Հայերեն   English   Русский  

Անկախ, հզոր և բարեկեցիկ Հայաստանի բանաձևը՝ անկախությունը կերտողների ձևակերպմամբ


  
դիտումներ: 1987

Հայությունն այս տարի տոնեց Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակը: Քառորդ դարը ուղենիշ է` հասկանալու, թե որքանով է իրականություն դարձել այն, ինչ ծրագրվել էր 1988-1991 թվականներին, ինչի համար միավորվել ու պայքարել էր հայությունը:

Եվ ահա, մեր երիտասարդ, բայց արդեն բավական փորձ ունեցող ու կայացած պետության անցած ուղին գնահատելու, թույլ տրված սխալները հասկանալու և լուծման բանաձևը դուրս բերելու համար «Անկախը» նախաձեռնեց «Անկախությունը կերտողները» շարքը: Նույն հարցերն ուղղելով անկախության ակունքներում կանգնած պետական ու քաղաքական գործիչներից մինչև շարքային ակտիվիստներին` նպատակ ունեինք հասկանալ` ինչո՞ւ անկախության հռչակումից 25 տարի անց դեռևս չունենք այն պետությունը, որի համար պայքարում էինք ազգային զարթոնքի տարիներին:

Տարվա ընթացքում նույն հարցերն ենք ուղղել 41 գործիչների` Ղարաբաղ կոմիտեի անդամների, Գերագույն խորհրդի պատգամավորների, շարժման ակտիվիստների: Որքան էլ զարմանալի է, ամեն անգամ նույն հարցն ուղղելով՝ ստացել ենք նոր ու մյուսներից տարբերվող պատասխան, մեր պետության անցած ուղու և ապագայի ուրույն մեկնաբանություն: Եղել են և՛ լավատեսական, և՛ հոռետեսական, և՛ իրատեսական պատասխաններ, ունեցել ենք և՛ փիլիսոփայական, և՛ դավադրությունների տեսությանը հակված մոտեցումներ, և՛ մեր առօրյա կյանքի վերլուծությամբ արված հիմնավորումներ: Եվ ահա, շարքն ամփոփելով՝ կփորձենք պատասխաններն ընդհանրացնել և յուրաքանչյուր հարցի պատասխան-բանաձևը դուրս բերել:

Այս տարի նշեցինք Հայաստանի երրորդ Հանրապետության անկախության 25 ամյակը: Եթե հետադարձ հայացք ձգենք մեր պետության անցած ուղուն, ի՞նչ ձեռքբերումներ և ի՞նչ բացթողումներ կտեսնենք:

Մեր երկրի ձեռքբերումների մասին հարցն այն բացառիկներից է, որի շուրջ մեր զրուցակիցների հիմնական մասը միակարծիք է եղել. ամենամեծ ձեռքբերումը անկախությունն է: Քառորդ դարում ունեցած երկրորդ ձեռքբերումը Արցախի ազատագրումն է և հայոց բանակը: Ձեռքբերումների թվարկումն այսքանով ավարտվում է, իսկ ահա բացթողումների շարքը կարծես անվերջ է:

Առավել հաճախ նշված բացթողումներից են ընտրությունների կեղծարարությունները, ժողովրդավարական հանրապետության կայացման տապալումը, անպատժելիության մթնոլորտը, անկախ դատարանների բացակայությունը, օրենքի երկակի կիրառությունը, կոռուպցիան, հովանավորչությունը, բանակից բացի, կյանքի մյուս ոլորտների կայացած չլինելը, տնտեսական մենաշնորհները և ընդհանրապես անկախությունից ի վեր որդեգրած տնտեսական քաղաքականությունը, արդյունաբերության քայքայումը, կառավարման ոչ ճիշտ ձևի ընտրությունը, արտաքին ոչ ճիշտ քաղաքականությունը, չափից ավելի ռուսամետությունը և անկախության երաշխիքների աստիճանական կորուստը, միջին խավի ձևավորման տապալումը, միգրացիան և դրա պատճառով երկրի բնակչության զգալի մասի կորուստը և այլն:

Անկախության համար պայքարելիս ինչպիսին էինք տեսնում անկախ Հայաստանի ապագան:

Այս հարցի պատասխանի առաջին մասը ևս միանշանակ է. բոլորը ժամանակին պայքարել են անկախ, հզոր, ժողովրդավարական ու բարեկեցիկ երկիր ունենալու համար: Եվ գրեթե բոլորը տարբեր ձևակերպումներով նշել են, որ այն ժամանակ պատկերացնել անգամ չէին կարող, որ 25 տարի հետո Հայաստանն այսպիսին է լինելու, որ պայքարում են այսօրվա ունեցած Հայաստանի համար:

Ուշագրավ է, որ յուրաքանչյուր ոք ունեցել է հզոր ու բարեկեցիկ երկիր կառուցելու իր մոտեցումը: Ոմանք խոստովանել են, որ պետականաշինության փորձի բացակայությունը խանգարում էր պլանավորել համապատասխան գործնական քայլեր՝ ցանկալիին հասնելու համար: Ոմանք էլ նշել են, որ աշխատել են փորձի պակասը լրացնել՝ միջազգային փորձն ուսումնասիրելով ու լավագույնն ընդօրինակելով:

Երբեմն անկախության տարիների ձախողումները մեկնաբանելիս ասվում է, որ հայությունը 1991-ին պատրաստ չէր անկախությանը:

Որքանո՞վ էինք այն ժամանակ պատրաստ անկախությանը:

Այս հարցի պատասխանները երեք խմբի կարելի է բաժանել՝ պատրաստ չէինք, մինչ անկախության հռչակումը որոշ ժամանակ հանրության հետ նախապատրաստական աշխատանքներ պետք է տարվեին. անկախությանը պատրաստ էինք, բայց պատրաստ չէինք զուգահեռաբար ընթացող երևույթներին՝ պատերազմին, տնտեսության փլուզմանը, հասարակարգի փոփոխությանը. պատրաստ էինք և միշտ էլ պատրաստ ենք եղել անկախությանը:

Ո՞րն է պետականաշինության 25 տարիների ընթացքում թույլ տրված ամենամեծ սխալը:

Թերևս այս հարցի պատասխանն է, որ պետք է օգնի հասկանալու, թե երբ ու ինչպես շեղվեցինք 1991-ին անկախության հռչակմամբ նախանշված զարգացման ճանապարհից: Իսկ սխալը հասկանալը առաջին քայլն է դրա շտկման ճանապարհին:

Այսպիսով, ամփոփենք անկախության ակունքներում կանգնած գործիչների մեծամասնության կարծիքը. պետականաշինության ընթացքում թույլ տրված ամենամեծ սխալը ընտրությունների առաջին կեղծումն է (1995 թ. Սահմանադրության հանրաքվեն և 1996 թ. նախագահական ընտրությունները), որով հետագա բոլոր զեղծարարությունների ու ներկայիս քաղաքական համակարգի հիմքն է դրվել:

Խոշորագույն սխալների երկրորդ հորիզոնականում կառավարման նախագահական համակարգի ընտրությունն է:

Սխալների շարքում են նաև տնտեսության մոնոպոլիզացիան, 1994 թ. զինադադարի համաձայնագիրը՝ հաղթանակած հայկական կողմի համար ոչ շահեկան դրույթներով, այն մտայնությունը, որ ժողովրդավարության հաշվին կարելի է կոմպրոմիսների գնալ՝ հանուն ինչ-ինչ նպատակների, Ղարաբաղյան շարժման ընթացքում հռչակված նպատակներից շեղումը հանուն անձնական շահի և այլն:

Ո՞րն է ներկայում մեր երկրի առջև ծառացած ամենամեծ մարտահրավերը:

Այս հարցում մեր զրուցակիցների տեսակետները էապես տարբերվել են: Առավել հաճախ նշված մարտահրավերներն են արտագաղթը, կոռուպցիան, կախվածությունը Ռուսաստանից և այդ երկրի վարած քաղաքականությունը մեր հանդեպ, վստահության պակասը իշխանությունների և երկրի ապագայի հանդեպ, անվտանգության համակարգի բացակայությունը, արժանապատվության և բարոյականության ճգնաժամը, անառողջ ներքին կյանքը երկրում, օրենքի գերակայության ապահովման և երկակի ստանդարտների կիրառման բացառման անհրաժեշտությունը, ժողովրդավարական հասարակության կայացումը, Արցախի հարցը, Արցախի և Հայաստանի վերամիավորումը և այլն:

Ապրիլյան պատերազմը մեծ փորձություն էր մեր պետականության համար: Ինչպե՞ս կարողացանք հաղթահարել այդ փորձությունը, ի՞նչ դասեր պետք է քաղենք և հետագայում ի՞նչ քայլեր ձեռնարկենք:

Մեր առաջին զրուցակիցներին այս հարցը չենք ուղղել: Սակայն ապրիլյան պատերազմը երկրում նոր իրավիճակ ստեղծեց՝ մեր 25-ամյա անկախությունը գնահատելու և ապագայի կերտման քայլերը ծրագրելու այլ դիտանկյուն թելադրելով: Ուստի ապրիլից ի վեր մեր զրուցակիներին նաև այս հարցն ենք ուղղել՝ ստանալով տարբեր գնահատականներ ու մեկնաբանություններ:

Ընդհանրացնելու պարագայում պատկերը հետևյալն է. պատերազմը ցույց տվեց, որ կոռուպցիան նաև բանակ է հասել, և հնարավոր չէ կյանքի բոլոր ոլորտների կոռումպացվածության պարագայում ունենալ այլ իրավիճակ բանակում: Պատերազմը նաև ի ցույց դրեց երկրի քաղաքական համակարգի խարխլվածությունը:

Պատերազմից հետո ձեռնարկված քայլերը՝ պաշտոնանկությունները, բավարար չէին հետագայում նման երևույթները կանխելու համար, հանրային պատասխանատվության անհրաժեշտություն կա: Նոր զինատեսակներով համալրման և երկրում ռազմարդյունաբերությունը խթանելու կարիք կա: Մեր զրուցակիցների կարծիքով՝ ապրիլյան պատերազմի հերոսը հայ զինվորն է, նրա քաջության ու տոկունության շնորհիվ է, որ հաջողվեց կանխել թշնամու առաջխաղացումը:

Ի՞նչ ապագա ունի Հայաստանը:

Այս հարցի պատասխանները կարելի է հետևյալ կերպ խմբավորել. լավատեսական մեծ խումբ և քիչ թվով հոռետեսական կանխատեսումներ:

Մեր զրուցակիցների մեծամասնությունը համոզված է՝ Հայաստանի ապագան պայծառ է լինելու, ի վերջո ունենալու ենք բոլորիս երազած Հայաստանը՝ հզոր, ժողովրդավարական ու բարեկեցիկ: Նրանք վստահ են, որ հայ ժողովուրդն իր ձգտումներն իրականացնելու պոտենցիալ ունի, իսկ ներկայիս դժվարություններն ու խնդիրները ժամանակավոր են. կգա ժամանակը, երբ արդար ընտրությունների միջոցով նոր իշխանություններ կձևավորվեն, երկրում նոր իրավիճակ կստեղծվի և քայլ առ քայլ առաջ կգնանք:

Մինչդեռ մեր զրուցակիցներից մի քանիսի կարծիքով՝ փոփոխությունների ժամանակն ու հնարավորությունները սպառվել են, դրա համար այլևս ո՛չ կամք կա, ո՛չ պոտենցիալ, իսկ ներկայիս հունով շարունակելու դեպքում երկիրը դատապարտված է կործանման:

Ամփոփելով կարելի է եզրակացնել. մեր ամենամեծ ձեռքբերումը անկախությունն է, իսկ սխալը եղել է ընտրությունները կեղծելը և ժողովրդավարական գործընթացների իմիտացիան: Ապագա ունենալու համար Հայաստանը և Արցախը պետք է միավորված և հզոր լինեն: Իսկ այդ ճանապարհին առաջին քայլն արդար ընտրություններ և ընտրված իշխանություններ ունենալն է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: