Հայերեն   English   Русский  

​Ամանորը դարձել է «թանկ հաճույք»


  
դիտումներ: 1306

Մեզանում ամանորյա ամենատարածված կարգախոսներից է. «Ինչպես տարին դիմավորես՝ այնպես էլ այն կանցնի»: Ուստի մեր շրջապատում գրեթե բոլորն են ձգտում ճոխ ու լի սեղաններով դիմավորել ամանորը: Երևի հենց այդ պատճառով են առևտրով, հատկապես՝ սննդի առևտրով զբաղվողներն այդքան սիրում դեկտեմբերն ու մանավանդ դեկտեմբերի երկրորդ կեսը, քանի որ այդ ժամանակ սկսվում է նախատոնական իրարանցումը…

Այս տարի նախատոնական առևտուրը, սակայն, իր աշխուժությամբ զիջում էր նախորդ տարիներին: Ու թեև առևտրի ծավալների մասին պաշտոնական վիճակագրությունն ավելի ուշ կլինի, դատելով ընդհանուր վիճակից, այս տարվա թանկությունից, մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակից ու առօրյա դիտարկումներից՝ կարելի է ասել, որ այս տարի մարդիկ այնքան էլ ամանորյա առևտրի տենդին չէին տրվել: Մի ոչ վիճակագրական ցուցանիշ բերենք. մի քանի միջին ու փոքր խանութների աշխատողների հետ զրույցների արդյունքում պարզեցինք, որ այս տարվա դեկտեմբերին, անցած տարվա դեկտեմբերի համեմատ, առևտուրը մի քանի անգամ քիչ է եղել: Որոշ ոչ պաշտոնական ու չճշտված տվյալներով էլ՝ մայրաքաղաքի խոշոր սուպերմարկետների ցանցերում նախատոնական առևտուրն առանձնապես աչքի չի ընկել ակտիվությամբ ու 25-30 տոկոսով ավելի քիչ է եղել, քան նախորդ տարի:

Ինչևէ, փորձեցինք հաշվել, թե միջին վիճակագրական հայ ընտանիքի համար որքան կարող էր արժենալ «միջին վիճակագրական» տոնական սեղանը: Նախապես նշենք, որ հիմք ենք ընդունել մեզ հանդիպած մթերքների ամենաէժան կամ միջինացված գները՝ մեկ միավորի համար:

Ամանորի անմիջապես նախաշեմին տավարի միսն արժեր 2300-2500 դրամ, խոզի միսը՝ 2600-2700 դրամ, հավը՝ 1200 դրամ, 1 կգ իշխան ձուկը՝ 1600 դրամ, հավի կրծքամիսը՝ 1650 դրամ, մեկ ոչ մեծ խոզի բուդը՝ 5-7 կիլոգրամանոց, եթե հաշվենք կիլոգրամը 2700 դրամով, կկազմի 13-18 հազար դրամ: 1 հատ ապխտած երշիկի համար հայ սպառողները միջինը պետք է վճարեին 1500-2300 դրամ՝ նայած տեսակի և ապրանքանիշի, բաստուրմայի 1 կիլոգրամի համար՝ միջինը 9000 դրամ, 1700-2000 դրամ՝ 1 հատ 300-400 գրամանոց սուջուխի համար, խոզապուխտի 1 կիլոգրամն արժեր 3200-3500 դրամ, ճարպապուխտի կիլոգրամը՝ 2200-2500 դրամ: 1 տուփ 400 գրամանոց միջին կարգի ձիթապտուղն արժեր 650 դրամ, պահածոյացված եգիպտացորենի 1 տուփը՝ 350 դրամ, կանաչ ոլոռինը՝ 600 դրամ, պահածոյացված սնկինը՝ 600 դրամ: 1 լիտր գործարանային կաթն արժեր 400-450 դրամ, մածունը՝ 300-350 դրամ, թթվասերը՝ 450-550 դրամ, 1 կիլոգրամ «Զելանդական» տեսակի կարագի գինը 3030 դրամ էր, մեզ հանդիպել է նաև 1 կիլոգրամը 1550 դրամ գնով չանախ պանիր: Փոքր չափի մայոնեզի տուփը միջինը 350 դրամով ենք հանդիպել, կետչուպը՝ 400: Մեզ հանդիպած ամենաէժան նուռն արժեր 700 դրամ, խաղողը՝ 350 դրամ, անանասը՝ մոտ 1500 դրամ, կիտրոնը՝ 1 հատը 150 դրամ, տանձն ու խնձորն էլ՝ 1 կիլոգրամի համար 600 և 400 դրամ: Մանդարինը դեկտեմբերի վերջին մի քանի օրերին հասել էր 450-500 դրամի, նարնջի 1 կիլոգրամն արժեր 600 դրամ, արքայաթուզը՝ 650 դրամ: Բանանը նախատոնական օրերին հասավ նվազագույնը 950 դրամի, կիվին արժեր 900-1000 դրամ: Այստեղ չենք հաշվում էկզոտիկ մի շարք մրգատեսակները՝ համարելով, որ ազգաբնակչության մեծամասնությունը դրանք չի գնում…

Պնդուկի 1 կիլոգրամի գինը միջինը 4000 դրամ էր, ընկույզը՝ 5000, նուշը՝ 8000, գետնանուշը՝ 1200, հնդկընկույզը՝ 7700, չամիչի գները սկսվում էին 1300 դրամից, խուրման արժեր 800 դրամ: 1 կապ խառը կանաչին արժեր 350 դրամ (ի դեպ, փոքրացել էր կանաչու կապը), հազարը՝ 250 դրամ: Կարտոֆիլի 1 կիլոգրամն արժեր միջինը 150 դրամ, գազարը՝ 250, կաղամբը՝ 120, ճակնդեղն ու սեղանի բողկը՝ 200 դրամ, գլուխ սոխն էլ՝ միջինը 300 դրամ: Ընդունենք, թե թարմ լոլիկը, վարունգն ու պղպեղն էլ ճոխության ատրիբուտ են ու մարդիկ դրանցից չեն գնել՝ փորձելով ինչ-որ գումար խնայել: 1 լիտր ձեթի միջին գինը 700-720 դրամ էր, 10 հատ ձուն արժեր միջինը 650 դրամ, բարձր տեսակի ալյուրի 1 կիլոգրամը՝ 225 դրամ, շաքարավազը՝ 380 դրամ, 1 տուփ մարգարինը՝ 250 դրամ, տոմատի մածուկը՝ 550-600 դրամ: Միջին կարգի գինի հայ գնորդները կարող էին առնել 1500 դրամով, երեք աստղանի կոնյակ՝ 5000 դրամով, միջին կարգի օղի՝ 2000 դրամով: 1 լիտր բնական հյութ՝ միջինը 700 դրամ, գազավորված ըմպելիքներ՝ միջինը 450 դրամ, հանքային ջուր 1.5 լիտր՝ 350 դրամ: Միջին կարգի ու արժողության շոկոլադը 3500-4000 դրամ էր: Հաճարի, բլղուրի և բրնձի 1 կիլոգրամն էլ միջինը 350-400 դրամ էր: Սուրճի 1 կիլոգրամն արժեր 2500-3000 դրամ: Արքայաթզի չիրը, ծիրանաչիրը, սալորաչիրն ու դեղձաչիրն էլ արժեին 3000 դրամ:

Ամանոր

Այս ամենով հանդերձ, եթե ընդունենք, որ վերը նշված յուրաքանչյուր մթերքից գնվել է 1 միավոր, ապա անհրաժեշտ կլիներ 125-150 հազար դրամ: Բայց հաշվի առնենք, որ տարբեր մթերքներ կան, որ մի քանի միավոր են գնվում (օրինակ՝ միսը, միրգն ու բանջարեղենը, հացը), որոշներն էլ, օրինակ՝ բաստուրման, սուջուխը, չարազը ոչ թե կիլոգրամներով, այլ գրամներով են գնվում: Այսպիսով, մեր համեստ հաշվարկներով՝ ամանորյա «թեթև» սեղանը միջին վիճակագրական հայ ընտանիքի համար կարող էր արժենալ միջինը 180-250 հազար դրամ…

Դեռ չենք հաշվում զարդարանքի տարբեր պարագաները՝ սկսած «թիթիզ» անձեռոցիկներից, մոմերից և վերջացրած շղթաներով, փայլերով, բենգալյան կրակներով, չենք հաշվում նաև ամանորյա նվերները, փոխայցելությունների համար նախատեսված բոմբոներկաներն ու խմիչքը, ծախսած էլեկտրաէներգիան, ջուրը, գազը, ստամոքսի, մարսողության և այլ խանգարումների հետևանքները վերացնելու համար արված դեղորայքային և այլ տեսակի ծախսերը, լրջորեն պրկված նյարդերը և այլն:

Եվ սա այն դեպքում, երբ մեր երկրում պաշտոնապես յուրաքանչյուր 3-րդ մարդը շարունակում է աղքատ համարվել, նրանց 10 տոկոսն էլ նվազագույն՝ պարենի խնդիր ունի…

Ի դեպ, իրերի այսպիսի դասավորության պարագայում ամենևին էլ պատահական չէ, որ մարդիկ ինչպես տարին սկսում են, այնպես էլ այն շարունակվում է՝ մեծացնելով բակի խանութի պարտքի ցուցակում սեփական անվան դիմաց գրվող թվերի կոնֆիգուրացիաները, գնվելով ավելին, քան հնարավոր է օգտագործել և օրեր անց փչացած մթերքը ափսոսախառն տխուր հայացքով թափելով, զուգահեռ մտածելով արված ծախսի առաջացրած դժվարությունները հաղթահարելու և ծայրը ծայրին հասցնելու մասին: Այնինչ կարելի է ամանորը նշել համեստ, բայց ուրախ սրտով ու հոգսի չվերածելով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: