Հայերեն   English   Русский  

​Ամանոր. տո՞ն, թե՞ տանջանք


  
դիտումներ: 2097

Ասում են՝ ինչպես տարին դիմավորես, այնպես էլ կանցկացնես: Գուցե նաև դրանով է պայմանավորված հայերիս` Նոր տարին մեր իրական հնարավորությունները մի քանի անգամ գերազանցող ճոխությամբ նշելու ձգտումը: Թվում է՝ եթե տարին լի սեղանով և հարազատներով շրջապատված ենք դիմավորել, այդպես էլ պետք է անցկացնենք: Բայց իրականում ամեն անգամ Նոր տարին դիմավորում ենք պարտքերով, լավագույն դեպքում՝ դատարկ գրպանով, տանտիրուհիները՝ հոգնած, շնչակտուր, խոհանոցից դուրս գալու ու մի քանի րոպե հանգստանալու երազանքով, բոլորս՝ անհանգիստ ինչ-որ ցուցակներ պրպտելով ու հաշվարկելով, թե երբ ում այցելենք նաև բոլորին ընդունենք, ինչպես ժամանակին ամեն ինչ հասցնենք: Եվ ահա այդպես էլ անցնում է տարին՝ դատարկ գրպանով, հոգնած, շնչակտուր ու անհանգիստ:

«Երնեկ չի՞ մյուս ազգերին, նոր տարվան ընտանիքով հավաքվում, ռեստորան են գնում, և վերջ: Կյանքը իրենցն է: Չէ, մեզ պես, եփում-եփում ենք, մինչև կեսգիշեր վազվզում ենք, հետո էլ գզգզված, հոգնած մի քանի րոպեով խոհանոցից դուրս ենք գալիս, որ Նոր տարի դիմավորենք: Հետո էլի հյուր ընդունիր ու ճանապարհիր, եփիր, լվա»,- սա հատված է նախատոնական օրերին խցանման մեջ կանգնած երթուղայինի ուղևորների խոսակցությունից:

Նախամանորյա օրերին ծանոթ ու անծանոթ մարդկանց տարիներ շարունակ միավորող մեկ ընդհանուր բան կա. դժգոհությունը տոնական օրերին սեղանների առատության մրցավազքից: Բայց ուշագրավ է, որ տարիներ շարունակ մարդիկ դժգոհում են Ամանորն անդադար ուտելու փառատոնի վերածելուց, բայց շատ քչերն են, որ համարձակվում են գոնե մի փոքր հակառակվել ընդհանուր մտայնությանը: Յուրաքանչյուրի պատճառաբանությունը մեկն է. մարդկանց չես կարող արգելել հյուր գալ, իսկ եթե գալիս են, ապա հավուր պատշաճի պիտի ընդունես: Փոքր քաղաքներում, գյուղերում, օրինակ, առաջարկում են, որ համայնքապետը կարգավորող հայտարարությամբ հանդես գա՝ համընդհանուր նորմեր սահմանելով:

Իհարկե, սա ինքնակարգավորման մի տարբերակ է: Մեկ այլ տարբերակ է և այն, որ յուրաքանչյուր քաղաքացի ինքնուրույն աստիճանաբար սկսի հրաժարվել սեղանի անհարկի շռայլություններից, սնունդն այնքան պատրաստի, որ թափելու կամ առողջության հաշվին փչացած սնունդ ընդունելու կարիք չլինի: Երկրորդ քայլը այցելությունների կրճատումն է: Գուցե կարիք չկա այցելել հեռավոր ազգականներին ու ծանոթներին, որոնց գոյության մասին ողջ տարվա ընթացքում չեք էլ հիշում, կամ այն ընկերներին, որոնց հետ տոներից մի քանի օր առաջ քննարկում էիք, թե որքան եք հոգնել ամանորյա հյուրընկալություններից ու կնախընտրեիք, որ դա չլիներ: Երևի տհաճ է, չէ՞, այցելել մեկին՝ իմանալով, որ նա չի ուզում հյուր, այդ թվում և ձեզ ընդունել, բայց «ճար չունի», և հետո էլ ընդունել նրա ստիպված փոխայցելությունը:

Խելահեղ փոխայցելությունների մոլուցքը կմեղմվի և կսահմանափակվի մերձավորներին ու հարազատներին այցելությամբ, եթե ազատ օրերն էլ կրճատվեն: Պաշտոնապես մարդկանց 9-10 օր հանգիստ են տալիս, ու անգործության պարագայում մարդկանց այլ բան չի մնում, քան անդադար հյուր գնալը կամ ընդունելը և ուտելը, ուտելը ու նորից ուտելը:

Եվ ընդհանրապես, որքան ճիշտ ու հաճելի կլինի, եթե սովորական առօրյան այդքան երկար չխաթարվի. շուրջ մեկ ամիս տևող նախատոնական եռուզեռ, խցանումներ, խանութներում անվերջ հերթեր… Իսկ հետո շուրջ 10 օր կյանքը կարծես կանգ է առնում: Եթե նախատոնական օրերին չես հասցրել պաշար կուտակել, ապա մինչև աշխատանքային օրերի վերսկսումը ստիպված կլինես բավարարվել նրանով, ինչ մնացել է խանութներում, իհարկե, եթե մնացած լինի: Եվ զարմանալի է, որ սովորաբար 3-4 օր պահպանման ժամկետ ունեցող մթերքները նախատոնական օրերին միանգամից 10-14 օր պահպանման ժամկետ են ձեռք բերում: Իսկ տոնական օրերին էլ երևի անգամ թռչնաֆաբրիկաների հավերը չեն ածում, որովհետև առաջին խմբաքանակը թարմ ամսաթվերով խանութներում է հայտնվում արձակուրդից վերադառնալուց հետո միայն:

Ինչևէ, վերադառնալով տարին սկսելու ձևին՝ գուցե փորձենք մի անգամ էլ այն դիմավորել հանգիստ հոգեվիճակով, ընտանիքի հետ, առանց ձևականությունների և հետո էլ շուտ ձեռնամուխ լինենք աշխատանքին: Այդպես ժողովրդական խոսքն էլ ճիշտ կլինի, տարին ընտանեկան ու արդյունավետ աշխատանքային կստացվի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: