Հայերեն   English   Русский  

​Փոքրիկ Հայաստան Թբիլիսում


  
դիտումներ: 909

Հայերի երբեմնի օրրան համարվող Թբիլիսին դարեր շարունակ ընդունում ու ճանապարհում է բազմահազար զբոսաշրջիկների: Իսկ Սղնախ քաղաքը, որն ինչպես նշում են տեղացիները և հավաստում որոշ աղբյուրներ, կառուցել ու շենացրել են հայերը: XVII դարում Իրակլի Երկրորդը այստեղ բնակեցրել է հայերին, որպեսզի կառուցեն Սղնախ քաղաքը։ Սղնախը համարվում է սիրո քաղաք՝ ամրոցի պարիսպներով, միանման կարմիր տանիքներով և փողոցներով, 24 ժամ գործող «զագսի» շենքով։

Ամանորյա տոներին Թբիլիսին էլ առանձնապես մարդաշատ էր հայերով ու որքան էլ զարմանալի է, գրեթե բոլոր տեսարժան վայրերում ամանորյա լույսերի ու եղևնիների կողքին լուսանկարվում ու տոնական աժիոտաժ էին ստեղծում հենց հայ զբոսաշրջիկները: Հատկապես այս տարի գարնան վաղաժամ գալուստն ավետած Թբիլիսիի կենտրոնական փողոցների ու արվարձանների ավտոճանապարհների կայանատեղիները հագեցած էին հայկական համարանիշով մեքենաներով, իսկ ռեստորաններից ու պանդոկներից լսվում էր հայկական դհոլի ձայնը: Որոշ հին հայկական երգեր վաղուց այս քաղաքում հիթ են դարձել ու պակաս սիրված չեն վրացիների ու տեղաբնակ հայերի շրջանում. Արամ Ասատրյան, Թաթա Սիմոնյան, Մհեր, Արամե և այլն:

Քաղաքի մերձակա հատվածում՝ Քուռ գետի ափին, երկու շինությունից բաղկացած Քրուիզ հյուրանոցային համալիրն այս տարի բացառապես սպասարկում էր միայն հայերի: Շուրջ 200 հայ զբոսաշրջիկ իր ամանորը տոնելու վայր էր ընտրել Թբիլիսիի այս բանուկ հատվածը: Նույնիսկ ամանորյա երեկույթի հանդիսավարն էր հայ, որ ամբողջ տոնական ծրագրի ընթացքում հնչեցնում էր հայկական երգ ու պար՝ էստրադայից ու բրազիլական պարերից անցում կատարելով հայկականին, ազգայինին: Միայն սպասարկող անձնակազմն էր շեղում այն մտքից, որ քո հայրենիքում չես: Վրացական ուտեստներից զատ, տոնական սեղանը գլխավորում էր հայկական խորովածը, որը մատուցվեց հայկական դհոլի ու զուռնայի ուղեկցությամբ:

Բացի վերոնշյալ հյուրանոցից, հայաշատ էին նաև քաղաքի կենտրոնում գտնվող 4-5 աստղանի հյուրանոցները:

Հյուրանոցային ժամանցային հանգստից բացի, ամանորյա տոնը հայերը վայելում էին քաղաքի տեսարժան վայրերը շրջելով, մասնավորապես հայաշատ էր Շարդեն փողոցը, որը հայտնի է իր ապակեպատ խաղաղության կամրջով և ճոպանուղիով:

Որպես հպարտություն ներկայացվում է հին քաղաքը, որը վերևից կարծես հսկում են Թբիլիսիի հիմնադիր Վախթանգ Գորգասալիի արձանն ու Մետեխի վանքը: Եվրոպական ոճով ներկայացված Շարդեն փողոցն ընդունում է հյուրերին թե՛ վրացական ազգային երաժշտությամբ, թե՛ ջազով ու ծաղկապատ սրճարաններով:

Ֆունիկլյորի հրաշքներից մինչև Ռուսթավելի

Թբիլիսին ներծծված էր հայկականությամբ: Ցանկացած փողոց ու անկյուն կրում է հայկական հետքը: Ու թեպետ ամեն ինչ արվում է հայկականությունը վերացնելու համար, այն կա ու պահպանվում է: 2013 թ. Հայաստանի և Վրաստանի դեսպանությունների համագործակցությամբ քայլեր են ձեռնարկվել հայկական հետքերը վերականգնելու ուղղությամբ: Անցյալի հայ գործարարներն ու մշակույթի գործիչներն իրենց անջնջելի հետքն են թողել այս քաղաքում և այժմ էլ թողնում են: Ֆունիկլյորը կամ «Մթածմինդան»՝ ամերիկյան Դիսնեյլենդի վրացական տարբերակը, շատ գեղեցիկ էր, այն ուներ բազմաթիվ կրեատիվ արձաններ և ատրակցիոն:

Ի դեպ, թբիլիսյան ավտոբուսները աշխատում են ժամանակացույցի համաձայն և զարմանալի ճշգրտությամբ, սակայն հաշվի առնելով տոները՝ զբոսաշրջիկները կա՛մ ոտքով էին շրջում, կա՛մ տաքսիներով: Վարորդների համար էլ արդեն նորություն չէ, որ ուղևորների մեջ շատ են հայերը, ավտոմեքենաների մեջ նրանք հայկական երաժշտություն են լսում և մեզանից ոչ պակաս գովերգում հայ ազգային ժողովրդական երգը:

Թբիլիսիի ամենահայտնի կենտրոնական փողոցը, որտեղ և ամեն տարի տեղադրվում է քաղաքի գլխավոր տոնածառը, կրում է Շոթա Ռուսթավելիի անունը: Այս փողոցում են տեղակայված նախկին Անդրկովկասյան Սեյմի երկհարկանի շենքը և հայ նավթարդյունաբերող Արամյանցի քառահարկ տունը, որն այսօր վերածվել է «Մարիոթ» հյուրանոցի: Ռուսթավելի պողոտան սկսվում է Ազատության հրապարակից, որը տարեց թիֆլիսցիները շարունակում են կոչել «Երևանյան հրապարակ»: Երբ XIX դարի սկզբին ռուսական զորքերն ազատագրեցին Երևանը, Թիֆլիսում գտնվող ռուսական զորքերի հրամանատար Պասկևիչը կարգադրեց Թիֆլիսի կենտրոնական հրապարակն անվանել Երևանի անունով:

Այս փողոցը ևս հայաշատ էր, փոքրիկները շտապում էին լուսանկարվել անսովոր հագուստով ձմեռ պապիկների հետ. վրացի ձմեռպապիների հագուստն ազգային տարրեր ունի:

Հավլաբարը համարվում է Թբիլիսիի ամենակոլորիտային հատվածներից մեկը: Այն համարվում է արհեստների և արվեստների կենտրոն: Այսօր հին հայկական թաղամասում շատ ավանդույթներ չեն պահպանվել, սակայն հավլաբարցիները համոզված են, որ Հավլաբարը միշտ կմնա թբիլիսահայերի հպարտությունը: Խոջիվանքից մինչև Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի մի քանի հարյուր մետր է:

Ամանորը Թբիլիսիում

Թիֆլիսում, ի տարբերություն Երևանի, պահպանվել են XVIII-XIX դարերի շինությունները: Քուռ գետի մյուս ափին մահմեդական թաղամասն է, որտեղ այսօր էլ գործում են հին բաղնիքները. հարսնացուներին ժամանակին տղայի մայրն ու կին բարեկամներն ընտրում էին հենց բաղնիքներում:

Թիֆլիսի կենտրոնում է գտնվում հայկական սբ. Գևորգ եկեղեցին: Ուշագրավ էր Մարիոնետների թատրոնի մոտ գտնվող ավելի քան 30 ֆիլմերի հեղինակ Ռեզո Գաբրիաձեի անունը կրող ժամացույցը, որը ժամը 5-ին բացվում ու այցելուներին հուշում է ժամը: Մցխեթի մոտ է տեղակայված երկրի հնագույն վանքերից մեկը՝ Ջվարին (VI դար):

Միայն անցած տարի 5 մլն զբոսաշրջիկ է այցելել Վրաստան։

Հայերին այս տոնական օրերին կարելի էր հանդիպել նաև բրենդային հագուստի խանութներում, որտեղ գները նկատելի ցածր էին նույն ապրանքանիշի հայաստանյան գներից:

Ի դեպ, վրացիների ճնշող մեծամասնությունն ասում է, որ Վրաստանն անհամեմատ բարեկարգվել է և գրավիչ զբոսաշրջային վայր է դարձել նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու ղեկավարման օրոք, ինչն այսօր կանգ է առել:

Մի կողմից ուրախալի է տեսնել, որ Թբիլիսին այսօր էլ ծաղկում է, հայաշատ են փողոցները, հատկապես՝ ամանորին, մի կողմից էլ տխրեցնում է այն միտքը, որ հայերի ճնշող մեծամասնությունն ամանորը նախընտրում է հարևան երկրում դիմավորել, որն աշխարհագրական դիրքով և կլիմայով ոչնչով չի զիջում Հայաստանին: Սեփական երկրի հանգստյան զբոսաշրջային գոտիների սահմանափակ առաջարկների ու գնային անմատչելիության հետևանքով հայ զբոսաշրջիկները իրենց գումարները ծախսում են հարևան երկրում՝ մեծացնելով տուրիզմի մասնաբաժինը ՀՆԱ-ում:

Լ.Ն

Թբիլիսի-Երևան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: