Հայերեն   English   Русский  

Պետք է սովորել ուրախանալ փոքր բաներից. հոգեբան


  
դիտումներ: 449

Եթե սպասում ես ինչ-որ լավ բանի, ապա այն անպայման իրականանում է: Այդ իսկ պատճառով Ամանորին պետք է մոտենալ ճիշտ ձևով՝ նոր սպասելիքներով ու հույսով:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Ռուբեն Աղուզումցյանը:

Ըստ նրա՝ այդ դեպքում մարդու ողջ հոգեֆիզոլոգիան ուղղված է լինում քո ունեցած սպասելիքներին:

Սակայն հայաստանցիներն առավել կարևորում են սեղանների ճոխությունն ու շքեղությունը. «Պարզվում է՝ կա վիճակագրություն: Հայերի մոտ 5-6-րդ օրը գնված ուտելիքների 2/3-ը թափվում է: Մենք ուզում ենք շատ շքեղ անել, դա արվում է առանց հաշվարկ անելու: Ինձ թվում է՝ մի քիչ ավելի զուսպ պիտի լինենք մենք: Հայերն առհասարակ չեն սովորել հանգստյան օրերին հանգստանալ, իսկ կանայք տոներին ավելի շատ հոգնում են։ Հիմնականում այս գործոնների պատճառով է, որ տոներից հետո մարդկանց մոտ սթրեսներ են առաջանում»,-նշեց Ռուբեն Աղուզումցյանը:

Հոգեբան Քրիստինե Ավետիսյանը գտնում է, որ հետտոնական սթրեսի գլխավոր պատճառը սպասումներն են։ Ամանորը թե փոքրերի, թե մեծերի համար շարունակում է մնալ հեքիաթ, որի բոլորը տոնի հետ մեծ ակնկալիքներ են կապում, որոնք հաճախ իրականության հետ որեւէ առնչություն չունեն։ Եթե մարդն Ամանորից սպասում է ավելին, քան հնարավոր է, դա լուրջ հուզական ապրումներ է առաջացնում:

«Յուրաքանչյուր արտասովոր երևույթ սթրեսով է ուղեկցվում, կան դրական ու բացասական սթրեսներ, անգամ` հեքիաթի անկնալիքը կարող է բերել սթրեսի: Կյանքն էլ նման է ձագարի, մարդն ապրում է սոցիալական ակտիվ կյանքով, բայց արդյունքում, միևնույն է, մնում է ինքն իր հետ»,- ասաց Քրիստինե Ավետիսյանը:

Հայերին հատուկ է բոլոր վատ իրավիճակների համար ուրիշներին մեղադրելը, մեծ սպասումներ ունենալը, որոնք հետ չեն արդարանում, ինչը պատճառ է դառնում, որ մարդիկ տանջվեն. «Կարևոր է փոքր երևույթներում անգամ ուրախություն ապրելու առիթ տեսնել, ինչպես նաև գնահատել արդեն ունեցածը»,- նշեց Ռուբեն Աղուզումցյանը





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: