Հայերեն   English   Русский  

Թե ինչպես Հայաստանում ազատականացվեց բանանը


  
դիտումներ: 2392

Եթե Հայաստանում բոլոր ոլորտներում տեղի ունենա այնպիսի հարթ ու հրապարակային «մենաշնորհազերծում», ինչպես բանանի դեպքում էր, կարելի է հուսալ, որ մի քանի տարի անց հայաստանյան տնտեսության մեջ կտրուկ աշխուժացում կնկատվի:

Վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակումից հետո, երբ որոշակի խաղի կանոններ փոխվեցին և ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հայտարարեց, որ ներկրողների համար որևէ խոչընդոտ չկա, բոլորը կարող են ազատ ներմուծել ցանկացած ապրանք, գործարարներից մեկը որոշեց անձամբ փորձել և ոչ ավելի, ոչ պակաս՝ զբաղվել ոլորտի ամենամենաշնորհային ապրանքներից մեկի` բանանի ներմուծմամբ: Երբ ապրանքն արդեն մաքսազերծվել էր, անհայտ անձինք փորձել էին խոչընդոտել գործընթացը, այսպես ասած, գողական ձևաչափով։ Սակայն երբ խնդրի մասին հրապարակայնորեն խոսվել էր ու հասել վերևներին, խնդիրն արագ կարգավորվել էր, և ինչպես պետական կառույցի տարածած հաղորդագրության մեջ էր նշվում՝ «ձեռնարկված միջոցառումների արդյունքում, օրենքի շրջանակում տնտեսվարողը ստացել է աջակցություն և հաջողությամբ իրականացրել ներկրումը»:

Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ Հայաստանում բանանի ներմուծման մենաշնորհը պատկանում է «Քեթրին գրուպ» ընկերությանը, որի սեփականատերը ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն է:

Բանանի ներմուծման ազատականացման գործընթացին 2016-ի վերջին որոշում կայացրեց մասնակցել նաև բիզնես թրեյներ և խորհրդատու, «Չոր մարքեթինգ» նախագծի հեղինակ, երիտասարդ գործարար և ակտիվ ֆեյսբուքյան օգտատեր Վահրամ Միրաքյանը: Իբրև շուկայագետ` նա այդ գործընթացն իրականացրեց բավականին պրոֆեսիոնալ ու հրապարակային, ինչպես ինքն է ասում՝ հանրային լուսաբանմամբ: «Քանի որ մենաշնորհների վերացման ու հատկապես բանանի ներկրման թեման վերջերս շատ շոշափվեց, մի գործընկերոջ հետ որոշեցինք ներկրել մոտ 10 տոննա: Գնումն արված է, ARARAT TRANS-ի ֆուռն արդեն գալիս է դեպի Հայաստան: Քանի որ, ինչպես տեսանք, ներկրողներին խանգարելու դեպքեր իրոք եղել են, ես կփորձեմ ներկայացնել ու պատմել ձեզ ամբողջ գործընթացը: Արդյունքում կտեսնենք՝ իրականությունը վարչապետի ասա՞ծն է, թե՞ այլ է»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջի միջոցով դեկտեմբերի սկզբին հայտարարեց Վահրամը:

Տեղեկությունը կայծակնային արագությամբ տարածվեց համացանցում, և հանրությունը սկսեց ուշիուշով հետևել բանանի ներկրման ողջ գործընթացին:

Դեկտեմբերի 20-ին Վահրամն իր ֆեյսբուքի միջոցով հայտնեց. «Ընկերներ ջան, բանանը հասավ, ամեն ինչ նորմալ է։ Մաքսակետում հանգիստ անցել է։ Մաքսայինում հարցրել են՝ սա մարքեթոլոգի բեռն է, չէ՞։ Արդեն ալիքը սկսվել է, մենակ ես երեք հոգու գիտեմ, որ պատվիրել են ֆուռերով բանան։ Գներն էլ ընկել են։ Ապրեք բոլորդ օգնելու ու տարածելու համար։ Ալիքը ճեղքեցինք։ Դեռ կպատմեմ ընթացքից»:

Այդպես մարքեթոլոգի բանանը հասավ Հայաստան, սակայն 20 օր ուշացումով. մենաշնորհային խոչընդոտը հաղթահարված էր, բայց Լարսի անցակետինը` ոչ: Եթե հանկարծ որևէ մեկը փորձի հաշվել, թե տարվա կտրվածքով քանի միլիոն դրամի վնաս են ստանում գործարարները և, հետևաբար, պետությունը՝ Լարսի անցակետի փակման պատճառով, պատկերը չափազանց մտահոգիչ կլինի: Վահրամ Միրաքյանն ասում է, որ իրենց ներմուծած բանանը պետք է 3 օրից հասներ Հայաստան, սակայն 20 օր մնացել է Լարսի անցակետում: Իրենց բախտը բերել է այնքանով, որ հաշվի առնելով բոլոր վտանգները՝ իրենք լրիվ խակ բանան են բերել, որպեսզի արհեստական հասունացումը կատարեն Հայաստանում: Եթե արհեստական հասունացումը կատարած լինեին Ռուսաստանում, ապա ողջ բեռը ստիպված կլինեին թափել: Այս դեպքում Լարսի փակվելը մեծ վնաս չէր հասցրել ներմուծողին, սակայն բազմաթիվ ընկերություններ միլիոնների վնաս կրեցին: Օրինակ՝ բեռնափոխադրումներով զբաղվող ընկերությունը, որը ներմուծել էր տվյալ բանանը, 19 օրվա ընթացքում 40 մլն դրամի վնաս է կրել` մոտ 100 հազար դոլար:

Իսկ ի՞նչ է բանանի արհեստական հասունացումը: Այդ օրերին Վահրամն իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայ հասարակությանը լուսավորեց նաև բանանի վերաբերյալ որոշ ուշագրավ փաստերով: «Վերջին 20 օրում դարձանք բանանի էքսպերտ։ Դե մենք կանաչն էինք առել, չհասունացածը, որը հասունացնելու համար ահագին պրոցեդուրաներ են պետք։ Չիմացողներին ասեմ, որ հասունացածը 5 օր է մնում, մենք էստեղ երբեք չենք կերել բնական ճանապարհով հասունացած բանան։ Հիմնականում կանաչ բերում ու հասունացնում են կա՛մ Վրաստանում, կա՛մ Ռուսաստանում, կա՛մ էլ էստեղ։ Մենք Պետերբուրգից մասնագետ հրավիրեցինք, ապարատուրան առանք ու կարողացանք խնդիրը լուծել։ Մեր էքսպերտը, որ եկել էր, ասում էր` տղերք, դուք կոսմոնավտ եք, ո՞նց եք ռիսկ արել էսպիսի բան։ Մի քանի օր, օրը 18 ժամ չարչարվեցինք, վերջը հասանք արդյունքի»:

Այս հաջողված փորձից հետո շատերը սկսեցին բանան ներմուծել: Արդյունքում բանանի գինը նվազեց. եթե նախկինում ամանորի նախաշեմին բանանը 1000-1200 դրամ էր, այս տարի սուպերմարկետների ցանցերում 700-800 էր (որոշ տեղերում ամանորին նորից թանկացավ), այսօր շուկայում անգամ կարելի է 600-700 դրամով լավ որակի բանան գտնել:

Խոսելով նոր կառավարության խոստումների և տնտեսության ազատականացման իրական հնարավորությունների մասին` Վահրամ Միրաքյանը խոստովանում է, որ դրական միտում իսկապես տեսնում է: «Օրինակ՝ մի ծանոթ ունեմ, որ ապրանք է ներմուծում: Առաջ ամեն անգամ ապրանքը ներմուծելիս, չնայած իր փաստաթղթերը նորմալ էին, մաքսատանը, բացի պետական մուծումներից, նաև տամոժնիկներին բաժին էր տալիս: Էս անգամ որոշել էր չտալ, միանգամից բլոկ էին արել, չէին թողել՝ բեռը գա: Ծանոթս զանգել էր վարչապետի օգնականներին, և շատ արագ՝ մեկ ժամվա ընթացքում խնդիրը լուծել էին: Ճիշտ է, կադրերը չեն փոխվել, հին կոռուպցիոներները հիմնականում մնացել են, որոնք ամսական ստանում են 200 հազար դրամ, կողքից էլ՝ լավ եկամուտ: Պարզ է, դժվար է հրաժարվելը, բայց մեկ է, ընդհանուր դրական միտում կա»:

Վահրամ Միրաքյան

Զրուցակիցս պակաս կարևոր չի համարում գործարարների մտածողության փոփոխությունը, որոնք տարիներ ի վեր սովորել են իրենց հարցերը կաշառքով լուծել: Նա վստահ է, որ եթե այսօր գործարարը բարձրաձայնի իր խնդիրների մասին, փորձի օրինական ճանապարհով պայքարելով հարցերը լուծել՝ անպայման հաջողության կհասնի. «Առաջ նման բան անհույս էր, վարչապետին դիմեիր, թե նախագահին: Հիմա դա հնարավոր է: Միգուցե շատերը մտածեն, թե վարչապետի փիարն եմ անում, բայց դա իրականություն է»:

Մարքեթոլոգը, որ նաև «Չոր մարքեթինգ» նախագծի հիմնադիրն է, Հայաստանում բիզնես միջավայրի զարգացման երկու պայման է կարևորում` որակյալ բիզնես կրթություն և «էժան փող» (ցածր տոկոսադրույքներով վարկեր): «Մեզ մոտ վարկերը խայտառակ բարձր են, բացի այդ, Հայաստանում բիզնեսն ընդամենը 90-ականներին է սկսել զարգանալ, այն էլ՝ մասամբ զենքով, վախեցնելու միջոցով, այսինքն՝ մեզ մոտ բիզնես մշակույթը նոր-նոր է սկսում զարգանալ, և կարևոր է նոր սերնդի ձևավորման անհրաժեշտությունը, սերունդ, որը պատասխանատվությամբ կվերաբերվի իր գործին և կտիրապետի ժամանակակից բիզնեսի կանոններին»:

Կրթական մակարդակի բարձրացման նպատակով էլ Վահրամ Միրաքյանը 2016-ին հրատարակեց իր «Չոր մարքեթինգ» գիրքը, որում ներկայացված են վաճառքի ավելացման կարևոր գործիքներ, նաև ձեռնարկեց «Չոր մարքեթինգ» նախագիծը, որի շրջանակներում կազմակերպվում են բիզնես-թրեյնինգներ ձեռներեցների, մարքեթոլոգների, վաճառքի պատասխանատուների և ոլորտի այլ մասնագետների համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: