Հայերեն   English   Русский  

​Հայրենադարձության 25-ամյա պատմություն, որը կարող է վերադարձի ազդակ դառնալ հազարավոր սփյուռքահայերի համար


  
դիտումներ: 724

1991 թ., երբ Հայաստանը Խորհրդային Միության փլուզման, տնտեսական շրջափակման, պատերազմի և երկրաշարժի հետևանքների հարուցած խորը ճգնաժամի մեջ էր, մարդիկ հուսահատ փախչում էին` հաստատվելով տաք ու ապահով Միացյալ Նահանգներում: Եվ դժվար էր պատկերացնել, որ այդ նույն ապահով երկրից որևէ սփյուռքահայ ընտանիք կտեղափոխվի Հայաստան: Սակայն այդպիսի բացառիկ ընտանիքներ կային, և նրանցից մեկն էլ Պարտագճյաններն էին:

Похожее изображениеԼևոն Պարտագճյանը, 25 տարվա հեռավորությունից խորհելով իր հայրենադարձության մասին, անկեղծորեն խոստովանում է, որ դա իր կյանքի ճիշտ որոշումն էր: Հայաստանում ունեցած վայրիվերումները, հիասթափությունները, թիկունքից ստացած հարվածներն ու ամենօրյա պայքարը տեղի ու դերի հաստատման համար ոչ մի վայրկյան չեն ստիպել ափսոսալ ու մտածել ԱՄՆ վերադառնալու մասին: «Անկախ մեր հայրենիքում առկա դժվարություններից և մեր ընտանիքի առջև շարունակ ծառացող խնդիրներից` հայրենիքում ապրելու շնորհն ունենալը և Հայաստանի լիարժեք քաղաքացի դառնալը մեծ պատիվ է մեզ համար, և Աստված օգնում է մեզ՝ կատարելու իր ծրագիրը»,- ասում է նա:

Լևոն Պարտագճյանը ծնվել է Հալեպում, 1954 թվականին: Ծնողները 2 դուստր ունեին և երազում էին որդի ունենալու մասին: Մի օր էլ աղոթքի մեջ խնդրում են կատարել իրենց երազանքը` խոստանալով, որ եթե որդի ունենան՝ կնվիրեն Աստծուն: Մեկ տարի անց ծնվում է Լևոնը, իսկ որոշ ժամանակ անց` ևս մեկ որդի:

24 տարեկանում Լևոնը որոշում է կայացնում՝ տեղափոխվել ԱՄՆ: Այդ որոշման հարցում մեծ դեր է ունենում մի միջադեպ: Հալեպում ընտանեկան բիզնես ունեին: Լևոնը 5 տարեկանից դրա մեջ էր: Սկզբում բեռնատար հին մեքենաներ էին նորոգում, հետո ավելի զարգանալով` փոքրիկ ավտոբուսներ էին պատրաստում: 16 տարեկան էր, երբ մի անգամ գործի հետ կապված վիճաբանություն է ունենում արաբ հաճախորդի հետ: Գործին խառնվում է արաբ ոստիկանը, որն ապտակում է Լևոնին ու ասում` հայի կտոր: «Այդ պահից սկսած հասկացա, որ այդ երկրում չեմ մնա, և 8 տարի անց տեղափոխվեցի ԱՄՆ»,- պատմում է նա:

Կալիֆոռնիայի լավագույն քաղաքներից մեկում` Փասադենայում, 24-ամյա Լևոնը, որ արդեն հասցրել էր իր առանձին խոշոր գումարը վաստակել, որոշում է հոր ու եղբոր հետ շարունակել ու զարգացնել ընտանեկան բիզնեսը: Քրտնաջան աշխատանքն ու ամեն տեղ նորարարություն ու բարեփոխում մտցնելու սկզբունքը հաջողությունը չեն ուշացնում: Փասադենայում նրանց ավտոմեքենաների վերանորոգման կենտրոններն ամենահայտնիներից էին: Ավելին, մի այնպիսի շենք են կառուցում, որը օրինակ է դառնում այդ ոլորտում:

Լևոն Պարտագճյանը դառնում է հաջողակ գործարար-գործատու և մեքենաների նորոգման գործին զուգահեռ մուտք է գործում նաև ԱՄՆ-ի անշարժ գույքի շուկա: Սակայն գալիս է մի պահ, որ սկսում է մտորել, թե որն է կյանքում իր առաքելությունը, ով է ինքը որպես մարդ և որպես հայ, ի՞նչն է իր կյանքում ավելի կարևոր: Եվ ահա, մանկության տարիներին ազգային և հոգևոր դպրոցներում ստացած դաստիարա֊կու֊թյունը հիմք է դառնում չափահաս տարիքում վճռական որոշում կայացնելուն: Հավատք, աստվածաբանություն. նրան միշտ էր հետաքրքրել այդ ոլորտը, սակայն մի մարդ այդ հարցում նրա համար դառնում է ուղենշային կերպար: Դա ֆրանսահայ մի հայ հոգևորական էր, որի ազգասիրությունն ու հավատը Լևոնի համար կատարյալ մարդու և հայի օրինակ են դառնում: «Իր քարոզներից մեկի ժամանակ ես շրջադարձային որոշում կայացրեցի՝ կյանքս Աստծուն նվիրել, օրինակ ունենալով մեկին, որը թե՛ ազգասեր է, թե՛ իսկական հավատացյալ: Ես հասկացա, որ ազգասիրությունն ու հավատքը ոչ թե իրար հակասող, այլ լրացնող բաներ են»:

Պարտագճյան

37 տարեկանում նա որոշում է անձամբ բիզնեսով չզբաղվել և նվիրվել Աստծո ծառայու֊թյանը: Իսկ դրա համար պետք էին նաև համապատասխան կրթություն ու գիտելիքներ: Բեյրութի Հայկազյան համալսարանում բիզնես ոլորտի կրթությունը ժամանակին կիսատ թողած Լևոնը որոշում է աստվածաբանական լուրջ կրթություն ստանալ: 4 տարի կրոնագիտության համալսա֊րա֊նական կրթություն ստանալուց հետո, 1988 թ. ստանում է «Պսակավոր արվեստի» տիտղոսը որպես կրոնա֊գետ, իսկ 1991 թ. Ֆուլլերի Աստվածա֊բանա֊կան ճեմա֊րա֊նում մագիստ֊րոսի տիտղոս` եկեղեցիների հիմնադր֊ման և զորացման մասնագի֊տությամբ: 2002 թ. ստանում է աստվածա֊բանության դոկտորի կոչում «Ազուսա Փասիֆիկ» հա֊մալ֊սարա֊նում:

Իր ուսումնառության վերջին շրջանում նա որոշում է ուսումնասիրել Հարավային Ամերիկայի հայ համայնքը: Այցելելով հայկական համայնքներ` նա հասկանում է մի բան՝ հայը օտարության մեջ չի կարող մնալ լիարժեք հայ, ուշ թե շուտ կձուլվի անգամ հայկական ավանդական և խստապահանջ կառույցների առկայության պայմաններում: «Չնայած հայկական դպրոցների գոյությանը՝ երեխաներն արդեն օտար լեզվով էին խոսում: Իսկ եթե լեզուն գնաց՝ ուղեղն էլ կգնա: Աչքիս առջև ճերմակ ցեղասպանություն էր»:

Ինչպես 16 տարեկանում էր Լևոնը հասկացել, որ Սիրիան այն տեղը չէ, որտեղ ուզում է ապրել, այնպես էլ 37 տարեկանում հասկանում է, որ Միացյալ Նահանգներն այն վայրը չէ, որտեղ կուզենար ապրել ու տեսնել իր երեխաների ապագան:

Այդ ընթացքում մի ճակատագրական հանգամանք էլ է ի հայտ գալիս, որը նպաստում է Հայաստան տեղափոխվելու վերջնական որոշմանը: Ամերիկայի հայ ավետարանականները, որոնց հետ աշխատում էր Լևոն Պարտագճյանը, ուզում էին Հայաստանում ներկայացուցիչ ունենալ: Նրանց որոշումից անկախ` Լևոն Պարտագճյանն ինքն էլ նման ցանկություն ուներ, և երբ այդ մասին հայտնում է, նրանք մեծ ոգևորությամբ են ընդունում: Այդպես նա Հայ ավետարանչական ընկերակցության և Հայ ավետա֊րանական եկեղե֊ցիների միության միջոցով գալիս է Հայաստան` դառնալով Հայաստանում Հայ ավետարանչական ընկերակցության առաջին ներկայացուցիչը, ապա Հայաստանյաց ավետարանական եկեղեցու հիմնադիրն ու հովիվը, որից հետո հիմնում է Երևանի ավետարանական եկեղեցին, բարեգործական կազմակերպություն, «Ավետիս» հեռուստաընկերությունը, նույնանուն երգչախումբը և այլն:

Հայաստանում ապրելու և գործունեություն ծավալելու ակտիվ ու բեղուն 25 տարիների հոբելյանի առթիվ

Պարտագճյան

շուտով լույս կտեսնի մի գիրք, որում կներկայացվեն Պարտագճյան ընտանիքի 25-ամյա գործունեությունը հայրենիքում, նրանց ունեցած փորձառությունը, ներդրումները, խնդիրներն ու հաջողութունները: Գիրքը նաև պատգամ է` ուղղված սփյուռքահայությանը: Ինչպես Լևոն Պարտագճյանն է ասում, այն վերադարձի հրավեր է, աշխատանքի ու նախաձեռնողականության հրավեր: «Այս գրքով մենք կոչ ենք անում այն աշխարհասփյուռ հայերին, ովքեր իրենց կենսական պայմանները կամ այլ կարիքները հոգալու նպատակով այսօր ապրում են հայրենիքից դուրս` տառապելով կարոտախտով, շրջվեն դեպի հայրենիք: Կայացած մեր հայրենակիցներին հորդորում և կոչ ենք անում, որ դառնան և հաստատվեն հայրենի երկրում, լծվեն նրա կառուցմանը և Հուլիոս Կեսարի հայտնի «Եկա, տեսա, հաղթեցի» թևավոր դարձած խոսքն իրենց կյանքում էլ իրականություն դարձնել: Այս պարագայում նրանց հաղթանակը կլինի հայրենիքի պահպանման ու շենացման գործում ներդրում ունենալը»,- ասում է նա:

Պարտագճյաններ

Լևոն Պարտագճյանն ասում է, որ փորձելու են անել ամեն ինչ, որ այս գիրքը, որում իրենց կյանքի հաջողված պատմությունն է, ոգևորության ու ներշնչանքի աղբյուր դառնա մյուս սփյուռքահայերի համար:

«Կարծես երեկ լիներ, երբ ես և Սիլվան մեր երեք փոքրիկ երեխաների հետ, տասնյոթ ճամպրուկներով, 1991 թ. հոկտեմբերի 24-ին Միացյալ Նահանգներից տեղափոխվեցինք Հայաստան՝ այնտեղ թողնելով մեր ծաղկուն բիզնեսը, հոգևոր գործունեության ասպարեզը, նպատակ ունենալով նվիրվածությամբ մասնակցել մեր նորանկախ հայրենիքի շենացմանն ու զարգացմանը: Նաիրին 6 տարեկան էր, Թամարը՝ 4, իսկ Գարունը՝ 1: Հայրենիքում ականատես եղանք տխուր իրավիճակի. մարդկային երևա֊կայությունից վեր է ներկայացնել այդ տարիների հայաստանյան կյանքը. երկրաշարժի ավերածություններ, անտուն հաշմանդամներ, ար֊ցախյան գոյամարտ` իր զոհերով, անօգնական վիրավորներով, որբեր ու այրիներ, բռնությամբ տեղահանված ընչազուրկ փախստականներ, շրջափակում... Երեխաներս, ի տարբերություն ԱՄՆ-ում ապրող իրենց հասակակիցների, ինչպես բոլոր հայ մանուկները, հաղորդակից եղան այն դժվարություններին, որ առկա էին հայրենի երկրում, դիմագրավեցին սովը, ցուրտը և այլն: Չնայած համատարած խնդիրներին և դժվարություններին` նրանք, ինչպես բոլոր հայ երեխաները, առանց տրտունջի, դիմակայեցին դրանց: Ի՞նչ տվեց հայենիքը զավակներիս: Ստանալով հայեցի կրթություն, քրիստոնեական դաստիարակություն` այսօր իրենց մասնագիտություններով և ստացած բարձրագույն գիտելիքներով աշխատում են տարբեր հաստատություն֊ներում` ծառայելով իրենց ժողովրդին: Իմ այն համոզմունքը, որ հայրենիքից դուրս հայի ինքնությունը վտանգված է, իմ և տիկնոջս Հայաստանում ապրելու որոշումը ապահովագրեց զավակներիս այդ վտանգից»:

Պարտագճյան

Հայաստանում նրանց ընտանիքը համալրվեց նաև արու զավակով: Ավետիսը, որին նորածին հասակում որդեգրեցին Պարտագճյանները, արդեն 16 տարեկան է: Դուստրերն ընտանիք են կազմել, երեխաներ ունեցել, և Լևոն Պարտագճյանը հպարտությամբ ցույց է տալիս 2 լուսանկար, որոնցից մեկն արված է 1991 թ.: Այստեղ նրա 5 հոգանոց ընտանիքն է: Մյուս լուսանկարն արված է 2016-ին, որտեղ նրանք արդեն 13 հոգով են` համերաշխ ու երջանիկ մեծ ընտանիքով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: