Հայերեն   English   Русский  

​20 տարվա ընդմիջումից հետո` օլիմպիական ոսկի. մարզական տարվա ամփոփում


  
դիտումներ: 2265

2016 թվականին հայկական սպորտի տարեգրությունում արձանագրվեցին մարզական նշանակալի իրադարձություններ:

Հայ մարզիկները մեր երկիրը ներկայացրին միջազգային տարբեր հարթակներում, մասնակցեցին մարզական ամենակարևոր ստուգատեսին՝ օլիմպիական խաղերին:

Մարզական տարին ամփոփելով՝ հպարտությամբ կարող ենք արձանագրել, որ շքեղ ու հիշարժան հաղթանակներն ուրախության, ոգևորության և հպարտության րոպեներ պարգևեցին հայ ժողովրդին:

Ամենակարևորի մասին. օլիմպիական խաղերի չեմպիոն՝ Արթուր Ալեքսանյան

2016 թվականի օգոստոսի 5-21-ը Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում կայացավ քառամյակի գլխավոր մարզական իրադարձությունը՝ ամառային 31-րդ օլիմպիական խաղերը:

Ամառային 31-րդ օլիմպիական խաղերը պատմական դարձան Հայաստանի համար: Մեր մարզիկների՝ ծանրորդների, ըմբշամարտիկների, բռնցքամարտիկների, մարմնամարզիկների ելույթներին մեծ ակնկալիքներով բոլորն էին սպասում:

Հայկական պատվիրակությունը Ռիո մեկնեց Հայաստանի համար ռեկորդային՝ 33 մարզիկով, որոնցից, սակայն, 31-ը մասնակցեց ամառային 31-րդ օլիմպիական խաղերին:

Օլիմպիական խաղերում օգոստոսի 17-ին հայաստանցի մարզիկներն ընդամենը 24 ժամվա ընթացքում նվաճեցին 1 ոսկե և 3 արծաթե մեդալ:

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 98 կգ քաշային 25-ամյա Արթուր Ալեքսանյանը նվաճեց օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչումը, հունահռոմեական ոճի ըմբիշ, 66 կգ քաշային 27-ամյա Միհրան Հարությունյանը, ծանրորդներ՝ 19-ամյա Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ), գերծանրքաշային 22-ամյա Գոռ Մինասյանն արժանացան օլիմպիական խաղերի արծաթե մեդալների:

Արթուր Ալեքսանյանը կարողացավ իրականություն դարձնել օլիմպիական խաղերի «ոսկե» երազանքը: Վերջին անգամ 1996-ին ըմբշամարտիկ Արմեն Նազարյանն էր նման հաջողության հասել:

2016 թ.՝ 20 տարվա դադարից ու սպասումներից հետո, կրկին օլիմպիական չեմպիոն ունեցանք: Արթուր Ալեքսանյանը՝ մեր ժամանակների լավագույն ըմբշամարտիկներից մեկը, հպարտություն և ուրախություն պարգևեց բոլորիս:

Նորընծա օլիմպիական չեմպիոնը պարգևատրման արարողության ժամանակ ապրիլյան պատերազմի անձնազոհ հերոս Ռոբերտ Աբաջյանի դիմանկարով շապիկ էր հագել: Արթուր Ալեքսանյանը յուրահատուկ և հարգանքի արժանի քայլ կատարեց:

Արթուր Ալեքսանյանի անվան կողքին անպայման պետք է հիշատակել փորձառու և հրաշալի ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանին: Ամբողջ աշխարհը տեսավ, թե ինչպես գողացան նրա տիտղոսը: Եվ չնայած Միհրանը կանգնեց պատվո պատվանդանի երկրորդ աստիճանին՝ մեզ համար նա է իրական չեմպիոնը:

Ռիոյում իրենց վարպետությամբ փայլեցին, հանդարտությամբ իրենց գործը կատարեցին և օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ դարձան երիտասարդ դյուցազուններ Սիմոն Մարտիրոսյանն (105 կգ) ու Գոռ Մինասյանը (+105 կգ):

Ռիոյի օլիմպիադան իսկապես հաղթական ստացվեց մեր երկրի համար:

Ծանրամարտիկներն ու մարմնամարզիկները փայլեցին Եվրոպայի առաջնություններում

Ծանրամարտ

Ապրիլի 10-16-ը Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում կայացավ 2016 թվականի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:

Այդ առաջնությունում հայաստանցի ծանրորդները նվաճեցին բոլորից շատ մեդալներ և թիմային ոչ պաշտոնական հաշվարկում զբաղեցրին 1-ին տեղը:

3 ծանրորդ՝ Անդրանիկ Կարապետյանը (77 կգ), Նազիկ Ավդալյանը (75 կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (գերծանր քաշ) երկամարտի արդյունքում նվաճեցին Եվրոպայի չեմպիոնի կոչումը, Տիգրան Մարտիրոսյանը (77 կգ) և Գոռ Մինասյանը (+105 կգ) արժանացան արծաթե մեդալի, Սիմոն Մարտիրոսյանն էլ (105 կգ)՝ բրոնզե մեդալի:

Եվրոպայի կարևորագույն ստուգատեսում հայ մարզիկներն ու մարզուհիները, մրցադաշտը վերածելով մարտադաշտի, փայլուն հանդես եկան: Հայ մարզիկները (տղամարդիկ և կանայք), նվաճելով 8 ոսկե, 7 արծաթե և 3 բրոնզե մեդալ, ընդհանուր հաշվարկով հավասարը չունեցան Եվրոպայում:

Մարմնամարզություն

Շվեյցարիայի Բեռն քաղաքում կայացած մարմնամարզության Եվրոպայի 32-րդ առաջնությունում հայ պատվիրակներն աննախադեպ հաջողության հասան՝ նվաճեցին 1 ոսկե և 3 արծաթե մեդալ:

Նժույգթափերում աշխարհի 2015 թվականի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն, հենացատկեր վարժությունում Արթուր Դավթյանը, օղակների վրա վարժությունում՝ Վահագն Դավթյանը նվաճեցին Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումները: Եվրոպայի առաջնությունից հայ մարմնամարզիկները վերադարձան 1 ոսկե և 2 արծաթե մեդալով, ինչն ապահովեց թիմային պայքարում 2-րդ տեղը: Առաջին անգամ Հայաստանի պատմության ընթացքում մարմնամարզությունից ունեցանք Եվրոպայի չեմպիոն և 3 փոխչեմպիոն: Երիտասարդների պայքարում օղակների վրա վարժությունում Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը նվաճեց Արթուր Ավետիսյանը:

Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ անձնվեր աշխատանքի, հետևողականության և նվիրվածության շնորհիվ կարելի է մարզական սխրանքներ գործել:

Ֆուտբոլ. հիշատակության արժանի

Նոյեմբերի 11-ին Երևանում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը՝ թիմի նորանշանակ մարզիչ Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ, երեք տարվա ընդմիջումից հետո վերջապես հաղթանակ տոնեց 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում:

Չնայած ընտրական փուլի նախորդ երեք խաղերում կրած պարտություններին՝ երկրպագուները սպասում էին հաղթանակի: Հավաքականի հաղթանակն իսկապես կամային էր, քանի որ առաջին խաղակեսում պարտվում էինք 0:2 հաշվով: Թվում էր՝ մերոնք մոտենում են չորրորդ անընդմեջ պարտությանը, սակայն ընդմիջումից հետո պատկերը գլխիվայր շրջվեց: Արտակ Գրիգորյանը (50), Վարազդատ Հարոյանը (74), իսկ վերջին վայրկյաններին նաև Գևորգ Ղազարյանը բերեցին այնքան սպասված հաղթանակը:

Հանդիպումը Մոնտենեգրոյի ընտրանու հետ ավարտեցինք մեր օգտին՝ 3:2:

Մեր թիմում վերջապես երևաց իմաստավորված կոլեկտիվ խաղ ու պայքար: Եվ այդ ամենը ձեռք բերվեց ընդամենը մի քանի օրվա ընթացքում, երբ հավաքականի ղեկը ստանձնեց գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը:

Արթուր Պետրոսյանի վերադարձը ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական առավել քան տպավորիչ ստացվեց: Մեր ընտրանին աներևակայելի հաղթանակ տարավ և առաջին 3 միավորը վաստակեց աշխարհի առաջնության ընտրական այս մրցաշարում:

Այժմ Հայաստանի հավաքականը զբաղեցնում է E խմբի նախավերջին՝ 5-րդ հորիզոնականը։ Խմբի առաջատարներն են Լեհաստանի և Մոնտենեգրոյի հավաքականները: Հայաստանի ֆուտբոլային ընտրանու հաջորդ պաշտոնական հանդիպումը տեղի կունենա 2017 թվականի մարտին:

Հենրիխ Մխիթարյան

Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը 2016 թվականի ամռանը «Բորուսիայից» «Մանչեսթր Յունայթեդ» տեղափոխվեց:

Մխիթարյանը «Բորուսիա» էր տեղափոխվել Դոնեցկի «Շախտյորից» 2013 թվականին՝ հասցնելով դառնալ թիմի առանցքային խաղացողներից մեկը և երկրպագուների սիրելին:

«Մանչեսթր Յունայթեդը» հայաստանցի 27-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար «Բորուսիային» վճարեց 46 միլիոն 800 հազար դոլար։ Մխիթարյանը դարձավ հետխորհրդային տարածաշրջանը ներկայացնող ամենաթանկ ֆուտբոլիստը: Նախկինում այդ տիտղոսը կրում էր ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շևչենկոն:

«Մանչեսթր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 7-րդ տարին անընդմեջ ճանաչվեց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Այս կապակցությամբ ֆուտբոլիստը գրառում կատարեց. «Ինձ համար մեծ պատիվ է 7-րդ անգամ արժանանալ Հայաստանի լավագույն խաղացողի կոչմանը։ Շնորհակալ եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, իմ ակումբներին, երկրպագուներին և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ինձ հավատալու համար։ Ողջ կյանքս նվիրել եմ ֆուտբոլին և հասել նշանակալի ձեռքբերումների։ Սակայն զգում եմ, որ դեռ կարող եմ ավելին անել իմ ակումբի` «Մանչեսթր Յունայթեդի» և Հայաստանի համար, երկիր, որին շատ եմ սիրում և որը միշտ իմ մտքում է»:

ՀՀ սպորտի և երտասարդության հարցերի նախարարության գերխնդիրը սպորտի մասսայականացումն է

Նոր կառավարության ձևավորումից հետո ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ղեկը վերստին ստանձնեց Հրաչյա Ռոստոմյանը: «Անկախի» հետ զրույցում սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը խոսեց ֆիզկուլտուրայի և մասսայական սպորտի ոլորտում կառավարության նախանշած նոր քաղաքականության ու մոտեցումների մասին: Նախարարության առաջիկա քայլերն ուղղված են լինելու մասնավորապես ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և առողջ ապրելակերպի ամրապնդմանն ու տարածմանը:

«Մեր երկրում մարդիկ սպորտով ավելի քիչ են զբաղվում, քան ցանկալի է: Առաջնահերթ նախարարության աշխատանքների շեշտը դրվելու է մասսայական սպորտի վրա, որպեսզի քաղաքային, գյուղական միջավայրում տարբեր տարիքային խմբերի, սեռերի և խավերի շրջանում մասսայական սպորտն ու առողջ ապրելակերպն իսկապես զարգանան: Պարտադիր չէ, որ բոլորը չեմպիոն դառնան, բայց շատ կարևոր է, որ բոլորը զբաղվեն ֆիզկուլտուրայով և սպորտով»,- «Անկախի» հետ զրույցում նշեց Հրաչյա Ռոստոմյանը:

Մարզիկների լավագույն տասնյակը

Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան, հաշվի առնելով 2016 թվականին մարզիկների ելույթները, հաղթանակներն ու ձեռքբերումները, ձևավորել է հանրապետության լավագույն մարզիկների տասնյակը:

Տասնյակի 1-ին տեղն է զբաղեցնում Ռիո 2016-ի օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Ալեքսանյանին հաջորդում են Միհրան Հարությունյանը, Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը, Նազիկ Ավդալյանը, Հարություն Մերդինյանը, Անդրանիկ Կարապետյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը,Վարշամ Բորանյանը և Արթուր Դավթյանը:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: