Հայերեն   English   Русский  

​Դատական նախադեպ


  
դիտումներ: 2660

«Օրենքների հիմքում, ոչ թե տրամաբանությունն է ընկած, այլ՝ փորձը»:

Օլիվեր Ուենդել Հոլմս

Դատական նախադեպը մի երևույթ է, որի մասին լսել են բոլորը, բայց քչերը գիտեն, թե դա ինչ է և որտեղից է գալիս: Նախադեպի վերաբերյալ ամենաընդհանրական և հակիրճ սահմանումը տրված է Բլեքի իրավաբանական բառարանում: Ըստ այդմ՝ նախադեպը դատարանի ստեղծած իրավունքի այնպիսի կանոն է, որն առաջին անգամ կիրառվել է որոշակի գործի համար, և որին պետք է այսուհետ հղում արվի նմանատիպ գործերը քննելիս:

Դատական նախադեպը նոր ինստիտուտ չէ և առաջացել է դեռևս հնագույն պետություններում (Բաբելոն, Հին Եգիպտոս ևն): Հին Հռոմում, օրինակ, դատական նախադեպին նախորդել են էդիկտները՝ բանավոր հայտարարությունները, որոնք արվում էին դատական քննության ժամանակ պրետորների և այլ մագիստրոսների (Հին Հռոմում պրետոր էին անվանում կոնսուլներին և դիկտատորներին) կողմից, սակայն պարտադիր էին նմանատիպ գործերով միայն պրետորների համար և գործողության սահմանափակ ժամանակահատված ունեին: Ժամանակի ընթացքում առավել հաջողված էդիկտները դարձան պարտադիր բոլոր նույնանման գործերի համար և կազմեցին այսպես կոչված՝ պրետորական իրավունքի (jus honorarium) համակարգը: Դատական նախադեպի կիրառումը լայն տարածում գտավ միջնադարում (XI դար), մասնավորապես՝ Անգլիայում: Վիլհելմ Առաջին նվաճողի կողմից Անգլիան գրավելուց հետո գրված իրավական ակտերին փոխարինելու եկավ դատական նախադեպը:

Մեր ժամանակներում նախադեպային իրավունքը թեև զարգացած, բայց իրավական տարբեր համակարգերում ոչ միանշանակ ընկալվող երևույթ է: Այսպես, ռոմանո-գերմանական իրավունքի երկրներում, որոնց թվին է պատկանում նաև հայկական իրավական համակարգը (այնպես, ինչպես ռուսականը, գերմանականը կամ ֆրանսիականը), դատական նախադեպն իր տեղը զիջում է «գրված իրավունքին կամ օրենքին»: Այդուհանդերձ ժամանակի հետ նախադեպային իրավունքն առավել լայն զարգացում է ապրում այս իրավական համակարգում, լրացնում կամ զարգացնում նորմատիվ իրավական ակտերով սահմանված իրավունքը:

Այլ է նախադեպային իրավունքի ընկալումը անգլո-սաքսոնական իրավունքի (ընդհանուր իրավունքի) երկրներում (Մեծ Բրիտանիա, ԱՄՆ ևն), որտեղ նախադեպային իրավունքն առաջնային տեղ է գրավում իրավունքի աղբյուրների համակարգում: Այս երկրներում դատարանները կաշկանդված են նախկինում կայացրած իրենց որոշումներով, որոնցից բացառություններ կարող են արվել միայն բացառիկ դեպքերում և անպայման պատշաճ հիմնավորման առկայությամբ, իսկ ստորադաս դատական ատյանների համար բարձր ատյանի դատարանների նախկին որոշումները պարտադիր են նույնանման հանգամանքներով գործեր լուծելիս:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: