Հայերեն   English   Русский  

​Խոսք ընթերցողի. Ճանաչե՛ք Տիգրան Նիկողոսյանին


  
դիտումներ: 4325

Այսպես է վերնագրել իր «Դպրոցականի ուղեկիցը» (Եր., 2008) ժողովածուի հակիրճ, բայց խոսուն հրապարակումը գործընկերոջ մասին երջանկահիշատակ Ալբերտ Փարսադանյանը: Ներկայացվում է հանրապետության վաստակավոր լրագրողի, երևելի գրող-հրապարակախոսի, շիտակ մարդու, շուրջ 20 տարի երկրի հնագույն պարբերականի («Հայաստան») խմբագրի ստեղծագործական հունձքն ու վաստակը: 1980-ականներից սկսած՝ անձամբ ճանաչել եմ Տիգրան Նիկողոսյանին, ու ինձ համար առավել քան համոզիչ, սրտամոտ են նրա մասին նաև Աղվան Սուքիասյանի, Լյուդվիգ Կարապետյանի, Աստղիկ Գևորգյանի, Միսակ Թոքատյանի, Վահագն Սարգսյանի, Ֆելիքս Բախչինյանի, Գառնիկ Շախկյանի, Արտակ Ճաղարյանի և էլի շատերի խոսք-գնահատականները:

Տիգրան Նիկողոսյանի «Յոթ զրույց ամենակարևորի մասին»-ը վաղուց էր դարձել իմ սեղանի գիրքը: Հանգստյան օրերին, որպես կանոն, վերընթերցում էի այդ զրույցներից մեկը, մինչ ինձ կհասներ նրա «Ցավի և սիրո բացիկները» (Եր., 2016)՝ «Փոքրերի մասին մեծերի համար» ենթախորագրով: Յուրաքանչյուր բացիկ մի անկրկնելի դաս է, շարունակվող մի դաս՝ առանձ զանգի ու դասամիջոցի:

Ցավ ու սեր, հուշ և ապագա, պատերազմ և խաղաղություն, խոսք և գործ, հող և ջուր, սար և ձոր. այս ամենը մի գրքում են՝ իրար լրացնող ու շարունակող լուսավոր էսսեներում:

Ինձ իմ կորած մանկությունը տարավ «Հայրս ինձ ի՞նչ պիտի ասեր» հրապարակումը: Ես էլ ակամա դարձա հեղինակի հոր աշակերտներից մեկը ու պատրաստ եմ կրկնել. «Ձեր հայրիկին՝ Վոլոդյա Նիկողոսյանին, այդպես էլ ընկալում եմ՝ քուրմ, որ եկավ ու գնաց՝ թողնելով առասպել ու կարոտ» (Ն. Պետրոսյան):

Ապագան լուսավորող կենդանի զգացողություններ են արթնացնում նիկողոսյանական գնահատականները Արցախյան ազատամարտում հերոսաբար զոհված հայորդիների հանդեպ՝ համամարդկային զգացումներով վերընձյուղված «Ասք մայր հողի» և «Խրամատային եղբայրներ» էսսեններում: Հայկական գենի ճանապարհի ինքնատիպ փարոսներ են մեսրոպյան գիրը, հայկական էպոսի ոգին, Գրիգոր Նարեկացու ոսկեմատյան ողբերգությունը, Աբովյանի «Վերք Հայաստանին», որ նաև այս գրքի «Յուրաքանչյուր գիրք մի աշխարհ է կրում» և «Անցյալի ու ներկայի խաչմերուկում» էսսեներում են Տիգրան Նիկողոսյանի ուշագրավ եզրահանգումով՝ իմացիր, որ հիշողությունը թե՛ Աստծո պատիժ է, թե՛ պարգև: Մայրական անսահման սերն է գրքի էջեր բերել ու նաև մայրապատումի իր դասն է սերունդներին ավանդում Տիգրան Նիկողոսյանը («…Մայրս՝ մի մայր հասարակ»): Կարդում եմ ու աչքերիս առջև սահում են «Մայրիկը» հանրահայտ ֆիլմի կադրերը՝ առանց ձայնի, իսկ ականջիս մորս օրորոցայինի թախծոտ մեղեդին է: Էսսեի ժանրի ողջ հմայքով, խորությամբ և Նիկողոսյանի մտքի թռիչքով են ներկայանում նաև մյուս բացիկ-նամակները՝ «Բարի, գեղեցիկ, առաքինի», «Փոքրերի մասին մեծերի համար»: Տագնապ ու ցավի զգացողություններ կան «Եվ դո՞ւ Բրուտոս» խորագրով էսսեում և ոչ միայն այստեղ:

Ժողովածուն եզրափակողը «Ինչի՞ համար է ապրում մարդը» էսսեն է հայոց վեհափառի՝ Վազգեն Ա-ի «Նույնանալ ժողովրդի հետ…» պատգամով ու հեղինակի կողմից ճիշտ ապրելու սկզբունքների յուրովի բացահայտումներով. «Սիրո գինը սերն է, ամուր ընտանիքն է, հավատարմությունը քեզ ծնած արմատներին: Բոլոր բարիքների սկզբնաղբյուրը աշխատանքն է: Ազգին ծառայելը ոչ թե խոսք է, այլ պարտականություն: Խոսքի և գործի միասնությունը պիտի դառնա անբեկանելի սկզբունք»:

Իսկ ամենավերջում Տիգրան Նիկողոսյանը ընթեցողների համար բարձրաձայնում է ամենակարևորը. «Ոչ մի դեպքում չմոռանալ մարդուն մարդ պահող արժեքները, նաև ոչ մի վայրկյան չդադարել խորհել «ինչ կմնա ինձնից հետո» հարցադրման շուրջ:

Ես՝ որպես լոռեցի, կրկնակի հպարտ եմ, որ բախտ եմ ունեցել շփվելու Տիգրան Նիկողոսյանի հետ, որը հրաշալիորեն հետամուտ անմահ լոռեցու՝ Թումանյանի պատգամին՝ աշխարհին ու մարդուն նայում է բարի սրտով ու պայծառ հայացքով: Փակում եմ ժողովածուն՝ վաղվա լուսաբացին այն կրկին բացելու ակնկալիքով և երախտապարտ ընթերցողի՝ Տիգրան Նիկողոսյանի մտքի ու գրչի նոր առկայծումների սպասումներով:

Վաղարշակ Ղորխմազյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: