Հայերեն   English   Русский  

Նախատեսվում է 2017թ. ավելացնել պետբյուջե մուտքագրվող շահաբաժինները


  
դիտումներ: 227

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակագային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:

Կարեն Կարապետյանը հանձնարարական է տվել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետին. «Առաջին. երկամյսա ժամկետում Առողջապահության, Արդարադատության, Արտակարգ իրավիճակների, Բնապահպանության, Գյուղատնտեսության, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, Տնտեսական զարգացման և ներդրումների, Կրթության և գիտության, Մշակույթի, Պաշտպանության, Սպորտի և երիտասարդության հարցերի, Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարների և ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ քննարկման արդյունքում՝ ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման բնագավառում կոնկրետ միջոցառումներ և գործուն մեխանիզմներ կիրառելու վերաբերյալ` նպատակ ունենալով 2017թ.-ի կտրվածքով պետական բյուջե մուտքագրվող շահաբաժինների ծավալի էական ավելացումը: Երկրորդ. եռամսյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ պետական գույքի վարձակալության գործընթացի արդյունավետության բարձրացման վերաբերյալ` նպատակ ունենալով վարձակալությունից պետական բյուջեի մուտքերի էական ավելացումը և ծառայությունների մատուցման որակի բարելավումը»:

Կառավարության ղեկավարը ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետին հանձնարարել է նաև երկշաբաթյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված և ընդգրկվելիք առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերի (բաժնեմասերի) մասնավորեցման, ինչպես նաև պետական գույքի օտարման ցանկերը: ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը եռամսյա ժամկետում կանխատեսումներ պետք է ներկայացնի նաև մասնավորեցման ծրագրում ընդգրկված և ընդգրկվելիք առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերի (բաժնեմասերի) մասնավորեցումից, ինչպես նաև պետական գույքի օտարումից 2017թ.-ին սպասվելիք արժեքային գնահատականների վերաբերյալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: