Հայերեն   English   Русский  

​Նաիրա Զոհրաբյանը կոչ է արել ԵԽԽՎ-ին դուրս գալ Լեթարգիական քնից և կանխել Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին


  
դիտումներ: 533

Այս պահին Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ լիագումար նիստի իր ելույթում Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է

Հարգելի գործընկերներ, մինչև մեր օրակարգի հաստատումը ես պահանջում եմ, որ մենք անդրադառնանք մի աննախադեպ երևույթի, հատկապես, որ այս նստաշրջանի օրակարգի հիմնական թեմաներից մեկը լրագրողների և խոսքի ազատության պաշտպանությունն է: Խոսքը Բելառուսում ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինի մասին է: Հիշեցնեմ, Լապշինը երկքաղաքացի է՝ ունի Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիություն, նրան ձերբակալել են Մինսկում՝ Ադրբեջանի նախագահ Ալիևի հրահանգով՝ այն բանի համար, որ բլոգերը 2011 և 2012թթ. այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ լրագրողական հետաքննություն անցկացնելու համար: Կարծում եմ՝ ժամանակն է, որ մեր Վեհաժողովը վերջապես անդրադառնա այնպիսի ամոթալի և խայտառակ մի երևույթի, ինչպիսին Ադրբեջանի «սև ցուցակն» է, որտեղ այս պահին ներառված է 600 «persona non grata», որոնցից 180-ը լրագրողներ են, պրոֆեսիոնալներ, ովքեր այցելել են Լեռնային Ղարաբաղ՝ իրենց լրագրողական պարտականությունը կատարելու համար:

Հարգելի գործընկերներ, ուզում եմ ձեզ մի պարզ հարց տալ. քանի՞ հազար մարդ պետք է ավելանա Ադրբեջանի «սև ցուցակում», որպեսզի մեր Վեհաժողովը վերջապես դրան անդրադառնա, քանի՞ լրագրող, զանգվածային լրատվության ներկայացուցիչ ԼՂՀ այցելելու համար Ադրբեջանի պահանջով պետք է հետախուզվի Ինտերպոլով, որպեսզի մենք հասկանանք, որ մեր լռությունն ուղղակի դատապարտելի է: Ժամանակն է, որ մեր կազմակերպությունը վերջապես զարթնի իր Լեթարգիական քնից և արձագանքի Ադրբեջանի այս խայտառակ քաղաքականությանը՝ ուղղված խոսքի, խղճի, մամուլի ազատության դեմ:

Եվ առնվազն տարակուսելի է, որ ի տարբերություն բազմաթիվ լրագրողական միջազգային կազմակերպությունների, Եվրոպայի խորհրդի՝ Լրագրողների Պաշտպանության Պլատֆորմն որևէ կերպ չարձագանքեց Լապշինի ձերբակալությանը և արտահանձման պահանջին: Մամուլի, խոսքի, խղճի ազատությունը բացարձակ արժեք է, և որևէ երկիր իրավունք չունի խոչընդոտելու և արգելելու լրագրողներին՝ կատարելու իրենց մասնագիտական պարտականությունը:

Ես կոչ եմ անում մեր խորհրդարանին, ինչպես նաև ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին անհապաղ արձագանքել բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործին և թույլ չտալ, որ Լապշինին արտահանձնեն Ադրբեջանին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: