Հայերեն   English   Русский  

​Հայրենադարձություն աշխարհի բոլոր ծայրերից. նրանք չեն ափսոսում, որ վերադարձել են


  
դիտումներ: 6700

2012 թվականից ի վեր անդրադառնում եմ հայրենադարձության թեմային` ընթերցողներին ներկայացնելով աշխարհի տարբեր ծայրերից հայրենիք տեղափոխված մոտ 4 տասնյակ հայրենադարձների հետաքրքիր ու հուզիչ պատմություններ: Այս տարի որոշեցի հետադարձ հայացք ձգել հերոսներիս ճակատագրերին և հետաքրքրվել` նրանք նույն ոգևորությամբ ու սիրով կառչա՞ծ են Հայաստանին, չե՞ն հիասթափվել ու հեռացել և ինչո՞վ են զբաղված այս պահին:

Ուրախությամբ պարզեցի, որ բոլորն այստեղ են, շարունակում են ակտիվ գործունեություն ծավալել և չեն ափսոսում Հայաստան տեղափոխվելու որոշման համար:

Image may contain: 1 personՋորջ Տաբակյանն առաջինն էր, որի հայրենադարձության պատմությունը ներկայացրեցի 2012 թվականին: Պետք է խոստովանեմ, որ հենց նրա հայրենասիրությունը, լավատեսությունը, եռանդն ու անսահման դրական էներգիան ազդակ դարձան այս թեման շարունակական դարձնելու համար:

Ծնված լինելով Լիբանանում և տեսնելով, թե ինչպես են համայնքի ներսում իսկ խոչընդոտում երիտասարդների վերադարձը Հայաստան` Ջորջը որոշում է պայքար տանել այդ երևույթի դեմ ու իր օրինակով ցույց տալ, որ վերադարձն ամենաճիշտ ուղին է: 2011-ին նա ընտանիքով տեղափոխվում է Հայաստան: Իսկ հայրենիքում նրա գործունեությունը ամենաուղղորդված ու ճշգրիտ հասցեն է ստանում` սահմանամերձ համայնքներ: Ջորջն ընկերների հետ հիմնում է «Սահման» ՀԿ-ն ու մինչ օրս զբաղվում է Տավուշի սահմանամերձ գյուղերի զարգացման ծրագրերով:

Անահիտ Գալստյանը Հայաստան է վերադարձել 2012 թվականին Լոնդոնից: UCL համալսարանիImage may contain: 3 people, people standing, people sitting and indoorմագիստրատուրան ավարտած քաղաքագետը 2013-ին անկեղծանում էր, որ Հայաստանն իրեն գործունեություն ծավալելու շատ ավելի լայն հնարավորություններ է տալիս, քան Անգլիան, որտեղ մրցակցությունը շատ մեծ է: «Լոնդոնն ինձ համար քաոս է»,- ասում էր Անահիտը: Իսկ Հայաստանում նա երազում էր հասարակական կազմակերպություն ստեղծել, որը ոչ թե ձևական բնույթ կունենար, այլ իսկապես օգուտ կբերեր Հայաստանին: Իսկ դրա համար նա գտնում էր, որ պետք է դեռ որոշ ժամանակ ապրի Հայաստանում, խնդիրներին ավելի լավ ծանոթանա, զգա սեփական մաշկի վրա: Անահիտը մինչ օրս այստեղ է: Նա աշխատում է ONEArmenia հասարակական կազմակերպությունում` իբրև գրասենյակի տնօրեն: Կազմակերպությունը զբաղվում է Հայաստանի մարզերում աշխատատեղերի խնդրի լուծման կայուն ծրագրերի ֆինանսավորմամբ: «Իհարկե, Հայաստանում ապրելու համար ամենօրյա պայքար իսկապես կա, երբեմն միտքդ մռայլվում է, բայց միևնույն է, Հայաստանը այն միակ երկիրն է աշխարհում, որտեղ դու գիտես, որ տարբեր ոլորտներում կարիերադ փորձելու տարբերակներ ունես: Ես երջանիկ եմ և բոլորովին չեմ զղջում Հայաստան տեղափոխվելու իմ որոշման համար: Այստեղ ես կառուցել եմ իմ ամենամտերիմ ընկերական կապերը և ինքս ինձ խորությամբ սկսել եմ ճանաչել: Այստեղ կան վերելքներ ու վայրէջքներ, բայց ես ինձ զգում եմ, ինչպես տանը»,- ասում է Անահիտը:

Անահիտը հայերին` հատկապես Հայաստանում բնակվող, մաղթում է, որ մտածեն իրենց ապագայի համար ներդրումներ անելու մասին և սովորեն գնահատել թեկուզ այն մանրուքները, որոնք իրենց երջանկացնում են: «Եվ հիշե՛ք` դժվարություններ կան ամենուր»,- ասում է աշխարհակենտրոն Լոնդոնի փոխարեն արևաշող Հայաստանն ընտրած երիտասարդ հայրենադարձը:

Image may contain: 2 people, people smilingԵրկու երիտասարդ հայրենադարձների` սիրիահայ Սարգիս Ռշտունու և ամերիկահայ Անի Քալաֆյանի պատմություններին առանձին-առանձին անդրադարձել էինք 2015 թվականին: Սարգիսը Հայաստան էր տեղափոխվել Սիրիայից 2012-ին, իսկ Անին` Միացյալ Նահանգներից 2014-ին: Միացյալ Նահանգներում ծնված ու մեծացած Անին Հայաստանում որոշել էր PR արշավներ իրականացնել ընդդեմ հակահայ քարոզչության և հանուն հայրենադարձության: Այն ժամանակ Անին Ու Սարգիսը ընկերներ էին, երազում էին ամուսնության և Արցախում միասին ապրելու մասին, քանի որ Արցախը նրանց երազանքների երկիրն է: Այս տարի նրանք ամուսնացել են: Նորապսակ զույգն այս պահին Միացյալ Նահանգներում է, բայց ամռանը կրկին վերադառնալու է Հայաստան: «Իհարկե, չենք փոշմանել, որ վերադարձել ենք Հայաստան, ընդհակառակը՝ Հայաստան տեղափոխվելը շատ կարևոր քայլ էր մեզ համար կյանքի բոլոր կողմերով»,- ասում է Սարգիսը:

Իռլանդացի հորից ու սիրիահայ մորից ծնված Րաֆֆի Էլիոտն արտաքինով տիպիկ իռլանդացի է, բայց էությամբ` զտարյուն հայ: Հայաստան է տեղափոխվել Կանադայից 2010-ին: Հիշում եմ` Րաֆֆին պատմում էր, որ իռլանդացի հայրը երեք երեխաներին էլ հայկական դպրոց է ուղարկել, անձամբ դասերը պարապել, ուղղել հայերենի սխալները: «Մենք տիպիկ սփյուռքահայի կյանքով էինք ապրում»,- 2013-ին ասում էր նա:Image may contain: 2 people, people smiling, people standing

Եվ արդյունքը չի ուշացել: 24-ամյա Րաֆֆին, գալով Հայաստան, որոշում է մեկընդմիշտ մնալ այստեղ: «Իռլանդական արյունն ու կանադական արժեքներն ինձ ավելի լավ հայ են դարձնում»,- համոզված է նա:

Րաֆֆի Էլիոտը Հայաստանում ՏՏ ոլորտի սթարթափ է հիմնել, ստեղծել 3 աշխատատեղ: Ասում է, որ շատ գոհ է, չի ափսոսում Հայաստան տեղափոխվելու համար: Ավելին, այստեղ նա գտել է նաև իր երջանկությունը. ամուսնացել է սիրած աղջկա հետ, սպասում են իրենց առաջնեկին:

Image may contain: 1 person, standing

Դավիթ Խաչատրյանը Հայաստան է տեղափոխվել Իսրայելից 2012 թվականին: ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետը միգուցե Իսրայելում շատ ավելի մեծ հաջողությունների հասներ, սակայն նախընտրել է Հայաստանը: Դավիթը ՏՏ ոլորտի սթարփափներ էր ստեղծում: Այժմ նոր սթարթափ է հիմնել, բացի այդ, պլանավորել է ռեստորան բացել. «Շատ նոր բան եմ սովորել այս տարիներին Հայաստանում, այդ թվում և մասնագիտական առումով, քանի որ մեր երիտասարդ շուկայում շատ ավելի հեշտ է նոր բաներ փորձելը»,- ասում է Դավիթը` նշելով, որ բոլոր դժվարություններով հանդերձ՝ չի ափսոսում, որ վերադարձել է Հայաստան:

Ստեփան Սարգսյանն ու Նելլի Մարտիրոսյանն իրենց փոքրիկ դստեր` Շուշիի հետ Հայաստան են տեղափոխվել Միացյալ Նահանգներից: Երիտասարդ ամուսիններին միացրել է նախևառաջ Հայաստանի ու Արցախի նկատմամբ ունեցած անվերապահ նվիրումն ու սերը, ինչի շնորհիվ նրանք տեղափոխվել են Հայաստան ու իրենց ողջ եռանդը նվիրել Արցախի ազատագրված տարածքների զարգացման գործին` մեծ ծրագրեր իրականացնելով հատկապես Քաշաթաղում, շարունակելով դպրոցաշինությունը, զոհված զինվորների ընտանիքներին դրամական միանվագ և ամենամսյա աջակցությունը և այլն։ Նրանց անկեղծ հայրենասիրությունն ու ակտիվ գործունեությունն իսկապես վարակիչ են:

Image may contain: 4 people, people smiling, child and closeupՆելլին խոստովանում է, որ Հայաստան վերադառնալուց հետո իրենց ակնկալիքները իրականության հետ համընկել են և՛ բացասական, և՛ դրական առումով, ու դա հիմնականում պայմանավորված է նրանով, որ Հայաստանի իրականությանը քաջ ծանոթ են եղել ամենամյա այցերի և «Հայրենասերի» շրջանակում ծավալած գործունության շնորհիվ։ «Քանի որ Հայաստանում ենք, հնարավորություն ունենք ծանոթանալու նորանոր գործընկերների, ուղղակի հրաշալի հայրենասեր մարդկանց հետ և նրանց նույնպես ներառել ազատագրված տարածքները զարգացնելու կարևոր գործի մեջ»,- ասում է նա:- Ցանկանում եմ, որ մեր ժողովրդի կյանքը տնտեսապես բարելավվի Հայաստանում, որ մարդկանց աչքը կարիքից դրդված դրսի վրա չլինի։ Հետևաբար մաղթում եմ մեր ժողովրդին խաղաղություն, որ այդ խաղաղ պայմաններում կարողանանք կառուցել բարեկեցիկ և ուժեղ պետություն բոլորիս համար»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: