Հայերեն   English   Русский  

​«Հայաստանում մարդու իրավունքների խախտումները համակարգային բնույթ ունեն». տարին՝ մարդու իրավունքների տեսանկյունից


  
դիտումներ: 4444

Մասնագետների կարծիքով՝ մարդու իրավունքների պաշտպանության առումով 2016-ին հետընթաց ենք արձանագրել:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ առկա քաղաքական համակարգի պայմաններում հուսալ, որ քաղաքական կամքի դրսևորման դեպքում մարդու իրավունքների վիճակը կբարելավվի՝ մոլորություն է:

«Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համար ոչ թե քաղաքական կամքի առկայություն է պետք, այլ քաղաքական այնպիսի համակարգ, որտեղ հստակ է իշխանության տարանջատումը, որտեղ գործադիր մարմինը բացարձակապես կապ չի ունենա դատաիրավական համակարգի և հատկապես դատարանների հետ, այսինքն՝ պետք է դատարանների անկախություն: Մեր պարագայում չունենք իշխանությունների տարանջատում, ամեն ինչ ուղղահայաց է, իշխանություն կրող բոլոր մարմինները մեկ կաթսայի մեջ են, և բոլորը ենթարկվում են մեկ կենտրոնի»,- ասում է նա:

Իրավապաշտպանը շեշտում է, որ տեղական ինքնակառավարման մակարդակում էլ չկա անկախություն, բոլորը կախված են ֆեոդալական մարզպետներից, պետական կառավարումից: «Այսպիսի քաղաքական համակարգում մարդու իրավունքների բարելավում պետք է տեսականորեն լինի բարի թագավորի կամքով, իսկ դա հեքիաթներում է միայն լինում»,- ասում է Իշխանյանը:

Նա նշում է, որ վերջին տարիների վիճակը համեմատելով՝ կարելի է ասել, որ իրավիճակի փոփոխություններ լինում են միայն քաղաքական ճգնաժամի պայմաններում, երբ մարդու իրավունքների խախտումները զանգվածային բնույթ են կրում: Մինչդեռ Հայաստանում վերջին տարիներին ճգնաժամերը հաճախակի են դարձել:

«Նախորդ տարի այդպիսի մի քաղաքական կոլապս եղավ «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ, իսկ այս տարի ավելի խորը քաղաքական ճգնաժամ եղավ «Սասնա ծռերի» ապստամբության ժամանակ, երբ հսկայական զանգվածներ սկսեցին պաշտպանել այդ զինված խմբին: Եվ այդ քաղաքական ճգնաժամի պայմաններում երևաց Հայաստանի վերաճումը ոստիկանական պետության, որովհետև այդ ժամանակ որևէ օրենք, որևէ իրավունք չի գործում, գործում է միայն հրահանգը, և ոստիկանությունը գործում է ըստ հրահանգների՝ իմանալով իր անպատժելիության մասին»,- ասում է նա՝ հիշեցնելով, որ հուլիսյան դեպքերի ժամանակ հարյուրավոր մարդկանց էին բերման ենթարկում տներից ու փողոցներից, պահում սահմանվածից երկար և օրենքով չնախատեսված տարբեր վայրերում՝ զորամասերում, ոստիկանության ակադեմիայում և այլն, զանգվածային էին նաև բռնությունների դեպքերը:

«Աննախադեպ էին նաև լրագրողների հանդեպ բռնությունները: Այդպիսի բան չէր եղել անգամ 1996, 2004 և 2008 թվականներին»,- ասում է Իշխանյանը:

Նա նաև հիշեցնում է ընթացիկ տարում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները և զուգորդված բռնությունները: «Հատկապես Էջմիածնում ընտրություններն ուղեկցվեցին ծեծուջարդով, անգամ հակառակորդ թեկնածուն հիվանդանոց ընկավ, բայց դա որևէ կերպ չազդեց ընտրությունների արդյունքի վրա»,- ասում է Իշխանյանը՝ հավելելով, որ նման պայմաններում ասել, թե Էջմիածնում պաշտպանվում են մարդու իրավունքները, ծիծաղելի է:

«Հայաստանում մարդու իրավունքների խախտումները համակարգային բնույթ են կրում: Ոչ թե առանձին մարդու իրավունքների խախտումներ կան, որոնց դեմ կարելի է պայքարել ու բարելավել վիճակը, այլ համակարգային բնույթ են կրում»,- ասում է իրավապաշտպանը:

«Իրավունքի գերակայություն» ՀԿ-ի անդամ Արտակ Զեյնալյանի գնահատմամբ ևս այս տարի մարդու իրավունքների վիճակը Հայաստանում հետընթաց է ապրել: Ինչպես «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հադիպման ժամանակ նշել է Զեյնալյանը, նախորդ տարվա համեմատ՝ ոստիկանության վերաբերմունքը մարդու իրավունքների պաշտպանության առումով ավելի ցինիկ էր: «Դա պայմանավորված է նրանով, որ նախորդ տարվա արածը նրանք կարողացան մարսել, իրավական պատասխանատվության չենթարկվեցին: Եթե արածի համար հատուցում չկա՝ դառնում է սովորույթ: Այս տարի դա զարգացվեց»,- կարծում է Զեյնալյանը:

Նա նաև շեշտադրում է լրագրողների նկատմամբ բռնությունները: «Ինչու՞ են լրագրողներին թիրախ ընտրում: Քանի որ խոսքի ազատության իրավունքի պաշտպաններն են նրանք: Ռեժիմի նպատակն է այդ իշխանության տիրոջը մեկուսացնել, թույլ չտալ, որ ժողովուրդը պահանջատեր լինի»,- ասում է Զեյնալյանը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ևս կարծում է, որ անցնող տարին ծանր էր հայաստանյան ԶԼՄ-ների համար: «Չափազանց բարդ և լարված տարի էր, բազմաթիվ ֆիզիկական բռնությունները, որ արձանագրեցինք, մասնագիտական գործունեության խոչընդոտումների փաստերը վկայում են, որ լրագրողները գործել են ծայրահեղ անբարենպաստ պայմաններում: Լրատվամիջոցները բախվել են մի շարք լուրջ մարտահրավերների»,- նշում է Մելիքյանը՝ հավելելով, որ առաջիկա տարվա մարտահրավերը խորհրդարանական ընտրություններն են լինելու:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: