Հայերեն   English   Русский  

​Հայկական ռազմական նշանակության կարևոր լուծումներ ու գիտելիքներ, որոնք աշխարհում քչերն ունեն


  
դիտումներ: 1752

Շարունակելով հայրենական ռազմարդյունաբերական համալիրի ձեռքբերումների ներկայացումը, որոնց «Անկախը» հնարավորություն էր ստացել ծանոթանալու «ԱրմՀայԹեք 2016» ռազմարդյունաբերական արտադրանքի միջազգային ցուցադրության ժամանակ, այժմ էլ անդրադառնանք մի բավականին հետաքրքիր ձեռնարկության ու նրա խիստ յուրահատուկ արտադրանքին:

Իր բարձրտեխնոլոգիական լուծումներն ու արտադրանքն էր ներկայացրել նաև «Ինստիգեյթ» ընկերությունը. յուրօրինակ ծրագրավորվող միկրոսխեմաները՝ չիպերը, անօդաչու թռչող սարքերի իրենց մոդելները՝ սեփական ավտոպիլոտներով, կառավարման համակարգը և այլն:

«Այս ոլորտի ցուցահանդեսում առաջին անգամ ենք ներկայանում: Քանի որ բարձր տեխնոլոգիաներն ամեն տեղ էլ մտնում են, և քանի որ այս ոլորտում էլ ամեն ինչ շատ արագ է փոխվում, ու միշտ կան ինչ-որ նոր զենքեր, հակազդեցության միջոցներ, որոնք անընդհատ պետք է արդիականացնել, փոխել, բարձր տեխնոլոգիաները շատ ավելի արագացնում, էժանացնում ու հեշտացնում են այդ պրոցեսը: Այդ պատճառով մտածեցինք, որ հետաքրքրություն կլինի»,- մեզ հետ զրույցում նշում էր «Ինստիգեյթ» ընկերության տնօրեն Արման Պողոսյանը:

Սկսենք սկզբից: «Ինստիգեյթը» ցուցահանդեսում ներկայացնում էր սեփական մշակման անօդաչու թռչող սարքերի ավտոպիլոտը, որ ստեղծել է «Ինստիգեյթ ռոբոտիքսը»: Նշենք, որ աշխարհում անօդաչու արտադրող ընկերությունները շատ-շատ են, բայց սեփական ավտոպիլոտ ունեցողներին կարելի է մատների վրա հաշվել: Ավտոպիլոտը մաթեմատիկական հենքն ու այն ծրագրավորումն է, որը տեղադրվում է պլատֆորմի վրա, որպեսզի ԱԹՍ-ն ստաբիլ մնա և կարողանա կատարել իր առջև դրված առաջադրանքները:

Ընկերությունը ներկայացնում էր իր կուտակած գիտելիքները ծրագրավորվող չիպերի՝ միկրոսխեմաների արտադրության և դրանց կիրառման բնագավառում ևս, որոնք խիստ կարևոր են ռազմարդյունաբերության ասպարեզում: Առհասարակ ծրագրավորվող միկրոսխեմաները լինում են տարբեր նշանակության, այդ թվում՝ ռազմական: Դրանք կիրառվում են նաև տիեզերագնացության մեջ, քանի որ կարող են գործել նաև ռադիացիայի և այլ ֆորսմաժորային պայմաններում: Այս առումով հարկ է նշել, որ «Ինստիգեյթը» համագործակցում է եվրոպական, ամերիկյան ընկերությունների հետ, որոնք այդ ոլորտների առաջատարներն են, և նրանց համար պատրաստում է ծրագրային ամբողջ ապահովումը, ինչպես նաև սպասարկում է այն հաճախորդներին, որոնք ստեղծում են տիեզերանավեր, տիեզերագնացության տարբեր սարքեր ու համակարգեր:

«Վերջին տարիներին մենք աշխատել ենք նոր ստեղծված մի քանի խոշորագույն ընկերությունների հետ, որոնք ստեղծում են ծրագրավորվող միկրոսխեմաներ, ինչպես նաև աշխատում ենք միջազգային այնպիսի գիգանտի հետ, ինչպիսին «Զայլինգսն» է: Մենք այդ ընկերության գործընկերն ենք Հայաստանում: Այստեղ ստուգում ենք «Զայլինգսի» ստեղծած գործիքները ու գնահատում, թե որքանով են պատրաստ շուկա մտնելու, քանի որ տարիներով մեր կուտակած ունիկալ փորձը հնարավորություն է տալիս մեզ նաև գնահատում իրականացնելու այլ ինժեներների համար՝ պատրաստ է տվալ սարքը շուկա մտնել, թե ոչ, ինչն է պակասում և այլն, մինչ նրանք կսկսեն կիրառել այդ սարքերը: Եվ երբ նայում ես, թե աշխարհում որտեղ է կուտակված ծրագրավորվող չիպերի ստեղծման գիտելիքը, «Ինստիգեյթն» այդ օջախներից մեկն է: Իսկ դրանց կիրառումը, ռազմական նշանակությամբ կիրառման ասպարեզը բավականին լայն է ու ստրատեգիկ նշանակություն ունի այն երկրների համար, որոնք ռազմական արդյունաբերություն ունեն կամ ուզում են զարգացնել: Ամեն երկիր չէ, որ այս գիտելիքն ունի: ԱՄՆ-ն ունի, եվրոպական զարգացած երկրներն ունեն, Ռուսաստանը, ինչքան գիտեմ, որոշ տեսակներ ունի, իսկ օրինակ՝ Չինաստանը չունի: Այսինքն՝ կա գիտելիք, որը կարելի է կիրառել և համատեղ ուժերով ինչ-որ լավ արդյունք ստեղծել»,- նշում էր Արման Պողոսյանը:

Մյուս խիստ ուշագրավ ու հետաքրքիր արտադրանքը, որ «ԱրմՀայԹեք 2016»-ում ներկայացնում էր «Ինստիգեյթ» ընկերությունը, ինտերակտիվ՝ էլեկտրոնային «քարտեզներն» էին, որոնք օգնում են, որ հետախուզական սարքերից, համակարգերից ու հետախույզներից ստացված տվյալները մուտքագրվեն համակարգ և ինտերակտիվ ձևաչափով անմիջապես տեսանելի լինեն հրամանատարներին: Այսպիսի ծրագրերն են ապագայում փոխարինելու զորքերի ու մարտական գործողությունների կառավարման համակարգերին: Այսինքն՝ համակարգ են մուտքագրվում անհրաժեշտ տվյալները, տեղանքի պարամետրերը, մոդուլները, ու հրամանատարը կարող է դրանից օգտվելիս որոշել, թե էկրանին ինչ տեղեկություն երևա:

Ինստիգեյթ

«Անօդաչուն թռավ, նկարահանեց ինչ-որ տարածք, դու այստեղ տեսնում ես, թե անօդաչուն վերջին անգամ երբ է թռել, ու նրա հայտնած տվյալները տեղադրում ես այս ինտերակտիվ քարտեզի վրա: Սա զինվորականներին օգնում է իրավիճակը հասկանալու, վիզուալ պատկերացնելու այն օբյեկտները, որոնք արդեն տեղադրված են, տեսնելու, գնահատելու, պատկերացում կազմելու սեփական ու հակառակորդի ուժերի դասավորության ու գտնվելու վայրի մասին, օրինակ՝ լիարժեք պատկերացնելու տվյալ տեղանքում առկա իրավիճակը: Ու եթե ամբողջ ինֆորմացիան ճիշտ ու ժամանակին մուտքագրված լինի համակարգ, ապա նաև կօգնի հրամանատարին ժամանակին ու ճիտ որոշումներ կայացնելու»,- ներկայացնում էր Արման Պողոսյանը:

Փաստորեն, ընկերությունը մշակել ու ստեղծել է այսպես ասած՝ էլեկտրոնային պլանշետ (պլանշտն այստեղ բուն՝ ռազմական իմաստով), որտեղ հրամանատարն իր ձեռքի տակ ունի եռաչափ, ինտերակտիվ քարտեզը, ոչ թե երևակայելով, այլ անմիջապես էկրանին կարող է տեսնել ու հստակ պատկերացնել տեղանքը: Քարտեզի վրա էլ կան օբյեկտների տեղադրման շերտեր, այլ «խելացի» գործիքներ, որոնց միջոցով արդեն ամեն ինչ ավելի երևութական ու պարզ է դառնում, հետևաբար՝ օգնում հրամանատարին ավելի իրական ու իրատեսական պատկերացնելու դիտարկվող տեղամասի իրավիճակը, սեփական և հակառակորդ ուժերի, տեխնիկայի ու միջոցների դասավորությունը և այլն: Հետագայում ավելի «խելացի» ինֆորմացիայով ու գործիքներով էլ համալրվում է այս ամբողջն ու դառնում կառավարման հիանալի համակարգ:

«Սա այն գործիքն է լինելու, որ ի վերջո օգնելու է հրամանատարական կետին որոշումներ կայացնելու հարցում, որ ամբողջը փոխկապակցված լինի, բոլոր տվյալները ձեռքի տակ լինեն ու տեսանելի: Այն օգնելու և լրացնելու է կառավարումը»,- հավելեց Արման Պողոսյանը:

Պատկերացնենք, թե հրամանատարը նայում է թղթե քարտեզին, որտեղ գույներով կամ հատուկ նշաններով պետք է կողմնորոշվի, տիրապետի քարտեզագիտությանը, չափումներին ու միավորներին, թղթի վրա իրեն անհրաժեշտ նշումներն անի և այլն, իսկ այս ինտերակտիվ թվային համակարգի միջոցով նա նաև կարող է տեսնել ամբողջ պատկերը, որոշել, թե էկրանից ինչ երևա, ինչ չերևա և այլն: Այս ամենը, բնականաբար, ոչ միայն կաջակցի որոշումների կայացմանը, այլև կբարձրացնի որոշումների որակը, առավել ստույգ, հստակ ու նպատակային կլինեն կայացված որոշումները:

Մի խոսքով, ընկերության տնօրեն Արման Պողոսյանը վստահ է, որ մեր միակ ճանապարհը սեփական պաշտպանական և հարձակողական միջոցներ ստեղծելն է, ջանքերի ու հնարավորությունների համադրումը, ինչի շնորհիվ հնարավոր կլինի էական արդյունքների հասնել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: