Հայերեն   English   Русский  

​ԵԱՀԿ Մինսկի խմբի «անատամ» հայտարարությունը խոսեցրեց անգամ Նալբանդյանին


  
դիտումներ: 1000

Տավուշի մարզում նախորդ տարվա դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած դիվերսիոն ներթափանցման փորձից երկու շաբաթ անց միայն ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես եկավ հայտարարությամբ, որը հայաստանյան քաղաքագետները բնորոշեցին որպես «անատամ»:

«Հրադադարի ռեժիմի խախտումներն անընդունելի են և հակասում են ուժ չկիրառելու պատասխանատվությունն ամբողջությամբ ստանձնած կողմերի պարտականություններին: Համանախագահները հորդորում են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին խստորեն պահպանել 2016 թ. Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովների ընթացքում ստանձնած համաձայնությունը, այդ թվում և հնարավորինս կարճ ժամկետում ԵԱՀԿ հետաքննող մեխանիզմների ստեղծման պարտավորությունը»,- ասված է հայտարարությունում:

Համանախագահները նախ հիշեցնում են, որ հայկական կողմի մոտ է ադրբեջանցի զինվորի դին, կողմերին կոչ անելով վերադարձնել մարդկանց աճյունները, դադարեցնել երկկողմ մեղադրանքները և միջոցներ ձեռնարկել իրադրությունը կայունացնելու ուղղությամբ:

Հայտարարությունն այնքան ընդհանրացնող ու հասցեական ոչինչ չասող էր, որ իր լռությունը խախտեց անգամ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և լրագրողի հարցին ի պատասխան հայտարարեց. «Եռանախագահ երկրները բազմիցս են նշել, թե որ կողմն է մերժում մեխանիզմի ներդրումը, հետևաբար հենց այդ կողմի վրա է ընկնում միջադեպերի և զինադադարի խախտումների ողջ պատասխանատվությունը։ Նման մեխանիզմը հնարավորություն կընձեռի, ինչպես համանախագահներն են ասում, ձերբազատվել փոխադարձ մեղադրանքներից: Թեև, երբ ադրբեջանական դիվերսանտը վնասազերծվում է հայկական դիրքերում, բոլորի համար առանց մեխանիզմի էլ պարզ է, թե ով է հարձակվել:

Հուսով ենք, որ եռանախագահները հետևողական կլինեն` անհապաղ խստորեն արձագանքելու հակամարտության գոտում ուժի կամ ուժի սպառնալիքի յուրաքանչյուր դրսևորմանը` հատկապես երբ հրադադարի խախտման արդյունքում զոհեր են լինում: Չպետք է թույլ տալ, որ ուշացած արձագանքը խախտումներ իրականացնողի կողմից ընկալվի, թե իր գործողությունները կարող են հանդուրժվել»:

Արտակ Զաքարյան

ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի կարծիքով՝ Մինսկի խմբի հայտարարությունը չի կարող նպաստել խաղաղ բանակցություններին վերադառնալուն: «Ադրբեջանը այս հերթական հայտարարությունից հետո իր ձեռքերն ավելի ազատ է արձակելու` ապագայում նմանատիպ դիվերսիոն և ագրեսիվ գործողություններ իրականացնելու համար` և՚ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին, և՚ հայ-ադրբեջանական սահմանին»,- կարծում է Զաքարյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի գործողությունները առաջին հերթին ուղղված են Մինսկի խմբի գործունեությունը չեզոքացնելուն ու ձախողելուն, հետևաբար ՄԽ-ն պետք է նաև շահագրգիռ լինի, որպեսզի հրադադարի ռեժիմի խախտման մեխանիզմներն օր առաջ տեղադրվեն շփման գծում: Նա վստահ է, որ միայն ֆորմալ կոչերը որևէ օգուտ չեն տալու: «Ե՚վ Ռուսաստանը, և՚ ԱՄՆ-ն, և՚ Ֆրանսիան Ադրբեջանին պարտադրելու բավարար ռեսուրսներ ունեն, որպեսզի հարգի Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները, հատկապես որ այդ պայմանավորվածություններում իրենց շահագրգիռ դերակատարությունն են ունեցել նաև Մինսկի խմբի համանախագահող երկրները: Իսկ նմանատիպ հայտարարություններն այդ պարտավորությունները նվազագույնս կատարելու հայտարարություններ են, որոնք տվյալ պահին իրավիճակին օգտակար լինել չեն կարող»,- ասում է նա:

Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով հայկական կողմը պետք է ստիպի ԵԱՀԿ Մինսկի խմբին հասցեական հայտարարություններ անել՝ նշելով մեղավոր կողմին:

«Այլապես ստացվում է, որ երկու կողմն էլ մեղավոր են: Իսկ այս գնահատականներն անարդար են և հավասար քննադատություն են պարունակում թե՛ հակամարտության կարգավորման հարցը տապալող կողմի համար, թե՛ այն կողմի համար, որն ամեն ինչ անում է, որ խնդիրը լուծվի»:

ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի կարծիքով էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը պարզապես ձևական բնույթ ունի և նպաստում է Ադրբեջանի՝ տարածաշրջանում լարվածություն առաջացնելու քաղաքականության շարունակականությանը:

«Նրանք հղում են անում Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին, սակայն շատ լավ գիտեն, թե որ կողմն է խուսափում այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելուց, և ալարում են մեկ տողով նշել այդ մասին»,- ասում է Պողոսյանը:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ ՄԽ հայտարարությունը չեզոք չէ, այլ դիտողություն է պարունակում Հայաստանի հասցեին: «Ես համամիտ չեմ այն կարծիքին, որ սա նեյտրալ հայտարարություն էր, ընդհակառակը, որոշ հարցերում մեզ «հաթաթա» են տալիս: Մասնավորապես մեզ երեսով են տալիս, որ մենք հումանիտար պայմանավորվածությունները չենք կատարում՝ չվերադարձնելով ադրբեջանցի զինծառայողի դին: Ակնհայտ է, որ մեր նկատմամբ դիտողություն է արվում»,- կարծում է նա:

Քաղաքագետի խոսքով՝ բացահայտ է՝ եթե սպանված ադրբեջանցի զինծառայողի դիակը գտնվում է Հայաստանի տարածքում, ուրեմն Ադրբեջանը նախահարձակ է եղել: Եթե անգամ այս պարագայում չենք կարողանում դա ապացուցել, պատճառը, ըստ քաղաքագետի, Հայաստանի թույլ դիրքն է միջազգային հարթությունում:

Իսկ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն մի քանի տարի է՝ փոխել է իր աշխատաոճը: «Համանախագահներն արդեն մի քանի տարի չեն զբաղվում հակամարտության կարգավորման փորձերով։ Ընդհանուր առմամբ հասկանալի է, որ այս պահին ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր չէ լուծել, թեպետ նրանք չեն կարող այդ մասին ասել։ Կողմերի դիրքորոշումներն այնքան հեռու են, որ դրանք համատեղելը շատ դժվար է։ Այդ պատճառով նրանք փորձում են ոչ թե կարգավորել խնդիրը, այլ նվազագույնի հասցնել բռնությունը»: Նրա խոսքով՝ միջնորդներն աշխատում են այն ուղղությամբ, որ ապրիլյան իրադարձությունները չկրկնվեն, և բռնությունը պահպանվի ինչ-որ մակարդակի վրա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: