Հայերեն   English   Русский  

Տեսնես վարչապետը գիտի՞, որ Սփյուռքի նախարարությունում գոյություն ունի «Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ


  
դիտումներ: 488

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետը Արթիկի թ. 7 ավագ ավերակ դպրոցի վերաբերյալ տվել է հետևյալ հանձնարարականը. «Արթիկում հնարավորություն ունենք օպտիմալացնելու, նորմալ պայմաններ ստեղծելու: Թերբեռնված են դպրոցները, ունենք դպրոց, որի պայմանները վատ են»:

Վարչապետը հենց եկավ, սկսեց խոսել ավելորդ ՊՈԱԿ-ների ու նրանց փակելու մասին ու կարծես, կառավարության այսօրվա նիստը վկա, դպրոցներին դա ավելի է վերաբերելու, քան անհայտ ՊՈԱԿ-ներին: Վարչապետը տեսնես գիտի՞, որ Սփյուռքի նախարարությունում գոյություն ունի «Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ, որին աջակցելու համար 17.09.2015թ. հ.01/14.2/2135-15 գրությամբ Սփյուռքի նախարարը դիմել է Երևանի քաղաքապետին , ով 30.09.2015թ. N598-Ա կարգադրությամբ 1.000.000 մլն դրամ է տրամադրել այդ ՊՈԱԿ-ին: Սա պետական ֆինանսավորմամբ ի՞նչ ՊՈԱԿ է, ո՞վ է տեղյակ, ի՞նչ գործունեություն է ծավալում: Փաստորեն ՊՈԱԿ-ներն օպտիմալացնելը սկսելու են դպրոցներից, ուժները նրանց վրա է պատում: Օպտիմալացումն անխուսափելի է, բայց արվի խելամիտ կերպով, երեխաների կրթության շահերից բխող, ոչ՝ «բալը թանկ է» կարգախոսից ելնելով: Թ.7 դպրոցի շենքն ավելի նպատակահարմար է պահել որպես ավագ դպրոց, քան մյուսը: Երեխաների կրթության սահմանադրական իրավունքը գերակա է, ինքներդ եք անընդհատ խոսում այդ մասին, այդ իրավունքը պետք է իրացվի բոլոր դպրոցների ֆիզիկական վիճակը բարեփոխելով, դրանց թիվը, ըստ 2015-ի Պետական վիճակագրական տվյալների, 491 է: Հայաստանի Երրորդ Հանրապետության բոլոր ժամանակների կառավարություններին պատիվ չբերող՝ անպատվաբեր վիճակում են դրանք, պարզապես պարտավոր եք գտնել այս դպրոցներըը հիմնանորոգելու գումարը, հակառակ դեպքում սա պետության կողմից մեր երկրի երեխաների սահմանադրական՝ կրթության իրավունքի ոտնահարման վառ օրինակներ են: Շատ եք խոսում կրթության որակը բարձրացնելու մասին, նայեք, խնդրում եմ, այդպիսի շենքերում, ինչպիսին Արթիկի թ.7 ավագ դպրոցինն է, նման պայմաններում ինչպե՞ս կարելի է խոսել համընդհանուր հանրակրթության բավարար որակից: Ակնհայտ է, որ տարբեր միջազգային հարթակներում որքան բարձր ցուցանիշներ ունեն այն սովորողները, ովքեր սովորում են ֆիզիկական լավ պայմաններ ունեցող դպրոցներում : Իսկ եթե պայմաններն ամենուրեք լավը լինեին, որքա՜ն ավելի բարձր որակ կապահովեին դպրոցները:

Հարգելի պարոն Վարչապետ և ԿԳ նախարար, բավական է խոսեք կրթությունը տնտեսության գերակա ճյուղ ճանաչելու մասին, լավ կրթության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծեք Հայաստանի բոլոր երեխաների համար:

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: