Հայերեն   English   Русский  

Ոչ սովորական Ամանոր. 2017-ի առաջին արտակարգ պատահարներն աշխարհում


  
դիտումներ: 2633

Ամանորին աշխարհի բազմաթիվ երկրներում ոստիկանությունը հատուկ հսկողություն էր իրականացնում՝ հնարավոր ահաբեկչություններից խուսափելու համար: Չհաշված Ստամբուլի ահաբեկչությունը, կարծես թե տարբեր երկրների իրավապահները հիմնականում գործը գլուխ են բերել: Սակայն այլ միջադեպերից խուսափել չի հաջողվել: Ամեն դեպքում փորձը կարծես ցույց է տալիս, որ ամենից անվտանգը տոնը ընտանեկան միջավայրում՝ մարդաշատ վայրերից հեռու նշելն է:

Ամանորը՝ բողոքի ցույցերով և այրվող ավտոմեքենաներով

Լեհաստանում 2017-ի հունվարի 1-ը նշանավորվեց ցույցերով: Վարշավայից ոչ հեռու գտնվող Էլկ քաղաքում Նոր տարվա գիշերը ներգաղթյալները 21-ամյա լեհ երիտասարդի են սպանել, ինչն էլ դարձավ բողոքի ցույցերի պատճառ: Վարկածներից մեկի համաձայն՝ տոնական գիշերը «Քեբաբ արքայազն» կոչվող բարից երիտասարդը 2 շիշ խմիչք ձեռքին դուրս է վազել՝ առանց վճարելու: Բարի սեփականատերը և նրա օգնականը, որոնք գաղթել են Ալժիրից և Թունիսից, հասել են երիտասարդին, ծեծել նրան, ապա մի քանի անգամ դանակահարել:

առաջին արտակարգ պատահարներն աշխարհում

Մեկ այլ վարկածի համաձայն՝ երիտասարդը հրավառություն է նետել բարի ուղղությամբ, ինչից հետո շենքից 4 մարդ է դուրս եկել և հարձակվել երիտասարդի վրա:

Ցուցարարները հավաքվել են սրճարանի մոտ, բողոքի կարգախոսներ հնչեցրել, ապա քարեր նետել սրճարանի ուղղությամբ ու այրել այն: Ամբոխը, սակայն, այդքանով չի սահմանափակվել: Ավելի ուշ հարձակում են գործել նաև ալժիրցուն պատկանող երկրորդ սրճարանի վրա ու կրակի են տվել նրա բնակարանը: Բախում է տեղի ունեցել ցուցարարների և նրանց հանգստացնել փորձող ոստիկանների միջև, ինչի հետևանքով մի քանի տասնյակ մարդ բերման է ենթարկվել, 2 ոստիկան վնասվածք է ստացել:

Միջադեպից հետո անհայտ անձինք մոլոտովի կոկտեյլներ են նետել Վրոցլավում գտնվող մի բարի ուղղությամբ, որի սեփականատերը եգիպտացի է: Նույն քաղաքում մեկ այլ՝ ազգությամբ քուրդ սեփականատիրոջ սրճարան է հարձակման ենթարկվել: Իսկ Լյուբլինում հնդիկ ընտանիքին պատկանող քեբաբի սննդի կետի պատին լեհերենով և անգլերենով սպառնալիքներ բովանդակող գրություն է հայտնվել:

Բողոքի ցույցերը նաև ուղերձ են Լեհաստանի իշխանություններին, որոնք բանակցություններ են վարում Բրյուսելի հետ միգրանտների ընդունելու շուրջ:

Ֆրանսիայում էլ կարծես ավանդույթ է դառնում Ամանորի գիշերը այրվող մեքենաների կրակով դիմավորելը: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ այդ գիշեր վանդալները կրակի են տվել 650 ավտոմեքենա, ինչը 48-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Բրիտանական Telegraph-ի հաղորդմամբ, սակայն, իրականում այրված մեքենաների թիվը 945 է: Պաշտոնական թվերում ընդգրկված չեն շղթայական ռեակցիայով տարածվող կրակից այրված մեքենաները: Ոստիկանությունը 454 մարդու բերման է ենթարկել, որոնցից 301-ը կալանավորվել են:

առաջին արտակարգ պատահարներն աշխարհում

Ամանորյա գիշերը լարված աշխատանքային ռեժիմով են դիմավորել նաև Մեծ Բրիտանիայի ոստիկանները: Բայց, չնայած բոլոր ջանքերին, հասարակական կարգի խախտումներից խուսափել չի հաջողվել: Կեսգիշերին տոնական երեկույթներից հետո շատ քաղաքացիներ ոչ սթափ վիճակում փողոց են դուրս եկել: Փոքր միջադեպեր են գրանցվել Լիվերպուլում, Էդինբուրգում, Մանչեսթրում և Լոնդոնում:

Իսկ ավստրիական Ինսբուրկ քաղաքում Ամանորի գիշերը մի խումբ միգրանտներ սեռական բռնությունների փորձեր են կատարել: Ոստիկանություն է դիմել 19 տուժած: Ձերբակալվել է 6 աֆղանստանցի, որոնց մի մասը միգրանտների կացարաններում է բնակվում: «Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ՝ նմանատիպ միջադեպեր գրանցվել են նաև ավստրիական այլ քաղաքներում:

Միջադեպից հետո պատգամավոր Բարբարա Կապպելը հայտարարել է, որ երկրին նոր միգրացիոն օրենսդրություն է պետք, որը կսահմանի ապաստան տրամադրելու և դեպորտացիայի նոր կանոններ: «Գլխավոր խնդիրն այն է, որ մենք՝ եվրոպացիներս, երկու տարի շարունակ թույլ ենք տվել, որ միգրանտների մեծ հոսքը ներթափանցի մեր երկրներ, իսկ այժմ տեսնում ենք, թե ինչ տեղի ունեցավ Ինսբուրկում»,- ասել է նա:

առաջին արտակարգ պատահարներն աշխարհում

Չնայած սահմանված խիստ հսկողությանը՝ միգրանտների կողմից սեռական բռնությունների դեպքեր են գրանցվել նաև Գերմանիայում: Բեռլինում, օրինակ, ոստիկանությունը 22 նման բողոք է ստացել: Իսկ Դորթմունդ քաղաքում եկեղեցի է այրվել: ԶԼՄ-ները նախ տեղեկացրին, որ եկեղեցու հրդեհի մեղավորները միգրանտներն են: Ավելի ուշ այդ տեղեկությունը հերքվեց, հայտարարվեց, որ սուտ լուրը ռուս հաքերներն են տարածել: Նշվեց, որ եկեղեցու տանիքում կրակ է բռնկվել հրավառությունից, որը շուտով հանգցվել է:

Ամանորը՝ ահաբեկչություններով

2011-ից ի վեր քաղաքացիական պատերազմում գտնվող Սիրիան 2017-ը դիմավորել է մասնակի հրադադարի պահպանման պայմաններում: Դեռ դեկտեմբերի 30-ին մարտնչող կողմերը հրադադարի համաձայնության էին եկել, որը, սակայն, չի տարածվում «Իսլամական պետություն» և «Ջաբհատ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումների վրա: Չնայած հրադադարի մասին պայմանավորվածությանը՝ ռազմական գործողությունները մասնակիորեն շարունակվել են: Դամասկոսի բնակիչները Ամանորին զրկված են եղել խմելու ջրից. քաղաքի մի մասը վերահսկող ընդդիմադիր ուժերը աղտոտել էին ջրամբարը: Խմելու ջրի խնդիր են ունեցել նաև Հալեպի բնակիչները: Տարվա առաջին օրերին Սիրիայում նաև մի շարք ահաբեկչություններ են տեղի ունեցել: Այսպես, Տարտուս քաղաքում երկու իրավապահ է զոհվել՝ տոնող բազմությանը երկու մահապարտ ահաբեկիչների մոտենալը արգելելիս: Լաթաքիայում հունվարի 5-ին մեքենա է պայթեցվել մարդաշատ վայրում, 15 մարդ զոհվել է, 40-ը վիրավորվել: Հունվարի 7-ին ուժեղ պայթյուն է որոտացել Ազազ քաղաքում, 60 մարդ է զոհվել, 100-ը վիրավորվել են: Հունվարի 8-ին Դամասկոսի մոտակա Բեյտ Ջին բնակավայրում ավտոմեքենայի պայթյունը 5 մարդու մահվան պատճառ է դարձել, ևս 15 մարդ վիրավորվել է:

Նշենք, որ Սիրիայում խաղաղության շուրջ բանակցությունները կմեկնարկեն Աստանայում, հունվարի 23-ին: Երկրի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ իրենք պատրաստ են քննարկել ամեն բան:

Ամանորն ահաբեկչություններով է ուղեկցվել նաև Իրաքում: Հունվարի 1-ին մահապարտ ահաբեկիչները Նաջաֆ քաղաքում գտնվող շիական սրբավայրի մոտ նախ կրակ են բացել, ապա պայթեցրել մահապարտի գոտիները: Ահաբեկչության հետևանքով 8 մարդ է զոհվել, 20-ը վիրավորվել են: Իսկ հունվարի 8-ին Բաղդադում կրկնակի ահաբեկչություն տեղի ունեցավ: Առաջին պայթյունից զոհվեց 12, վիրավորվեց 50 մարդ, իսկ երկրորդ՝ շիական թաղամասի շուկայում տեղի ունեցած պայթյունին զոհ դարձավ 10 մարդ: Անցած օրերին շարունակվել է նաև պայքարը Մոսուլի համար, որը 2014-ից ի վեր գտնվում է «Իսլամական պետության» զինյալների հսկողության ներքո:

Ահաբեկչությամբ 2017-ը դիմավորեց նաև Թուրքիան: Տոնական գիշերը Ստամբուլի գիշերային ակումբներից մեկում ահաբեկիչը կրակահերթ է բացել այցելուների ուղղությամբ: Ահաբեկչության հետևանքով 39 մարդ է զոհվել, 69-ը վիրավորվել են: Ահաբեկիչը կարողացել է թաքնվել դեպքի վայրից:

Թուրքիայի ոստիկանները պարզել են, որ ահաբեկչությունն իրականացրել է ծագումով ուզբեկստանցի: Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»:

Չնայած սպասվող ահաբեկչության մասին ամերիկյան հատուկ ծառայությունների զգուշացմանը ՝ թուրքական իրավապահները չեն կարողացել ոչ՛ կանխել այն, ո՛չ էլ բռնել ահաբեկչին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: