակ են, եւ Իրանը ապամեկուսացման ընթացքի մեջ է, որի համար էլ հետզհետե շեշտվում է ՀՀ-ի նշանակությունը իբրեւ կարեւորագույն, անշրջանցելի կամուրջ:

Ի դեպ, նրանք, ովքեր հետեւում էին հայ-իրանական հարաբերությունների ընթացքին, նկատած պիտի լինեին, թե պատժամիջոցների մեղմացումից հետո հայկական կողմը որքա՛ն աշխուժորեն ձեռնամուխ եղավ տնտեսական (թե տնտեսաքաղաքական) հարաբերությունների աշխուժացմանը: Մի շարք հայ պաշտոնատարներ իրար հետեւից մեկնեցին Թեհրան: Պետք է նշել, որ այս երեւույթում նկատելի էր նաեւ Իրանում ՀՀ դեսպանի ներդրումը: Անշուշտ համարժեք է եղել նաեւ Իրանի իշխանությունների արձագանքը:

Եւ ահա ականատես ենք կատարված աշխույժ աշխատանքի արդյունքին:

Միջպետական հարաբերությունները երկկողմանիորեն ընկալելի շարժառիթներով կաշխատեն, կզարգանան եւ կհասնեն բարձրագույն մակարդակների: Հիմա Իրանի ապամեկուսացման եւ ՀՀ-ի կարեւոր կամուրջի դեր ստանալու հանգամանքի ստանձնման նախապատրաստությունն է:

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: