Հայերեն   English   Русский  

​Որակի ապահովումը գրեթե լսարան է հասել. Ռուբեն Թոփչյան


  
դիտումներ: 3468

Կրթության որակի ապահովման ոլորտում տարին ամփոփելու և հետագա գործողությունները պարզելու համար զրուցել ենք «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանի հետ:

-Պարոն Թոփչյան, հայաստանյան 18 բուհեր արդեն ինստիտուցիոնալ հավատարմագրում են ստացել, գործընթացն էլ շարունակվում է: Արդեն կարո՞ղ ենք խոսել կրթական համակարգի վրա հավատարմագրման ազդեցության մասին, ինչպիսի՞ն է այն:

-Հայաստանում արդեն ունենք 18 հավատարմագրված բուհ, որոնցից 14-ը պետական, 4-ը՝ մասնավոր: Հավատարմագրման գործընթացն ընթացքի մեջ է ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում և Գավառի պետական համալսարանում: ԱԻՆ ճգնաժամային կառավարման ակադեմիան արդեն դիմել է հավատարմագրման: Ռազմական բուհերը և Գեղարվեստի պետական ակադեմիան պլանավորել են հավատարմագրման դիմել 2017-ին: Հավատարմագրման գործընթացին են նախապատրաստվում նաև Գորիսի պետական համալսարանը և Ոստիկանության կրթահամալիրը:

Որակի ապահովումը շարունակական գործընթաց է, և հավատարմագրումից հետո բուհը ձեռնամուխ է լինում փորձագիտական խմբի և հավատարմագրման հանձնաժողովի կողմից հավանության արժանացած բարելավման պլանի իրականացմանը:

Ողջ տարվա ընթացքում ՈԱԱԿ-ը մշտադիտարկումներ է իրականացրել հավատարմագրված բուհերում՝ հետևելով բարելավման պլանների իրականացման ընթացքին: Մեր հիմնական նպատակն է հասկանալ և գնահատել որակի ապահովման գործընթացների ազդեցությունը բուհում: Արդեն հաջորդ տարի առաջին հավատարմագրված բուհերը ինստիտուցիոնալ ներքին աուդիտ կիրականացնեն և հաշվետվություն կներկայացնեն ՈԱԱԿ իրենց բարելավման ծրագրերի իրականացման վերաբերյալ. 2 տարին մեկ ինստիտուցիոնալ ներքին աուդիտի իրականացման պահանջը «Հավատարմագրման կարգով» է ամրագրված: Իսկ պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած Հյուսիսային համալսարանի հավատարմագրման ժամկետն արդեն մոտենում է ավարտին, և բուհը դիմել է վերահավատարմագրման համար:

«Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» օրենքի նախագծով 2019 թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ-ում գործող բոլոր բուհերը պետք է ինստիտուցիոնալ հավատարմագրում ունենան: Այդ պահից սկսած դադարում է գործել նախկին ձևաչափով հավատարմագրումը, որ ունեին միայն մասնավոր բուհերը:

Ամփոփելով՝ կարող եմ ասել, որ հավատարմագրված բուհերում առաջնահերթ են քայլերը, որոնք միտված են ուսանողի կրթության ռիսկերի նվազեցմանը: Շատ բուհերում տեսնում ենք, որ ռեալ փոփոխություններ են տեղի ունեցել ի նպաստ ուսուցման արդյունավետության. նոր ռեսուրսներ են ձեռք բերվել, վերանայվել են կրթական ծրագրերը՝ դառնալով ավելի պրակտիկ, փոխվում է ուսանողի գնահատման համակարգը՝ դառնալով ավելի ուսուցանող: Համակարգային փոփոխություններ են տեղի ունենում՝ ընդգրկելով նաև դեռևս չհավատարմագրված բուհերը:

Կարող ենք ասել, որ որակի ապահովումը գրեթե լսարան է հասել, և ուսանողն արդեն իսկ կրում է առաջին փոփոխությունների ազդեցությունը: Սակայն անելիքներ դեռ շատ կան, այդ թվում և ռեսուրսների արդիականացման, դասավանդման ինովացիոն մեթոդների կիրառման, կրթական ծրագրերը պրակտիկ դարձնելու առումով: ՈԱԱԿ-ի և բուհերի համագործակցությամբ դուրս են բերվում նրանց կարիքները, բարելավման պլանների իրականացման թերացումները, և մեր կառույցը տարբեր մեթոդներով աջակցում և ուղղորդում է նրանց: Օրինակ՝ թեմատիկ վերապատրաստումներ ենք իրականացնում, որոնք կոչված են բուհերում որակի ապահովման աջակիցների շարքերի համալրմանը և որակի մշակույթի ամրապնդմանը:

-Ընթացիկ տարում հավատարմագրված բուհերի հետ համագործակցությամբ մասնագիտությունների կրթական ծրագրերի որակի ապահովման ձևաչափ մշակվեց: Կրթական ծրագրերի աուդիտը նախատեսվում է մեկնարկել հաջորդ տարի: Հատկապես ինչի՞ վրա եք ուշադրություն դարձնելու: Ի՞նչ կտա կրթական համակարգին և հանրությանը գործընթացը:

-«Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» օրենքի նախագծով նախատեսվում է Հայաստանում ծրագրային հավատարմագրման առաջին շրջափուլն ավարտել 2026-ին: Դա բավականին երկար ժամանակ է, և բուհերն էլ գիտակցում են, որ այդքան ձգձգելը ցանկալի չէ: Ուստի հավատարմագրված բուհերի հետ համատեղ մշակել ենք ձևաչափ, որի արդյունքում բոլոր կրթական ծրագրերի աուդիտ կիրականացվի՝ հատուկ ուշադրություն դարձնելով ուսուցման գործընթացի արդյունավետությանը: Նպատակադրվել ենք առավելագույնը 5 տարում գործընթացն ավարտել և լուծումներ գտնել ուսուցման առավել արդյունավետությունն ապահովելու համար:

Կրթական ծրագրերի աուդիտը կկազմակերպվի միաժամանակ բոլոր բուհերի նույն մասնագիտության շրջանակում : Արդյունքում դիմորդը կկարողանա տարբերակել, թե որ բուհում որ մասնագիտությունն են ավելի լավ սովորեցնում, որտեղ են սովորեցնելու մեխանիզմները և ուսանողի աճն ավելի արդյունավետ:

Առաջին անգամ իրականացվող այս գործընթացի շնորհիվ վեր կհանվի նաև հայաստանյան լավագույն փորձը: Այսինքն մեր բուհերը հնարավորություն կունենան ընդօրինակել երկրում կայացած լավագույն փորձը, ոչ թե ջանքեր գործադրել միջազգային փորձի տեղայնացման ուղղությամբ, որը միշտ չէ, որ հաջողվում է:

Իհարկե, գործընթացում հայաստանյան փորձագետներից բացի ներգրավված կլինեն նաև միջազգային փորձագետներ, որոնք ոչ միայն բարելավման ուղղությամբ խորհրդատվություն կմատուցեն, այլ նաև կճանաչեն մեր լավագույն փորձը՝ այն հասանելի դարձնելով միջազգային հանրությանը:

Նշեմ, որ առաջնահերթ կգնահատվեն այն մասնագիտությունները, որոնցում շատ ուսանողներ են ներգրավված, ինչը հնարավորություն կտա նախ և առաջ նվազեցնել լայն զանգվածների կրթության ռիսկերը:

-2016-ին ևս շարունակվել են քայլերը ՈԱԱԿ-ի և հայաստանյան կրթական համակարգի միջազգայնացման ուղղությամբ: Ներկա դրությամբ որքանո՞վ է մեր կրթական համակարգը ճանաչելի: Ի՞նչ անելիքներ դեռևս ունենք:

-ՈԱԱԿ-ը կարևորում է միջազգայնացումը: Մեր երկիրը չունի հատուկ ընդգծված միջազգային հավատարմագրում, բայց յուրաքանչյուր գործընթացում մասնակցում է միջազգային փորձագետ՝ գնահատելով մեր կրթական ծառայությունների համապատասխանությունը եվրոպական կրթական տարածքին:

Հայաստանը, ինչպես և հետխորհրդային բոլոր երկրները, ձգտում է ճանաչելի լինել Եվրոպայում և այդ կրթական տարածքի մաս կազմել, քանի որ դա որակի որոշակի շեմի առկայության վկայություն է: Այդ նպատակով ՈԱԱԿ-ը Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի լիիրավ անդամակցության հայտ է ներկայացրել ու գնահատում անցել: Լիարժեք անդամակցությունն այս հեղինակավոր ցանցին կնշանակի, որ մեր իրականացրած հավատարմագրումները ճանաչելի են եվրոպական կրթական տարածքում:

Մենք անդամակցում ենք նաև Բարձրագույն կրթության որակի ապահովման գործակալությունների միջազգային ցանցին, ԱՄՆ Բարձրագույն կրթության հավատարմագրման խորհրդի Որակի միջազգային խմբին: ՈԱԱԿ-ն ակտիվ մասնակցում է միջազգային կրթական ցանցերի գործունեությանը՝ երկիր բերելով դրանց անդամ երկրների լավագույն փորձը և ներկայացնելով մեր հաջողությունները:

-Տարվա ընթացքում բազմիցս քննարկվել է կրթության պրակտիկության հարցը: Ինչպիսի՞ն է պատկերն այս առումով. բուհը որքանո՞վ է շուկայի պահանջներին համապատասխան մասնագետ պատրաստում, ինչ դերակատարություն ունեն դրանում գործատուները: Եվ ընդհանրապես, ի՞նչ է նշանակում լինել շուկայի պահանջներին համապատասխան մասնագետ:

-Գործատուները կարևորում են, որ շրջանավարտն ունենա պրակտիկ կարողություններ: Բայց ուսանողը, որքան էլ կրթված լինի, միշտ չէ, որ ունի գործատուի կոնկրետ գործառույթներին համապարասխան կարողություններ: Այդ հմտությունները ձևավորվում են աշխատանքային միջավայրում:

Իմ կարծիքով շատ դժվար է բոլոր գործատուների համար պատրաստի կադրեր ապահովել, յուրաքանչյուր գործատուի մոտ նոր աշխատակիցը ադապտացիոն որոշակի էտապ պետք է անցնի: Բայց կարևոր է, որ բուհի շրջանավարտն իր մասնագիտությունում լինի ստեղծագործ, շրջահայաց, պրպտող, պատասխանատվություն ստանձնող: Գործատուները բուհերից կարող են պահանջել այսպիսի կարողություններ և հմտություններ ունեցող շրջանավարտ: Դա պետք է համալսարանում սովորեցնեն՝ միաժամանակ ապահովելով ֆունդամենտալ կրթություն: Պետք է հաշվի առնել, որ այս հմտությունները ձևավորվում ու ամրապնդվում են ուսանողության 4 տարիների ընթացքում: Եվ կարևոր է, որ ուսումնառությունը լինի աշխատանքային միջավարին նման պայմաններում:

Ասածն արդյունավետ իրականացնելու համար գործատուները պետք է մասնակցեն կրթական ծրագրերի մշակմանը, նաև դասախոսների մի մասը գործատուներ պետք է լինեն, որպեսզի համապատասխան կարողություններով ու հմտություններով մասնագետներ ձևավորեն: Դասախոսների թվում, կարծում եմ, պետք է լինեն նաև միջազգային փորձ ունեցող մարդիկ, որովհետև գործատուները շրջանավարտից ակնկալում են միջազգային չափանիշներին համապատասխան կարողություններ:

Բուհը պետք է անընդհատ տարբեր գործատուներ ներգրավի կրթական գործընթացներում և ընդհանուր պատկերը դուրս բերի: Եթե բուհը միայն մեկ գործատուի ուղղությամբ միտված լինի, հետագայում շրջանավարտը մասնագիտական աշխատանք գտնելու առումով խնդիրներ կարող է ունենալ: Միաժամանակ, կարծում եմ, կարևոր է պետության միջամտությունը, որ գործատուն ունենա որոշակի պատասխանատվություն իր մասնակցության համար:

Մենք խնդիր ունենք նաև մագիստրատուրայում: Ակնկալվում է, որ մագիստրոս շրջանավարտներն աշխատավայրում պետք է ղեկավար պաշտոններ զբաղեցնեն, հետևաբար նրանց նկատմամբ պահանջները մեծ են: Աշխատավայրում մագիստրոս շրջանավարտի որոշումները պետք է հիմնավորված լինեն: Հենց այդպիսի հետազոտող մարդիկ են պետք շուկան զարգացնելու և նորարարություն բերելու համար:

Ուստի պետք է մեծ ուշադրություն դարձնենք ավարտական թեզերի իրականացման արդյունավետության վրա, թեզերի թեմաները պետք է լինեն մեր երկրի համար արդիական և կարիքներն ուսումնասիրող, պահանջները՝ խիստ, թեզերն էլ՝ տեսանելի արդյունք պարունակող և լուծումներ առաջարկող: Այսինքն մագիստրոսը բուհից պետք է դուրս գա որոշակի գաղափարներով, որոնք հետագայում ինքնուրույն կամ որևէ գործատուի հետ համատեղ կիրականացնի՝ աշխատատեղ ստեղծելով վաղվա բակալավրիատ ավարտողի համար:

-Պարոն Թոփչյան, իսկ օրենսդրական դաշտը որքանո՞վ է նպաստում որակի ապահովման գործընթացներին ու որակի մշակույթի կայացմանը:

-Արդեն քանի տարի է, սպասում ենք օրենսդրական փոփոխությունների, որոնք ավելի հիմնավոր կդարձնեն որակի ապահովման գործողությունների արդյունավետությունը: Եվ հիմա արդեն նախագծի տեքսով կա «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» օրենքը, որը պարունակում է այդ հիմքերը: Նոր օրենքը հստակություն կմտցնի տարբեր շահակիցների փոխհարաբերություններում, ինչն էլ որոշակիություն կբերի ամեն շահակցի և իրավունքների, և պարտականությունների առումով: Օրենքի նախագծում շեշտադրված են որակի ապահովման զարգացմանը միտված պահանջները:

Օրենքի ընդունման դեպքում նաև վերը թվարկվածներն ավելի արդյունավետ կկարողանանք իրականացնել, դեռևս աշխատում ենք օրենսդրական բացի պայմաններում, երբեմն շահակիցները միչմյանց չեն հասկանում առկա հակասությունների պատճառով:

-Որակի ապահոման մասին խոսելիս բոլորն արագ արդյունք են ակնկալում: Արդյո՞ք դա հնարավոր է:

-Որակի ապահովման գործողությունների արդյունքները կարճաժամկետ կտրվածքով հաճախ նկատելի չեն, բայց երկարաժամկետ առումով զգալի են և անհրաժեշտ: Կարևոր է, որ այս պարագայում ոչ միայն ֆորմալ դաշտում է փոփոխություն տեղի ունենում, այլ նաև մարդկանց մեջ: Իսկ նման փոփոխությունները շեշտակի չեն կատարվում: Դրա համար ժամանակ և շարունակական ջանքեր են հարկավոր: Այսինքն՝ որակի ապահովման գործողություններն անընդհատ բերում են արդյունքի: Հաջողություն գրանցելով միշտ ավելի լավն ենք բացահայտում և ձգտում դրան: Արդյունքը շարունակական զարգացումն է:

Հարցազրույցը՝ Հայկուհի Բարսեղյանի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: