Հայերեն   English   Русский  

Հայկական ժամանակ. Վիրավոր զինծառայողը դուրս է եկել կոմայից, սեղմել ծնողների ձեռքերը


  
դիտումներ: 244

Հայկական ժամանակը ուրախալի լուր է տարածել ԼՂՀ-ում դեկտեմբերի 30-ին հրազենային վիրավորում ստացած զինվորի մասին:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուսիս-արեւելյան սահմանին դեկտեմբերի 30-ին հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Գարիկ Վարդանյանը դուրս է եկել կոմայից: Չնայած սրան՝ երիտասարդի վիճակը շարունակում է մնալ ծանր: Նրա բուժումն իրականացվում է Երեւանի կայազորային հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում:

Ինչպես Armtimes.com-ի հետ զրույցում ասաց Գարիկի տատիկը՝ Զոյա Մարգարյանը, թոռը գիտակցության է եկել, կարողացել է թեթեւ սեղմել իրեն տեսակցության գնացած ծնողների ձեռքերը: «Գարիկը դեռ չի խոսում, միայն կարողանում է ինքնուրույն շնչել: Սնվում է կոկորդին միացված խողովակի միջոցով: Ինչ վերաբերում է ուղեղի այտուցին, բժիշկներն ասում են, որ աննշան փոքրացել է, ճնշումն էլ կարգավորվել է»,- ասաց զինծառայողի տատիկը:

Զոյա Մարգարյանը նաեւ տեղեկացրեց, որ բժիշկները չեն շտապում կանխատեսել՝ երբ զինծառայողի վիճակը կկայունանան, եւ նրան հիվանդասենյակ կտեղափոխեն: Մինչ այդ՝ տեսակցությունները թույլատրված են միայն Գարիկի ծնողներին, տատիկը նրան տեսնել չի կարողացել:

Հիշեցնենք, Գարիկ Վարդանյանը հրազենային վիրավորում ստանալու օրը տեղափոխվել էր Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, այնուհետեւ ուղղաթիռով՝ Երեւանի կայազորային հոսպիտալ (Մուրացանի հոսպիտալ):

Հրազենային վնասվածքը զինծառայողը ստացել էր մարտական հերթապահություն իրականացնելիս՝ դիտակետում, երբ կատարել է մարտական առաջադրանքը: Հակառակորդի դիպուկահարի գնդակը խոցել էր նրա դեմքը:

Նշենք, որ Գարիկ Վարդանյանը հունվարի 17-ին պետք է զորացրվեր: Ժամկետային զինծառայողն Արարատի մարզի Այգեստան գյուղից է, ընտանիքը զբաղվում է գյուղատնտեսությամբ, ունի մեկ քույր եւ մեկ եղբայր»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: