Հայերեն   English   Русский  

Պետրոս Ղազարյանը կվերադառնա աշխատանքի. armtimes


  
դիտումներ: 139

Քաղաքական մեկնաբան, «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման հեղինակ եւ վարող Պետրոս Ղազարյանը մեկ շաբաթից կվերադառնա աշխատանքի: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց «Կենտրոն» հեռուստաընկերության տնօրեն Էդգար Ավագյանը՝ անդրադառնալով Ղազարյանի հետագա գործունեությանը:

- Պարոն Ավագյան, Պետրոս Ղազարյանը վերադարձե՞լ է արձակուրդից:

- Պետրոսը վերադարձել է արձակուրդից քաղաք, որովհետեւ երկրում չէր: Այս փուլում դեռ իր մոտ արձակուրդ է մինչեւ շաբաթվա վերջ, բայց երկրում է:

- Վերադառնալու է ու շարունակի՞ իր հեղինակային հաղորդումը, թե՞ ինչ-որ բան փոփոխվել է:

- Ոչ մի նոր փոփոխություն չկա: Այս փուլում Պետրոսի մոտ արձակուրդ է, դեռ իր հետ չեմ խոսել:

- Երբ արձակուրդից վերադառնա վարելո՞ւ է «Ուրվագիծ»-ը:

- «Ուրվագիծ»-ն իր հեղինակային հաղորդումն է, որ վերադարձավ աշխատանքի, պարզ է՝ պետք է գա, իր հաղորդումը վարի:

- Այսինքն՝ դուք սպասում եք, որ Պետրոս Ղազարյանը վերադառնա արձակուրդից եւ անցնի իր աշխատանքին: Ճի՞շտ եմ հասկանում:

- Պետրոսն ինձ համար, պարզ ասեմ, ինձ համար մինչեւ այս շաբաթվա վերջ արձակուրդում է: Ինքս Պետրոսի հետ չեմ էլ խոսել ո՛չ արձակուրդ մեկնելիս, ո՛չ դրա ընթացքում: Գիտեմ, որ մի քանի օր է վերադարձել է, պետք է մինչեւ շաբաթվա վերջ արդեն գա աշխատանքի: Պետք է գա, որ խոսենք էլ: Որեւէ խնդիր այս դեպքում ես չեմ տեսնում: Ավելի ճիշտ է՝ սպասենք մինչեւ շաբաթվա վերջ, այն իր սահմանված արձակուրդն է, կվերադառնա եւ, ըստ դրա, արդեն կկարողանամ որոշակի բան ասել:

- Ասեցիք արձակուրդ գնալուց առաջ իր հետ չեք խոսել: Ինքն իրեն արձակուրդ վերցրեց ու գնա՞ց, որեւէ կապ չկա՞ Սերգեյ Դանիելյանի մասնակցությամբ հաղորդման հետ:

- Ինչպես Պետրոսը, այնպես էլ մյուս բոլոր աշխատողները տարեկան ունեն իրենց հասանելիք արձակուրդը: Պետրոսը, որ պետք է արձակուրդ գնար, դրա մասին մոտ 2 ամիս առաջ էլ գիտեինք, այս մասով որեւէ բան չունեի իրեն ասելու: Ինքն իր տարեկան սահմանված արձակուրդն է գնացել: Այսինքն՝ նախորդ տարի էլ է արձակուրդ գնացել, այս տարի էլ է գնացել, այստեղ որեւիցե արտասովոր բան չկա:

- Այդ դեպքում Նվեր Մնացականյանն աշխատու՞մ է ձեզ մոտ, թե՞ ոչ:

- Ո՛չ, Նվեր Մնացականյանը մեզ մոտ չի աշխատում:

- Իսկ հրավիրե՞լ եք իրեն «Կենտրոն» հեռուստաընկերություն:

- Կոնկրետ մենք իրեն հեռուստաընկերություն չենք հրավիրել:

Հիշեցնենք, որ Պետրոս Ղազարյանն արձակուրդ գնաց այն բանից հետո, երբ «Ուրվագիծ» հրավիրեց դերասան Սերգեյ Դանիելյանին, որն այդ ժամանակ խոսեց իր նախաձեռնած «Քաղաքացիական ակտիվ քայլ» («ՔԱՔ») կուսակցությունից: Հետագայում այդ հաղորդումը հեռացվեց Յութուբից: Այս իրադարձություններին զուգահեռ մամուլում լուր հրապարակվեց, որ Նվեր Մնացականյանը տեղափոխվելու է «Կենտրոն» հեռուստաընկերություն՝ փոխարինելու Պետրոս Ղազարյանին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: