Հայերեն   English   Русский  

Ջորջ Քլունին քննադատել է Դոնալդ Թրամփին


  
դիտումներ: 287

People ամսագրի փոխանցմամբ` հայտնի հոլիվուդյան դերասան և ռեժիսոր Ջորջ Քլունին քննադատել է ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին դերասանուհի Մերիլ Սթրիփի հասցեին հնչեցրած արտահայտությունների համար: Գրում է Gazeta.ru.-ն:

Ավելի վաղ Մերիլ Սթրիփը, որը մրցանակի էր արժանացել կինոմատոգրաֆի ոլորտում ունեցած իր մեծ ավանդի համար, «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության շրջանակներում բեմ բարձրանալուց հետո իր ելույթի ընթացքում խիստ քննադատել էր Դոնալդ Թրամփին:

Նորընտիր նախագահն իր հերթին Մերիլ Սթիրփին Հիլարի Քլինթոնի երկրպագուհի էր անվանել և «գերագնահատված» դերասանուհի: Քլունին, որը ևս նախընտրական քարոզարշավի շրջանակներում աջակցում էր Հիլարի Քլինթոնին, կատակել է, որ միգուցե Սթրիփը բոլոր ժամանակների ամենագերագնահատված դերասանուհին է:

«Մենք նրա հետ աշխատել ենք «Աննախադեպ պարոն Ֆոքսը» ֆիլմում` որպես ամուսին և կին, և ես պետք է ասեմ, որ նույնիսկ որպես աղվես նա գերագնահատված է », - հայտարարել է Քլունին և հետաքրքրվել, թե արդյոք Թրամփը չպետք է երկիրը կառավարի:

Դերասանի խոսքով` նա չի քվեարկել Դոնալդ Թրամփի օգտին:

«Ես չեմ աջակցում նրան, չեմ կարծում, որ նա ճիշտ ընտրություն է», - The Guardian պարբերականը մեջբերում է Քլունիի խոսքերը:

Ջորջ Քլունին նաև հայտարարել է, որ հույս ունի, որ Թրամփն ամեն ինչ չի ավերի, որ արժանապատվորեն կաշխատի, քանի որ եթե ԱՄՆ-ն փլուզվի, ապա իսկապես սարսափելի երևույթներ տեղի կունենան:

«Այդիսկ պատճառով դուք պետք է հույս ունենաք, որ նա կարող է: Սակայն ես դրա որևէ նշան չեմ տեսնում», – անկեղծացել է Ջորջ Քլունին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: