Հայերեն   English   Русский  

​Իրադարձություններ, որոնք ցնցեցին աշխարհը 2016-ին


  
դիտումներ: 3224

2016 թվականը հարուստ էր քաղաքական կարևոր զարգացումներով: Անցնող տարին անհանգիստ անցավ մոլորակի գրեթե բոլոր կետերում` Մերձավոր Արևելքից մինչև Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Բացառություն չէր նաև Հայաստանը:

«Անկախը» կազմել է այն իրադարձությունների ցուցակը, որոնց ազդեցությունը դեռևս երկար տարիներ զգալի կլինի:

Ռազմական գործողությունների բռնկում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում

չորսօրյա պատերազմ

Հայ ժողովուրդը 2016 թվականը կհիշի որպես մեծ կորուստների տարի:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսեց լայնածավալ հարձակողական գործողություններ՝ կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերն առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը կիրառեցին «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ: Ապրիլի 5-ին` կեսօրին, հաստատվեց զինադադար:

4 օր տևած պատերազմը խլեց ԼՂՀ 110 զինծառայողի: Զոհվեցին խաղաղ բնակիչներ: Ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակավայրերի հրթիռակոծության հետևանքով Արցախի Մարտունու շրջանի Զորավան գյուղում զոհվեց 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը: Թալիշում սպանվեց երեք մեծահասակ բնակիչ: Հայկական կողմը կորցրեց 800 հա հողատարածք: Հակառակորդի հարձակումից տուժած Թալիշ գյուղի բնակիչներն արտագաղթեցին: Ադրբեջանը կորցրեց 300 զինծառայող:

Մեծ Բրիտանիան ապահարզան պահանջեց ԵՄ-ից

Brexit

Եվրոպական միությունում շարունակում են խորանալ անհամաձայնությունները և պառակտումը: Միգրացիոն ճգնաժամը ԵՄ-ին կանգնեցրել է փլուզման եզրին: Այդ ճանապարհին առաջին քայլը կատարեց Միացյալ Թագավորությունը: Հունիսի 23-ին երկրի ողջ տարածքում անցկացված հանրաքվեի արդյունքներով քաղաքացիների 51.8 տոկոսը Եվրոպական միությունից դուրս գալու օգտին արտահայտվեց: ԵՄ-ի կազմում մնալու համար պայքարող վարչապետ Դևիդ Քեմերոնն անմիջապես հրաժարական տվեց: Երկու տարի կպահանջվի, որպեսզի Եվրամիության երկրները և Մեծ Բրիտանիան վերջնականապես պայմանավորվեն բաժանման կետերի շուրջ, իսկ Թագավորությունում հանրաքվեի հաջորդ օրն իսկ տեղի ունեցան հանցագործություններ ազգայնական հողի վրա: Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ սա Եվրամիության վերջի սկիզբն է: Քաղաքական ուժերը Ֆրանսիայում, Իտալիայում և Նիդեռլանդներում խոստանում են մոտ ապագայում համանման հանրաքվեներ անցկացնել:

Ահաբեկչություն Նիսում

Հուլիսի 14-ին տեղի ունեցավ ահաբեկչություն Ֆրանսիայում: Ահաբեկիչը բեռնատար մեքենան քշեց Բաստիլի գրավման օրվա առթիվ կազմակերպված հրավառությանը հետևող ամբոխի մեջ, իսկ հետո սկսեց հրազենով կրակել հավաքվածների վրա։ Մինչև մեքենան կանգնեցնելը վարորդը մեծ արագությամբ մոտ 2 կմ քշել է ամբոխի միջով: Սպանվեց 87 մարդ, 434-ը տարբեր աստիճանի վնասվածքներ ստացավ:

Ռազմական հեղափոխության փորձ Թուրքիայում

Հուլիսի 16-ին Թուրքիայի գլխավոր շտաբի զինվորականները հայտարարեցին երկրում իշխանության զավթման մասին: Հիմնական բախումները տեղի ունեցան Անկարայում և Ստամբուլում: Սակայն Ռեջեփ Թայիփ Էրդողանին հաջողվեց պահպանել իշխանությունը: Նա հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվեց ԱՄՆ-ում բնակվող իսլամի հայտնի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին` պահանջելով ԱՄՆ-ից արտահանձնել նրան: Գյուլենն ինքը դատապարտեց ապստամբությունը: Նա հայտարարեց, որ հեղաշրջման փորձը կազմակերպել էր հենց Էրդողանը: Վերջինս իսկապես օգտագործեց միջադեպը իր շահերի համար, երկրում ուժեղացրեց ճնշումներն իրեն խանգարող մարդկանց հեռացնելու նպատակով` սկսելով ձերբակալությունների հսկայական ալիք: Հետապնդումները շարունակվում են մինչ օրս:

ՊՊԾ գնդի գրավումը Երևանում

ՊՊԾ գունդ

Հուլիսի 17-ի առավոտյան «Հիմնադիր խորհրդարանի» մի խումբ անդամներ հարձակում իրականացրին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա և պատանդ վերցրին այնտեղ գտնվող յոթ ոստիկանի: Հիմնադիր խորհրդարանի փոխնախագահ և ապստամբության կազմակերպիչ Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ իրենք պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Պահանջում էին նաև ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, Գևորգ Սաֆարյանին, Շանթ Հարությունյանին և ընկերներին, Վոլոդյա Ավետիսյանին: Ապստամբները հայտարարում էին, որ նման քայլի պատճառ է Արցախյան հակամարտությունում իշխանությունների զիջումների գնալու պատրաստակամությունը: Անմիջապես սկսվեցին երթեր և ցույցեր՝ ապստամբներին աջակցելու և արյունահեղությունը կանխելու նպատակով: Ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցան բախումներ, որոնք սուր էին հատկապես հուլիսի 20-ին և 26-ին: Հուլիսի 28-ին բերման ենթարկվեցին ոչ միայն ակտիվիստներ, այլև շարքային քաղաքացիներ: Հուլիսի 31-ին զինված խմբի անդամներից Վարուժան Ավետիսյանը հայտարարեց զենքը վայր դնելու և որպես ռազմագերի իշխանություններին հանձնվելու մասին։ Ժամը 20-ից սկսվեց նրանց հանձնվելու գործողությունը: Վիրավորվեցին մի քանի տասնյակ քաղաքացիներ, բռնության ենթարկվեցին քաղաքացիներ և լրագրողներ: Ոստիկանների և «Սասնա ծռեր» խմբի անդամների միջև փոխհրաձգության հետևանքով զոհվեց երեք ոստիկան, վիրավորվեցին «Սասնա ծռերի» անդամներ:

ՀՀ կառավարությունը հրաժարական տվեց

Սեպտեմբերի 8-ին՝ կառավարության հերթական նիստի ժամանակ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց: Սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության նոր վարչապետ նշանակվեց Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Փոխվեց կառավարության կազմը: Իրենց պաշտոնները պահպանեցին միայն նախարարներ Հրանուշ Հակոբյանը, Էդվարդ Նալբանդյանը և Արփինե Հովհաննսիյանը: «Սպասելիքներ, որ մենք շատ արագ պետք է վիճակ փոխենք, այս պահին ուզում եմ բոլորին ասել, որ դա չի լինելու: Բայց մենք սիգնալներ ենք տալու, թե մեր տնտեսությունը որ ուղղությամբ է զարգանալու»,- իր առաջին ելույթում հայտարարեց նորանշանակ վարչապետը: Նոյեմբերին Կարեն Կարապետյանը դարձավ ՀՀԿ ԳՄ անդամ:

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններ

Նոյեմբերի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում տեղի ունեցավ տարվա գլխավոր իրադարձությունը՝ երկրի նախագահական ընտրությունները: Հաղթեց հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը. նա ստացավ ընտրական կոլեգիայի անդամների 276 ձայն, իսկ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Հիլարի Քլինթոնը՝ 218 ձայն: Այս արդյունքն անակնկալի բերեց և ինչ-որ առումով ցնցեց աշխարհը: Նախընտրական քարոզարշավի ամբողջ ընթացքում Հիլարի Քլինթոնը համարվում էր բացահայտ ֆավորիտ: Սա միջին խավի հաղթանակն էր վերնախավի նկատմամբ, որը տարիներ շարունակ իշխում էր երկրում: Ամերիկացիները քվեարկեցին փոփոխությունների օգտին: Դոնալդ Թրամփը պաշտոնը կստանձնի հունվարին:

Զարգացումներ Սիրիական հակամարտությունում

2016 թվականի ողջ ընթացքում աշխարհի ուշադրությունը շարունակեց բևեռված մնալ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Փետրվարի 26-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունեց բանաձև, որով երկրի տարածքում հրադադար հաստատվեց: Հուլիսին այն դադարեց, բռնությունների նոր ալիք սկսվեց:

Ռազմական գործողություններին մասնակցում են Սիրիայի կառավարական ուժերը, ընդդիմադիրները կամ չափավոր ծայրահեղականները, Ռուսաստանի օդային ուժերը, «Իսլամական պետությունը» և այլն: Սեպտեմբերին ՌԴ-ին և ԱՄՆ-ին հաջողվեց համաձայնություն ձեռք բերել, և Սիրիայի կառավարության ու ընդդիմադիրների միջև կրկին հաստատվեց հրադադար: Սա ևս երկար կյանք չունեցավ: Դամասկոսը վերսկսեց ռազմական գործողությունները, երբ ամերիկա-բրիտանական ուժերի հասցրած օդային հարվածի հետևանքով զոհվեց սիրիացի 60 զինվորական: Սեպտեմբերի 22-ից սիրիական կառավարական ուժերը ռուսական օդուժի աջակցությամբ սկսեցին Հալեպի ազատագրման վերջին փուլը: Ռազմական գործողությունների սրման հետևանքը դարձավ խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի աճը: Տուժեցին հայկական թաղամասերը: Հայկական համայնքը տվեց 10 զոհ: Դեկտեմբերի 14-ին պաշտոնական Դամասկոսը հայտարարեց Հալեպի ազատագրման մասին: Հալեպը ցնծում էր՝ չնայած կորուստներին և ավերածություններին:

Այնուամենայնիվ, Սիրիայի երկրորդ քաղաքի ազատագրումը չի նշանակում, որ մոտ ապագայում Մերձավոր Արևելքում կհաստատվի խաղաղություն: Իրաքի Մոսուլի ճակատամարտը դեռևս շարունակվում է, իսլամիստները վերանվաճում են նոր տարածքներ, ինչպես Պալմիրան: Անհարթ են նաև կոնֆլիկտում անուղղակիորեն ներգրավված գերտերությունների հարաբերությունները: Թե ինչ հետևանքներ կունենա դեկտեմբերի 18-ին Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությունը, դեռևս անկանխատեսելի է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: