Հայերեն   English   Русский  

​Հորդանանցի երիտասարդ հայրենադարձն Արցախում պայքարում է, բայց ոչ զենքով, այլ «Մուկլիմանդիլով»


  
դիտումներ: 9253

Գարո Սերպեկյանը Հայաստան է տեղափոխվել 2015 թվականին, Հորդանանից: Նա Ստեփանակերտում փոքրիկ բիզնես է հիմնել և որոշել է կյանքը կապել Հայաստանի ու Արցախի հետ:

«Արցախն իմ սիրտը «գողացավ» մեկընդմիշտ»,- խոստովանում է Գարոն` պատմելով, որ հոր նախնիները ղարաբաղցիներ են` Սարիբեկյաններ, որոնք հետագայում հաստատվել են Արևմտյան Հայաստանի Մարաշ քաղաքում, ապա Ցեղասպանության հետևանքով տեղափոխվել Սիրիա, որից հետո` Հորդանան: Արցախի նկատմամբ սերը հավանաբար արմատներից է գալիս:

Առաջին անգամ Գարոն Հայաստան ոտք է դրել 2007 թ. իբրև զբոսաշրջիկ: Հայաստանը տեսնելն ուղղակի երազանք էր: 2001 թ. ի վեր փորձում էր գալ, բայց ամեն անգամ ինչ-որ բան խանգարում էր: «Երբ վերջապես իջա «Զվարթնոց» օդանավակայանում, աչքերիս չէի հավատում, որ Հայաստանում եմ»:

Առաջին այցի տպավորությունները շատ հակասական էին. բաներ կային, որ նրան հիացնում էին, սակայն կային երևույթներ, որոնք զարմանք էին պատճառում ու ստիպում մտածել, որ այս երկրում դեռ շատ բան կա փոխելու: «Օրինակ՝ մի բանկային փոխանցում ուզեցի անել, կես ժամ տևեց, իսկ Հորդանանում դա րոպեների հարց էր»:

Առաջին երկշաբաթյա այցից հետո Գարոն վերադառնում է Հորդանան և սկսում մտածել Հայաստան տեղափոխվելու մասին: Փորձում է աշխատանք գտնել: Մասնագիտությամբ հաշվապահ է և հնչյունային ինժեներ: Հորդանանում երկու մասնագիտությամբ էլ աշխատում էր: Սակայն Հայաստանում գործ գտնել չի հաջողվում:

Image may contain: 1 person, smiling, sitting, beard and outdoorՅոթ տարի անց` 2014 թ., նա կրկին Հայաստան է գալիս՝ մասնակցելու բարեկամի հարսանիքին: Այս անգամ նա հսկայական դրական փոփոխություններ է նկատում. «Տեղացիներն ամբողջ օրը բողոքում էին, որ բան չի փոխվել, բայց ես այդ 7 տարվա տարբերությունը շատ հստակ տեսա, և դա իմ վերադարձի որոշման վրա մեծ դեր խաղաց»:

Անուամենայնիվ, Գարոն հասկանում էր, որ վերադարձի համար պետք է լրջորեն նախապատրաստվել: Այդ նպատակով նա դիմում է «Դեպի Հայք» կազմակերպությանը և կամավորական ծրագրով գալիս Հայաստան, որպեսզի որոշ ժամանակ ապրի, աշխատի և հասկանա, թե ինչ կարող է անել:

Կամավորական ծրագրով գալով Հայաստան` նա աշխատում է և ավելի մոտիկից ծանոթանում հայ իրականությանը: Այդ ընթացքում հնարավորություն է ունենում նաև մեկ ամսով կամավորության մեկնելու Արցախ: «Միշտ երազել էի այնտեղ լինել, բայց երբեք չէի մտածել ապրելու և աշխատելու մասին: Գնացի և սիրահարվեցի Ղարաբաղին»,- խոստովանում է նա:

Ի՞նչն էր նրան գրավել Արցախում, ի՞նչ կար այնտեղ, որը չէր գտել Հայաստանում: «Ես նկատել եմ, որ սփյուռքահայի նկատմամբ արցախցու վերաբերմունքն ուրիշ է, շատ ավելի ջերմ է,- ասում է և ամենապարզ օրինակներով հաստատում:- Ամեն անգամ Երևանում տաքսի վերցնելիս կռիվ էի անում, որովհետև ուրիշ տարբերակ չկա: «Զվարթնոցում» իջնում ես, ասում ես` որքան է մինչև Երևան, ասում են` 6000 դրամ: Ասում եմ` եղբայր, ես արդեն վաղուց էստեղ եմ ապրում, գներին էլ ծանոթ եմ, բայց մեկ է: Իսկ Արցախում 3 ագամ պատահել է, երբ տաքսու վարորդներն իմացել են` սփյուռքահայ եմ ու որոշել եմ տեղափոխվել Արցախ, փողը չեն վերցրել, ասել են` չէ, դու մեր տղան ես: Մեկին զոռով համոզել, տվել եմ, մյուս երկուսին չեմ կարողացել»:

Գարո

Մի անգամ էլ պատռված հագուստն է տվել կարելու, ու երբ դերձակն իմացել է, որ սփյուռքահայ է և որոշել է տեղափոխվել Արցախ, գումարը չի վերցրել: Եվ էդպես շատ օրինակներ:

Արցախցիների ջերմ վերաբերմունքից զգացված` Գարոն մտածում է` իսկ ինչո՞ւ չապրել հենց այնտեղ: Նա խնդրում է, որ իր կամավորական ծրագիրը Արցախում երկարացնեն, որպեսզի ավելի խորությամբ ուսումնասիրի շուկան և հասկանա, թե ինչ բիզնես կարող է սկսել: Հիմնական մտքերը սննդի ծառայության ոլորտում էին:

Ի վերջո, հայաստանցի մի ընկերուհու հետ որոշում են Ստեփանակերտում սրճարան-գինետուն բացել: Սակայն դա սուրճ կամ գինի խմելու սովորական վայր չէր լինելու: Նրանց նպատակն այն էր, որ սրճարանը դառնա շփվելու, նոր ծանոթություններ հաստատելու վայր` ազատ ու անկաշկանդ մթնոլորտով: Որոշվում է նաև սրճարանի անունը` «Մուկլիմանդիլ», որը Արցախի բարբառով նշանակում է սարդոստայն:

2016 թ. ապրիլ 6-ին սրճարանը պետք է բացվեր, բայց քառօրյա պատերազմը խառնում է բոլոր ծրագրերը: Երբ պատերազմը սկսվում է, երկու գործընկերները նայում են իրար` ինչ պետք է անեն: Ու որոշում են` ի հեճուկս ազերիների, չպետք է վախենալ, պետք է այս գործը շարունակել և անպայման ավարտին հասցնել, որպեսզի տեղացիներն էլ ոգևորվեն ու տեսնեն, որ անգամ այս իրավիճակում Արցախում կյանքը շարունակվում է: «Դա արդեն պայքարի մի ձև է: Ես զենքով չէի կարող կռվել, բայց այդ ձևով պիտի օգտակար լինեի»,- ասում է Գարոն:

Մայիսի 16-ին սրճարանը բացում են: Չնայած նախապես պլանավորած արդյունքները չեն ստանում, քանի որ պատերազմի հետևանքներն ազդում են գործի վրա, բայց ողջ ամառ աշխատում են: Ձմռանը սրճարանը ժամանակավորապես փակվում է, քանի որ գործը շատ թույլ է, սակայն այս տարվա ապրիլի սկզբից «Մուկլիմանդիլը» կրկին բացելու է իր դռներն արցախցիների և Արցախ այցելած հյուրերի առջև: Գարո Սերպեկյանը համոզված է, որ այս տարի Արցախում աշխուժությունը կվերականգնվի, և գործը մշտական բնույթ կստանա:

Գարոյի նշանածը` Սյուզաննան, արմատներով արցախցի, սակայն երևանաբնակ սրտաբան է: Նա Image may contain: 1 person, indoorնույնպեսմեծ ոգևորությամբ պատրաստ է Արցախ տեղափոխվել: Այնտեղ սրտաբանի կարիք շատ կա, և այդ առումով երիտասարդ զույգի Արցախ տեղափոխվելը մեծ ձեռքբերում կլինի նախևառաջ տեղացիների համար:

Բոլոր այն սփյուռքահայերին, ովքեր մտածում են Հայաստան վերադառնալու մասին, Գարոն պարզ խորհուրդ է տալիս` Հայաստան գալ միայն այն դեպքում, երբ պատրաստ են: «Եթե այդ գիտելիքները, փորձառությունը չունես, հոգեպես, նյութական առումով պատրաստ չես, ապա կարող ես միանգամից հիասթափվել ու հեռանալ: Իսկ եթե պատրաստված գաս՝ անպայման կստացվի»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: