Հայերեն   English   Русский  

​Տնտեսական տարի. բազմաթիվ անհայտներով հավասարում


  
դիտումներ: 2819

Այս տարին էլ աչքի ընկավ տնտեսական բազմաթիվ իրադարձություններով՝ դրական և բացասական:

Սկսենք կառավարության փոփոխությունից: Նոր կառավարությունը ձևավորման պահին բավական հետաքրքիր հայտարարություններով ու ձևակերպումներով հանդես եկավ, հատկապես՝ երկրի սոցիալ-տնտեսական վիճակի մասին: Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ Հայաստանի տնտեսության վիճակը ծանր է` շատ ծանր, ու հետագայում էլ կառավարության ծրագիրը ներկայացնելիս նշվեց, որ այս կառավարության գերնպատակը հետագա զարգացման հիմքեր դնելն է: Ավելին՝ Կարեն Կարապետյանը, դարձյալ ԱԺ-ում, խոսեց կառավարության հնարավորությունների մասին ու շեշտեց՝ հավանականությունը մեծ է, որ իրենց առջև դրված ծանրաձողը բարձրացնելիս «գրիժա ստանան»:

Նայենք, թե ինչ տնտեսական ցուցանիշներ են գրանցվել այս տարի ու ինչ նախադրյալներով ենք մոտենում հաջորդ տարվան:

Տնտեսական աճ

Դեռևս այս տարվա սկզբին նախատեսվում էր, որ 2016 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կտատանվի 1,7-2,2 տոկոսի սահմաններում: Համաշխարհային բանկն էլ այդ օրերին Հայաստանի համար 2016 թվականին կանխատեսում էր 2.2 տոկոս տնտեսական աճ: Գրեթե նույն օրերին միջազգային հեղինակավոր Bloomberg գործակալությունը հրապարակել էր տնտեսության վատ ցուցանիշներով երկրների ցուցակը, որտեղ Հայաստանի համար կանխատեսել էր 2,5 տոկոս տնտեսական աճ: Այնուհետև Արժույթի միջազգային հիմնադրամը 2016 թվականի համար Հայաստանում 3,2- տոկոսանոց, իսկ հաջորդ` 2017 թվականին` 3,4-տոկոսանոց տնտեսական աճ էր կանխատեսում: Սակայն դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ավագ տնտեսագետ Գոհար Գյուլումյանը հանդես եկավ ասուլիսով ու ներկայացրեց ՀԲ-ի նոր կանխատեսումները Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ: Նա նշեց, որ նոյեմբերին արդեն իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը եղել է 0.6 տոկոս: Ակնկալվում է, որ դեկտեմբերին այն ավելի ցածր կլինի, ուստի ՀԲ-ի նոր կանխատեսումների համաձայն՝ այս տարին մեր տնտեսությունը կամփոփի զրոյական տնտեսական աճով, այսինքն՝ առանց տնտեսական աճի:

Ներդրումներ

Որպեսզի տնտեսությունը զարգանա, աշխուժանա, սկսենք ավելի շատ ապրանքներ արտադրել ու արտահանել, տնտեսական աճ ապահովենք, ժողովրդի կենսամակարդակն ու բարեկեցությունն աճեն, գործազրկությունը կրճատվի, մի խոսքով` սոցիալ-տնտեսական կյանքի բարելավման համար կարևոր, եթե չասենք՝ առանցքային նշանակություն ունեն ներդրումներն ու հատկապես օտարերկրյա ներդրումները: Բոլորովին վերջերս դրան Financial Times-ի FDI Magazine պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել էր նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը` նշելով, որ օտարերկրյա ուղղակի ներդրումները հույժ կարևոր են մեզ համար ոչ միայն տնտեսական աճին նպաստելու և լրացուցիչ ներդրումների, այլև կառավարման նոր մշակույթ ներգրավելու տեսանկյունից, որի միջոցով նաև ցույց կտանք, որ մեր երկիրը բաց է, մի բան, որ բազմապատկող դրական ազդեցություն կունենա մեր կյանքի այլ ոլորտների, օրինակ՝ զբոսաշրջության վրա: Բայց արի ու տես, որ ըստ ԱՎԾ տվյալների՝ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ուղղակի ներդրումները կազմել են 44.4 մլրդ դրամ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դրանք մոտ երկու անգամ ավելի շատ էին՝ 80.2 մլրդ դրամ: Իսկ տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի բնորոշմամբ՝ 2016 թվականի առաջին 9 ամիսներին զուտ ներդրումները կրճատվել են 70 մլրդ դրամով:

Հարկային նոր օրենսգիրք

Հոկտեմբերի 29-ին ՀՀ Ազգային ժողովը 79 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ ընդունեց հարկային օրենսգիրքը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այն քվեարկության դրեց, չնայած ԱԺ բազմաթիվ պատգամավորներ, ՀԿ-ներ, գործարարներ ու ընկերություններ մտահոգություններ էին հայտնել նոր օրենսգրքի կապակցությամբ: Օրինակ` հունիսի 23-ի մամուլի ասուլիսում հարկային նոր օրենսգրքի թերություններին, տնտեսության վրա դրա երկարաժամկետ ազդեցությանն ու Հարկային խորհրդի կողմից արված առաջարկություններին էր անդրադառնում Ամերիկյան առևտրի պալատի նախագահ Տիգրան Ջրբաշյանը: Նա նշում էր, որ օրենսգրքի` այս բովանդակությամբ ընդունումը կհարվածի բիզնեսին, կնպաստի արտագաղթին և երկարաժամկետ կտրվածքով կարող է հանգեցնել դեֆոլտի: ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի փոխնախագահ Սամսոն Գրիգորյանն էլ նշում էր, որ նոր օրենսգիրքը հաճախ հակասում է նաև կառավարության ծրագրերին, հատկապես ՓՄՁ ներկայացուցիչները դժգոհ են թե՛ շրջանառության ծավալների շեմի իջեցումից մինչև 58.35 միլիոն դրամ, որից վերև արդեն հարկային արտոնություններ չեն սահմանվում և տնտեսվարողները ստիպված են ԱԱՀ վճարել, թե՛ աշխատողների եկամտահարկի սահմանաչափերից և այլն: Հարկային նոր օրենսգրքից դժգոհում են գրեթե բոլորը, այն դեպքում, երբ այս օրենսգիրքը նույնպես այն կարևորագույն գործոններից է, որը լրջագույն ազդեցություն է ունենալու ոչ միայն հաջորդ տարվա տնտեսական ցուցանիշների, այլև հետագա` երկար ժամանակահատվածի ցուցանիշների վրա:

Աղքատություն

Աղքատության ցուցանիշը շարունակում է մնալ մեր սոցիալ-տնտեսական կյանքի ամենախոցելի կետերից մեկը: Անցյալ տարվա տվյալներով՝ աղքատության մակարդակը Հայաստանում կազմում է 29,8 տոկոս: Սա նշանակում է, որ Հայաստանում յուրաքանչյուր 3-րդ մարդը շարունակում է պաշտոնապես աղքատ համարվել: Այսինքն, ըստ վիճակագրական մեթոդաբանության, Հայաստանում աղքատ են համարվել այն քաղաքացիները, որոնց ամսական եկամուտները 41 698 դրամից պակաս են: Իսկ ոչ պաշտոնապես, այսինքն` գոնե ելնելով նվազագույն կարիքները հոգալ կարողանալու համար անհրաժեշտ գումարի մեծության տեսանկյունից, կարող ենք ասել, որ Հայաստանում աղքատության մակարդակը շատ ավելի բարձր է, քան արձանագրվում է պաշտոնական վիճակագրությամբ: Այս կապակցությամբ ներկայացնենք մի ուշագրավ ցուցանիշ: Պարենային քաղաքականության միջազգային հետազոտական ինստիտուտը հրապարակել է 2016 թվականի «Սովի համաշխարհային ինդեքս» (Global Hungerindex) ամենամյա զեկույցը, որի համաձայն՝ Հայաստանում թերսնումից տառապող մարդկանց թիվը կազմում է բնակչության 5,8 տոկոսը: Մինչև 5 տարեկան երեխաների 3,3 տոկոսի մոտ կա սակավաքաշություն, 12,9 տոկոսի մոտ՝ զարգացման դանդաղեցում: Սրանք ևս աղքատության հետևանք են:

Պետական պարտք

Մեր երկրի պետական պարտքը, հատկապես՝ արտաքին պետական պարտքը վերջին տարիներին ամենահետաքրքրող հարցերից մեկն է: Դեկտեմբերի 23-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հանդես եկավ տարեվերջյան ամփոփիչ ասուլիսով՝ ներկայացնելով թե՛ բյուջեի կատարողականը, թե՛ պետական պարտքի վերջին տվյալները և թե՛ այլ ֆինանսական տեղեկություններ: Ըստ այդմ՝ պետական պարտքը 2016 թվականին կհասնի 5,905 մլրդ ԱՄՆ դոլարի կամ ՀՆԱ-ի 55,5 տոկոսի, որից արտաքին պետական պարտքը կկազմի 4,847 մլրդ դոլար կամ ՀՆԱ-ի 45,6 տոկոսը: Կանխատեսվում է, որ եկող տարի պետական պարտքը կհասնի 6,338 մլրդ դոլարի կամ ՀՆԱ-ի 56,8 տոկոսի, որից արտաքին պետպարտքը կկազմի 5,178 մլրդ դոլար կամ ՀՆԱ-ի 46,4 տոկոսը:

Սա արդեն լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս, որովհետև ընդհուպ մոտեցել ենք անգամ մեր օրենսդրությամբ արգելվող պարտք-ՀՆԱ 60 տոկոս սահմանագծին: Կառավարության ներկայացուցիչները նշում են, որ պետական պարտքի նման ցուցանիշը մտահոգիչ չէ, իսկ մասնագետներն այլ բան են ասում: Հետաքրքիր մի հանգամանք կա մեր պետպարտքի կառավարման համատեքստում: Հայաստանի համար պարտքային բեռի` բոլոր պարտքերի մարման, ընթացիկ վճարումների և սպասարկման համար բյուջեի վրա ամենամեծ ծանրությունը բաժին է հասնելու 2020 թվականին: Հենց այդ տարում պետք է մարենք մեր եվրոբոնդերով ներգրավված շուկայական պարտքը: Ու այդ ժամանակ կարող են խնդիրներ առաջանալ: Սա մտահոգության լուրջ առիթ է, այդ թվում նաև ֆինանսների նախարարության համար: Սակայն Վարդան Արամյանը հանգստացնում է, թե որպեսզի այդ խնդիրները չառաջանան, մեզ օդ ու ջրի պես տնտեսական աճ է անհրաժեշտ: Բայց հաշվի առնելով մեր տնտեսական աճի ու առհասարակ տնտեսական վիճակի ոլորտում առկա խնդիրները, որոնց մասին արդեն խոսեցինք, հարց է առաջանում` ինչպե՞ս պետք է ֆինանսների նախարարությունը լուծի այս խնդիրը: Նախարար Վարդան Արամյանը մատնանշում է «բութ մատի» կանոնը. կձեռնարկվեն քայլեր՝ պարտքի վերակառուցման առումով, որով պարտքի կառավարելիությունը կբարելավվի ու խնդիրներից հնարավոր կլինի խուսափել: Բայց կառավարությունը շարունակում է նորանոր պարտքեր ներգրավել: Մեր հաշվարկներով` իր գոյության 2-3 ամիսների ընթացքում նոր կառավարությունն արդեն հասցրել է 310 մլն դոլար և 90 մլն եվրո նոր վարկերով ծանրացնել մեր պետական պարտքի բեռը: 2016 թվականի ընթացքում, ըստ Վարդան Արամյանի ներկայացրած տեղեկատվության, ՀՀ կառավարության և միջազգային վարկատուների միջև ստորագրվել են 10 վարկային պայմանագրեր, որոնց ընդհանուր գումարը կազմում է 477 մլն ԱՄՆ դոլար:

Ինչ վերաբերում է բյուջեի եկամուտներին, ապա տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը նշում է. «Հարկային եկամուտների նվազեցում նախատեսող բյուջետային տարի է 2016 թվականը, որը ևս աննախադեպ փաստ է: Մյուս կողմից՝ 190 մլրդ դրամի փոխարեն 250 մլրդ դրամ պակասուրդ է կանխատեսվում, 10 ամսում արդեն 193 մլրդ է»:

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը նշում է, որ եթե շատ հակիրճ ասենք՝ շատ վատ տնտեսական իրավիճակում ենք, տարին փակում ենք վատ ցուցանիշներով, երևի 2009 թվականի տնտեսական ճգնաժամից հետո ամենավատ ցուցանիշներն են:

Իսկ տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանի դիտարկումներով՝ տարվա ընթացքում ունեցել ենք ներդրումների կրճատում, մասնավոր տրանսֆերտների կրճատում, պետական պարտքի ծավալի աճ, բյուջեի՝ եկամտային մասի թերակատարում, ու խնդիրները շատ են, որոնց հիմնական մասը մեզնից կախված չէ: «Եթե իրատեսական ասեմ՝ հաջորդ տարին շատ դժվար է լինելու, մյուս կողմից էլ միգուցե այդ դժվարությունները ստիպեն մի քիչ ավելի լուրջ վերաբերվել այն խնդիրներին, որոնք մենք ունենք, այդ աչքակապությունը, թոզ փչոցին, թվանկարչությունը դնել մի կողմ ու սկսել իսկապես լրջագույն խնդիրների լուծմամբ զբաղվել: Որովհետև այդ խնդիրներն արդեն հասել են մի մակարդակի, որ չլուծվելու դեպքում կարող են կատաստրոֆիկ հետևանքներ ունենալ ոչ միայն բնակչության, այլև հենց իշխանության համար»,- նշում է Թունյանը և հավելում, որ միակ դրական կետը, որ կարելի է նշել, արտահանման աճն է դեպի Ռուսաստան, այն էլ մի քիչ կասկածելի է, թե դա ինչի հաշվին է եղել:

Սրանք էին այն հիմնական տնտեսական ցուցանիշները, որոնք հաջորդ տարվա տնտեսական զարգացումների հիմքն են լինելու, ու այս առումով, մեղմ ասած, մտածելու շատ բան ունենք:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: