Հայերեն   English   Русский  

​Ստամբուլում հարձակվել են ընդդիմադիր ակտիվիստի վրա՝ սահմանադրական փոփոխությանը դեմ լինելու համար


  
դիտումներ: 643

Թուրքիայում ընդդիմադիր Ժողովուրդների հանրապետական կուսակցության՝ Ստամբուլից պատգամավոր Բարըշ Յարքադաշը հայտարարել է, որ կուսակցության երիտասարդական թևի անդամ Մ.Դ.-ն սահմանադրական փոփոխություններին միտված հանրաքվեին դեմ հանդես գալու պատճառով հարձակման է ենթարկվել:

Ինչպես հաղորդում է թուրքական «Ջումհուրիեթ» թերթը, Յարքադաշը թվիթերյան իր էջում գրել է, որ CHP-ի երիտասարդական թևի անդամ Մ.Դ.-ն երեկ երեկոյան «Ոչ» քարոզարշավի համար պաստառ ամրացնելու ժամանակ զինված հարձակման է ենթարկվել: Վերջինս հիվանդանոցում բուժում է անցնում:

Բարըշ Յարքադաշը ընդգծել է, որ Ստամբուլի Մալթեփե թաղամասում իրականացված այդ նողկալի հարձակումը ուղերձ է, որն ուղղված է բռնապետական ռեժիմի դեմ հանդես եկողներին: «Այդ հարձակման նպատակն է լայն զանգվածներին ահաբեկելը, վախեցնելը: Այդ հարձակումն իրականացնողներն ու դրա հետևում կանգնած ուժերը թող իմանան, որ նրանց ուղերձը ստացել ենք: Ձեր ուղերիձին ի պատասխան՝ դաշտերում, հրապարակներում, փողոցներում, գործարաններում դեռևս շատ ենք «Ոչ» ասելու»,- ընդգծել է Ժողովուրդների հանրապետական կուսակցության պատգամավոր Բարըշ Յարքադաշը:

Թուրքիայի հիմնական օրենքի փոփոխության շուրջ պայքարը բևեռացրել է թուրքական հասարակությանը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցները պնդում են, որ քաղաքական և տնտեսական անկայունության խորացման ֆոնին անհրաժեշտ է իշխանությունը կենտրոնացնել նախագահի ձեռքում, մինչդեռ նրա հակառակորդները վտանգավոր են համարում ղեկավարման լիազորությունները այնպիսի մի մարդու ձեռքում կենտրոնացնելը, ով քաղաքական գործիչների, լրագրողների, գիտնականների և հասարակական գործիչների շրջանում իր ընդդիմախոսների նկատմամբ արդեն ռեպրեսիաներ է կիրառում: Թուրքիայի վարչապետը նշել է, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծը հանրաքվեի դնելու դեպքում հույս ունեն ստանալ ձայների առնվազն 70 տոկոսը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: