Հայերեն   English   Русский  

Ծառուկյանին «քաղաքական հիվանդություն» կոչած Կարեն Ավագյանը դրական է համարում նրա վերադարձը


  
դիտումներ: 571

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հայտարարությանը, նշել է. «Գագիկ Ծառուկյանի հայտարարության վերաբերյալ մեր լրատվամիջոցների բազմաթիվ հարցերի մասով ասեմ հետևյալը. իհարկե և՛ Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի, և՛ արդեն իսկ հայտարարություններ տարածած մյուսների մտադրությունները՝ մասնակցելու 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին, դրական են ընտրական գործընթացի տեսանկյունից։ Սա փաստ է։ Հիմա չեմ կարծում, թե ամենաարդյունավետ աշխատանքն է անընդհատ քննարկել նախկին բանավեճերն ու զարգացումները։ Մտել ենք լրջագույն քաղաքական գործընթաց, հիմա արդեն մրցելու ենք մեր գաղափարներով, ապագայի մեր ծրագրերով ու արդյունավետ գործելու հնարավորություններով։ Սկսվում են քաղաքական գործընթացներ, որոնք կընթանան քաղաքական տրամաբանությամբ։ Մենք հիմա զբաղված ենք այդ աշխատանքով»։

Հիշեցնենք, որ 2015 թվականի փետրվարին Կարեն Ավագյանը այն ակտիվ Հանրապետականներից էր, որոնք պայքարում էին Ծառուկյանի դեմ, նրան կոչում «Հենց Դոդի Գագո» կամ քաղաքական հիվանդություն, որից պետք է ազատվել:

«Գագիկ Ծառուկյանը քաղաքական երևույթ չէ, այլ քաղաքական հիվանդություն...

...Գագիկ Ծառուկյանը քաղաքականության հետ որեւէ կապ չուներ: Տգիտության հետ երկար տարիներ գործ ենք ունեցել, դրանում մենք էլ ենք մեղավոր: Երկար ժամանակ մեզ արգելվել է խիստ գնահատականներ հնչեցնել, այո, հենց Դոդի Գագո: Գագիկ Ծառուկյանը քաղաքական հիվանդություն է, որից պետք է օր առաջ ազատվենք և այլևս թույլ չտանք նման հիվանդություն»,- ասում էր Կարեն Ավագյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: