Հայերեն   English   Русский  

​Պատերազմական տարի էր


  
դիտումներ: 1524

Այս տարին խիստ ուշագրավ էր մեր ռազմական տարեգրության մեջ: 2016 թվականին տևական հրադադարը մեծ աղմուկով խախտեց Ադրբեջանը, և այսօր ունենք «ապրիլյան պատերազմ» եզրույթը: Ու չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը չի թուլացել, առաջնագծում իրավիճակի լարումն էլ այս տարի հասավ գագաթնակետին, հայ զինվորը շարունակում է վստահորեն կանգնած մնալ սահմանին` տիրապետելով իրավիճակին: Ամփոփենք ռազմական տարին:

Զինվորական շքերթ,անկախության 25 ամյակ

2016 թվականին, սկսած հունվարի կեսերից, հակառակորդը կամաց-կամաց ինտենսիվացրեց առաջնագծում հրադադարի ռեժիմի խախտումները: Գրեթե ամեն օր ՀՀ ՊՆ-ն ու ԼՂՀ ՊՆ-ն հաղորդագրություններ էին տարածում առաջնագծի տարբեր տեղամասերում տեղի ունեցած միջադեպերի, հրադադարի բազմաթիվ խախտումների, հայ դիրքապահների ուղղությամբ արձակված հազարավոր կրակոցների մասին, ունենում էինք զոհեր: Բազմաթիվ դիվերսիոն-հետախուզական փորձեր եղան մինչև ապրիլ ամիսը: Ընդ որում՝ ադրբեջանական կողմն աստիճանաբար մեծացնում էր առաջնագծում կիրառվող զինատեսակների տրամաչափը` հասցնելով տանկերի ու ծանր հրետանու մակարդակի: Այն աստիճան խոշորացան տրամաչափերը, որ արդեն ականանետային արկակոծությունը ընկալվում էր որպես սովորական երևույթ:

Սովորական երևույթ էին սկսել ընկալվել նաև շաբաթական մի քանի անգամ գրանցվող դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձերը, որոնք հայ դիրքապահ զինվորների կողմից ժամանակին ու արդյունավետորեն կասեցվում էին: Մի խոսքով, իրադրությունն առաջնագծում լարվեց, լարվեց ու ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը հասավ գագաթնակետին:

Բայց մինչ այդ` փետրվարի 19-ին, Ռուսաստանի իրավական տեղեկատուն, չգիտես թե ինչու, հրապարակեց Հայաստանի և Ռուսաստանի միջև անցյալ տարվա հունիսի 26-ին կնքված 200 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրը, որով Հայաստանը Ռուսաստանից գնելու է սպառազինություն և ռազմական տեխնիկա: Ընդ որում՝ պայմանագրի հավելվածում հրապարակված էր ձեռքբերվելիք և արդեն ձեռք բերված սպառազինության ցուցակը:

Մի խոսքով, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը սկզբում ԼՂՀ պաշտպանական բնագծի հյուսիսային ու հարավային, իսկ այնուհետև՝ շփման գծի ամբողջ երկայնքով անցավ լայնածավալ մարտական գործողությունների: Ապրիլյան չորսօրյա պատերազմի դրդապատճառների քաղաքական կողմերը տևական ժամանակ դեռ կքննարկվեն, առաջ կքաշվեն բազում աշխարհաքաղաքական, տնտեսական և այլ դրդապատճառներ:

Վերլուծելով ապրիլյան պատերազմը՝ ռազմական փորձագետ, ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մասնագիտական տեսանկյունից ուշագրավ անդրադարձ արեց այդ պատերազմին: Նա նշում էր, որ ակնհայտ է՝ ադրբեջանական կողմը, վերջին երկու տարվա ընթացքում իր ունեցած բոլոր դիվերսիոն- հետախուզական խմբերը (կատարվել է առնվազն դիվերսիոն ներթափանցման 150 փորձ), ականային, հրետանային և այլ միջոցները գործի դնելով ու ոչնչի չհասնելով՝ փորձեց լայնամասշտաբ մարտական գործողություններ սկսել: Մի խոսքով, չնայած որոշ կորուստներին, ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշեց հակառակորդի գործողությունները, վիժեցրեց բլից-կրիգի ծրագրերն ու Ադրբեջանի հետագա առաջխաղացումը:

Հայկական կողմը այդ պատերազմի հետևանքով ունեցավ 110 զինծառայողի կորուստ, մոտ 121 զինծառայողներ վրավորվեցին, կորցրեցինք 800 հա հողատարածք, 14 տանկ, 4 ՀՄՄ, 14 մարտական դիրք հյուսիսարևելյան և 15 մարտական դիրք` հարավարևելյան հատվածներում: Թշնամու զոհերի թիվը մինչ օրս էլ անհայտ է. պաշտոնապես Ադրբեջանն ընդունել է միայն 31 զոհերի առկայությունը, բայց միայն Ռազմինֆոյի հաշվարկներով՝ արդեն 100-ից ավելի զոհերի ինքնությունը պարզվել է, հայկական կողմը նշում է ադրբեջանական մի քանի հարյուր զոհերի մասին: Տարբեր մասնագիտացված կառույցների, այդ թվում ԱՄՆ պետդեպի տվյալներով՝ Ադրբեջանի զոհերի թիվն անցնում է 300-ը, որոշ տվյալներով` 400-ը, վիրավորների թիվն էլ` 1000-ը: Ընդ որում` ադրբեջանական կողմի զոհերի մեջ մեծ թիվ են կազմում հատուկ նշանակության զորքերի ներկայացուցիչները: Ադրբեջանն ապրիլյան պատերազմում կորցրեց 2 մարտական ուղղաթիռ, 1 ՀՄՄ-3, 6 զրահամեքենա, 1 ինժեներական մեքենա, 24 տանկ, որոնց մեծ մասը` նորագույն Տ-90Ս տեսակի, 14 անօդաչու թռչող սարք, 1 «Գրադ» ՀԿՌՀ, 1 միավոր էլ ՏՈՍ-1Ա ծանր հրանետային համակարգ: Որոշ հաշվարկների համաձայն` Ադրբեջանի նյութական կորուստները կազմել են 170 միլիոն դոլար, Արցախի կորուստները` մոտ 14 միլիոն դոլար:

Զինվորական շքերթ,անկախության 25 ամյակ

Շատ դասեր տվեց մեզ այդ պատերազմը: Նախ` հօդս ցնդեց այն առասպելը, թե ադրբեջանական կողմը, որի ռազմական բյուջեն ավելի էր, քան Հայաստանի ու Արցախի պետական բյուջեները միասին վերցրած, որը վերջին մի քանի տարիներին միլիարդավոր դոլարների սպառազինություններ էր գնում, արդիականացնում իր բանակը, ուժեղացնում հատուկ նշանակության ստորաբաժանումները, այնքան է ուժեղացել, որ կարող է հաղթել հայկական բանակներին: Ապրիլյան պատերազմի դառը փորձը ցույց տվեց, որ ադրբեջանական զինուժը չկարողացավ 2-3 կարգ բարձր ռազմական ռեսուրսներով ճեղքել մեր առաջնագիծն ու անցնել տակտիկական, էլ ուր մնաց` ստրատեգիական խորք: Ապրիլյան պատերազմի 4-5 օրերին հակառակորդը ստիպված եղավ իր հատուկ նշանակության ստորաբաժանումներով, ծանր հրետանիով, հրթիռահրետանային ամբողջ ռեսուրսով, մարտական ավիացիայով դիրքային մարտեր անցկացնել:

Երկրորդ առասպելը, որ ցնդեց, մեզ հետ էր կապված: Վերջին տարիներին ինքներս մեզ համոզել էինք, թե ադրբեջանական բանակը ոչխարների ու վախկոտների կույտ է, թույլ է, թե մեր բանակները գերհզոր են և ի վիճակի են ոչ միայն պահելու առաջնագիծը, այլև անցնելու հակահարձակման ու հասնելու մինչև Կուր-Արաքսյան շրջան և անգամ` մինչև Բաքու: Փորձը ցույց տվեց, որ հակառակորդին չի կարելի թերագնահատել, որ Ադրբեջանն ունի մեծ թվով մահաբեր զենք ու մարտական տեխնիկա, տեխնիկապես ակնհայտորեն գերազանցում է մեզ և այլն: Այս առումով ապրիլյան պատերազմը սառը ցնցուղ էր մեզ համար:

Ապրիլյան պատերազմը վեր հանեց մեկ այլ դառը իրականություն՝ մեր կարծեցյալ ստրատեգիական գործընկեր Ռուսաստանի ու ԵԱՏՄ իբր բարեկամ երկրների չեզոքությունը: Մենք հասկացանք, որ մենակ ենք մեր խնդիրներով, ինքներս պետք է ընդունենք մեզ նետված բոլոր մարտահրավերները: Հասկացանք, վերջապես, բանակում տիրող կոռուպցիայի, 80-ականների զենքերի իրականությունը, ու այս առումներով հասարակական լայն պահանջ ձևավորվեց բանակի բոլոր արատավոր երևույթները վերացնելու ուղղությամբ, որը իր գործը մասամբ արել է, մասամբ էլ անելու է հետագայում: Հասկացանք նաև, որ հայ ազգը՝ իր երեք հատվածներով` Հայաստան, Արցախ սփյուռք, պատերազմի դեպքում դառնում է մեկ բռունցք` անպարտ ու անկասելի: Մեկ այլ դաս էլ առանք՝ չի կարելի ուտել զինվորի բաժինը: Հասկացանք նաև, որ պետք է զարգացնել մեր ռազմարդյունաբերությունը, տեխոնոլոգիական լուծումները տանել բանակ ու հատկապես` առաջնագիծ:

Ի վերջո, Ադրբեջանը ստիպված եղավ դիմել Ռուսաստանի Դաշնության միջնորդությանը, և ապրիլի 5-ի կեսօրին հաստատվեց կրակի դադարեցման համաձայնությունը: Դրանից հետո Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները մի քանի անգամ հանդիպեցին:

Ապրիլյան պատերազմը կարծես բեկում մտցրեց մեր պաշտպանության ու անվտանգության, ռազմա-քաղաքական մտածելակերպում ու մոտեցումներում: Բնականաբար, անհրաժեշտ հետևություններ եղան ու որոշակի քայլերի էլ ականատես եղանք: Այսպես, արդեն ապրիլի 28-ին զբաղեցրած պաշտոններից ազատվեցին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը, ՀՀ ԶՈւ կապի զորքերի պետ, կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ, գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը: Սա ցույց էր տալիս, որ ապրիլյան պատերազմի ժամանակ այս երեք օղակներում արձանագրվել էին ամենալուրջ բացթողումները: Ապրիլի 29-ին էլ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և ՏՏ ոլորտի ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ` քննարկելու Հայաստանում գործող տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար ձեռնարկությունների և պաշտպանական գերատեսչության համագործակցության հեռանկարները:

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին ԱԺ-ն 101 կողմ (8 դեմ, 0 ձեռնպահ) ձայներով վավերացրեց 2015 թ. դեկտեմբերին ստորագրված «ՀՀ և ՌԴ միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը: Տարածաշրջանային ՀՕՊ համակարգերի ստեղծման նպատակը պահպանության տեղամասում համատեղ հակաօդային պաշտպանություն ապահովելն է: Հունիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, պատգամավորների հարցերին պատասխանելով, հայտնեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև միավորված հակաօդային պաշտպանության համակարգի ձևավորումը Հայաստանին չի զրկում հակաօդային պաշտպանության սեփական միջոցները կառավարելու ինքնուրույնությունից:

Այնուհետ՝ սեպտեմբերի 21-ին, կայացավ ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսը: Այդ զորահանդեսը խիստ կարևոր դեր ու նշանակություն ուներ ապրիլյան պատերազմից հետո: Այդ զորահանդեսը կարևոր «ստուգարք» էր մեզ համար, քանի որ ապրիլին պարզվեց, որ սպառազինությունների ու տեխնիկական հագեցվածության առումով հայ-ադրբեջանական ռազմական հավասարակշռությունը որոշակիորեն խախտված է հօգուտ մեր թշնամու: Ու զորահանդեսի ժամանակ ցուցադրվեցին ՀՀ նոր ձեռքբերումները: Հիշեցնենք ամենաուշագրավները: Առաջին ու ամենակարևոր «նորույթը», որի մասին միանգամից խոսեց աշխարհը, «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրներն էին: Այս հրթիռների «երևակումը» Երևանի փողոցներում ստիպեց շշուկով խոսել անգամ ադրբեջանական որոշ սանձարձակ լրատվամիջոցների: Զորահանդեսի մյուս կարևոր նորույթը ԶՓ-80-ի բազայի վրա կառուցված ռադիոէլեկտրոնային պայքարի (Ինֆաունա) համակարգերն էին: Նորամուծություն ունեինք նաև ՀՕՊ համակարգերի ուղղությամբ՝ «ԲՈւԿ Մ2» համակարգերը: Երևանի փողոցներում երևացին նաև «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ և այլ հետաքրքիր սպառազինություն:

Զինվորական շքերթ,անկախության 25 ամյակ

Հոկտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Վիգեն Սարգսյանը նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը` ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, իսկ Յուրի Խաչատուրովը` ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:

Հոկտեմբերի 5-ին, ելույթ ունենալով Ազգային Ժողովում, ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը նշեց, որ հայկական բանակի հետ կկապվի ամբողջ ազգը, և ներկայացվելիք պաշտպանության զարգացման ծրագրերում գլխավոր տեսլականը ազգ-բանակի ստեղծումն է: «Բանակը կյանքի դպրոց կդառնա: Դրանից դուրս եկողները ավելի կրթված կլինեն, ավելի մարտունակ և ուժեղ, քան նախկինում էին: Բանակը պետք է դառնա պաշտպանական ինովացիաների և հետազոտությունների լոկոմոտիվներից մեկը»,- հայտարարեց Վիգեն Սարգսյանը:

Սա բավականին ուշագրավ հայտարարություն էր, որ նշանակում է բոլորովին նոր մոտեցում ոչ միայն մեր պաշտպանական համակարգին, այլև մեր հասարակական, սոցիալ-տնտեսական, կրթա-մշակութային, հանրային առողջության, անգամ շինարարության ու տարածքային զարգացման, բոլոր ոլորտներին: Միայն մնում էր հասկանալ, թե ինչ նկատի ուներ Վիգեն Սարգսյանը:

Հետագայում, սակայն, ազգ-բանակ կոնցեպտի առաջին դրսևորումը ժողովրդի կողմից ավելի հայտնի «1000 դրամների» օրենսդրական նախաձեռնությունը եղավ, որը նոյեմբերի 14-ին ներկայացրեց Վիգեն Սարգսյանը: Դեկտեմբերի 15-ին Ազգային ժողովում նախագիծն ընդունվեց երրորդ ընթերցմամբ:Դրա գործունեությունը տարածվելու է 2017 թվականի հունվարի 28-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Անցնող տարվա կարևոր և ուշագրավ իրադարձություններից էր նաև Երևանում հոկտեմբերի 13-15-ը առաջին անգամ անցկացված սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» միջազգային ցուցահանդեսը: Աշխարհի 9 երկրների ավելի քան 50 ընկերություններ ներկայացնում էին իրենց արտադրանքն ու լուծումները: «ArmHiTec-2016»-ում ցուցադրվեցին նորագույն տեխնոլոգիական լուծումներ, օպտիկա-էլեկտրոնային սարքեր, տվյալների փոխանցման համակարգեր, ժամանակակից սպառազինության նմուշներ, ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանումների հանդերձանք, սահմանների հսկման համակարգեր, անօդաչու թռչող սարքեր, հրաձգային սպառազինություններ և այլն: Բայց մեզ ավելի շատ հետաքրքրում էր հայկական մոտ երեք տասնյակ ընկերությունների ներկայացրած ռազմարդյունաբերական արտադրանքն ու լուծումները` սկսած անօդաչուներից և վերջացրած տարբեր ՏՏ լուծումներով, հրազենային զինատեսակներով, ռազմական հանդերձանքի նմուշներով և այլն: Հետո էլ հայտնի դարձավ, որ առաջնագիծը բավականին արագ համալրվում է ժամանակակից տեխնոլոգիական միջոցներով, սարքերով ու ինժեներական համակարգերով:

Ամփոփելով նշենք, որ ապրիլյան սրացումներից հետո ամռան ամիսներին հարաբերականորեն հանգիստ էր առաջնագծում, թեև ժամանակ առ ժամանակ ադրբեջանական կողմը դիմում էր արկածախնդրությունների, տարբեր տեսակի ու տրամաչափի զինատեսակներից կրակոցներ էր արձակում հայկական դիրքերի ուղղությամբ: Աշնանից արդեն Ադրբեջանը նորից սկսեց խոշորացնել կիրառվող զինատեսակների տրամաչափը ու հիմա ավելի հաճախակի է կիրառում ականանետեր, խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններ և այլն, բայց հայ զինվորականները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: